Կարծիք

26.06.2014 14:13


Ինչի՞ն է սպասում հայկական սփյուռքը

Ինչի՞ն է սպասում հայկական սփյուռքը

Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը մշտապես արտաբերվել է սփյուռքահայության կյանքի վրա: Նվաճումներն ու ձեռքբերումները միշտ ուրախության ու հպարտության առիթ են դարձել աշխարհի տարբեր անկյուններում իրենց կյանքը դասավորած հայերի համար, իսկ հետընթացն ու անկումը`բերել են ցավ ու տխրություն: Շատ մեծ թվով սփյուռքահայեր պարբերաբար փորձել են ազդել հայրենիքում տիրող իրավիճակի վրա, նպաստել առաջընթացին, իրենց լուման ներդնել երկրի զարգացման գործում: Մենք բազմաթիվ մարդկանց անուններ գիտենք, որոնք ահռելի նյութական օժանդակություն են ցուցաբերել ժամանակին հայրենիքին տարբեր նպատակներով: Հայրենասիրությամբ դրդված նրանք ձեռք են մեկնել Հայաստանին անցումային շրջանը հաղթահարելու համար: Որոշ դեպքերում, իհարկե, արդյունավետ, իսկ երբեմն էլ (կասեի շատ հաճախ) արտասահմանյան մեր հայրենակիցների բարիության շնորհիվ իրենց բարեկեցությունն են ապահովել բազմաթիվ պաշտոնյաներ ու հիմնադրամներ ստեղծողներ:

Ժամանակի ընթացքում սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը հասկացան, որ իրենց միջոցները ուղղակիորեն մսխվում են ձևական միջոցառումներով կամ պետական մակարդակի թալանով: Աստիճանաբար աջակցությունը պետական կառույցներին նվազեց, սփյուռքահայերը ավելի շատ ուշադրություն դարձրեցին անհատներին, բարեգործական հիմնադրամներին: Շատերը, պարզապես որևէ մեկին չվստահելով, իրենք անձամբ պարբերաբար գալիս են Հայաստան, ակցիաներ իրագործում կամ ուղղակի բարեգործություն անում ու հեռանում, լավ հասկանալով, որ նման միանգամյա գործողությունները իրավիճակ չեն փոխի, ոչինչ չեն կարգավորի և ընդամենը մեկ կամ մի քանի մասնավոր խնդիր կլուծեն:

Մինչդեռ և՛ մեր ազգի, և՛ մեր երկրի մեծ առավելություններից մեկը հենց բազմամարդ ու հզոր սփյուռքն է: Ցավոք տարբեր ժամանակներում ու հատկապես անցյալ դարի սկզբում միլիոնավոր մեր հայրենակիցներ ցրվեցին երկրագնդով մեկ: Վերջին քսանից ավելի տարիների ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ ևս ընթացքում լքեցին Հայաստանը`բարեկեցություն փնտրելով այլ երկրներում: Բայց հենց նրանք էլ դարձան այն ազդեցիկ գործոնը,որը ստիպում է բազմաթիվ պետությունների գոնե հաշվի առնել Հայաստանի խնդիրները:

Միևնույն ժամանակ միլիոնավոր դոլարները,որ ուղարկում են արտասահմանից մեր հայրենակիցները,արդար շրջանառության մեջ մտնելու,նոր բարիք ստեղծելու,միջին խավ ձևավորելու փոխարեն,գնում են մենաշնորհների կամ պարզապես գերիշխող դիրք ունեցողների ուղղությամբ: Իսկ դրսից օգնություն ստացող շարքային քաղաքացին շարունակում է ծախսել այդ գումարները առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների վրա:

Սփյուռքի հզոր պոտենցիալն օգտագործելու համար նախ և առաջ պետք է վստահություն վերականգնել,ազնիվ ու պատասխանատու մարդիկ պետք է մոբիլիզացնեն այն ռեսուրսը,որն առկա է սփյուռքում: Պետական մտածելակերպի տեր,հանրային շահը կարևորող ու ապագայի մասին մտածող անհատները պետք է հանդես գան նոր ծրագրերով,երկրի զարգացման ժամանակակից ու ռեալ առաջարկներով:

Անհրաժեշտ է համակարգել այդ հզոր կարողությունների գործածությունը,ոտքի հանելով մեր փոքր,բայց մեծ ապագայի հավակնող երկիրը`շուրջ տաս միլիոն հայի միակ բնօրրանն ու հայրենիքը:Մենք չունենք նավթ, էական ծավալների օգտակար հանածոներ,մեծ տարածություններ,այլ հարստություններ,բայց մենք ունենք ազգակիցներ,հայրենակիցներ,հայեր ու ամենակարևորը`այդ մարդկանց պատրաստակամությունը:

Շատ են արտասահմանում այնպիսիք, ովքեր պատրաստ են ոչ միայն անհատույց օժանդակել,այլև ներդրումներ իրականացնել հայրենիքում, տեղափոխել գործող բիզնեսը կամ հիմնել նորը` դրանով իսկ ուղղակի նպաստելով տնտեսության զարգացմանն ու առաջընթացին:Բայց նորից ու նորից առաջ է քաշվում վստահության հարցը:

Իհարկե պետք է քարոզչական աշխատանքներ իրականացնել,անհրաժեշտ է ներգրավել բարին կամեցող,օգնության ձեռք մեկնող ու հայրենիքի դարդով ապրող մեր հայրենակիցներին`միևնույն ժամանակ բերելով նրանց որոշումների կայացման դաշտ,ապահովելով նրանց իրական դերակատարումը բոլոր գործընթացներում և իհարկե երաշխավորելով օրինականությունն ու միջոցների նպատակային հասցեական բաշխումը: Բայց նախ և առաջ`վստահություն: Անշուշտ,դրան է սպասում սփյուռքը…

Այս խորագրի վերջին նյութերը