Մեկնաբանություն

02.09.2009 15:13


Ողբո՛ւմ եմ քեզ, հայո՛ց աշխարհ կամ երեք-զրո՝ հօգուտ Թուրքիայի

Ողբո՛ւմ եմ քեզ, հայո՛ց աշխարհ  կամ երեք-զրո՝ հօգուտ Թուրքիայի

Մինչև հիմա  մենք ասում էինք, և մեզ ասում էին, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատվելու են առանց նախապայմանների: Շատերը  հավատում էին դրան: Հավատում էին գուցե նաև այն պատճառով, որ հակառակը պատկերացնել հնարավոր չէր: Հակառակը պարզապես կիմաստազրկեր հայոց պետականությունը,  հակառակը պարզապես արյունը ջուր կդարաձներ, իսկ երկիրը՝ տնամերձ:  Այսօր կարող ենք արձանագրել, որ  իրողությունն ավելի սարսափելի է, քան վատագույն կանխատեսումները: Առկա արձանագրություններով՝  Հայաստանի Հանրապետության իշխանություններին առաջարկվում է ընդունել Թուրքիայի բոլոր երեք նախապայմանները:

         Թուրքիայի առաջին նախապայմանը մեր իրավունքների ուրացումն է և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարումը, այսինքն՝  առկա սահմանների ճանաչումը: «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրության չորրոդ կետը բավարարում է Թուրքիայի այս պահանջը:

         Թուրքիայի երկրորդ նախապայմանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելն է, այսինքն'  Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումն է միմիայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Նույն արձանագրությունը բավարարում է նաև այս պայմանը, քանի որ երկրորդ կետը, վերահաստատելով այն սկզբունքները, որոնց հիման վրա կառուցված են պետությունների հարաբերությունները, լռության է մատնում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

         Թուրքիայի երրորդ նախապայմանը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումն է: Այս նախապայմանը ևս բավարարվել է: «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»  արձանագրությունում ստեղծվելիք ենթահանձնաժողովների թվում նշված է նաև «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձանաժողովը»,  որը պետք է զբաղվի նաև «երկու ժողովուրդների միջև ... գոյություն ունեցող խնդիրների հստակեցմամբ»: Իսկ ո՞ր հարցն է ամենից խնդրահարույցը, որը կարիք ունի հստակեցման: Իհա՛րկե Հայոց ցեղասպանության հարցը:

         Ակնհայտ է, որ եթե Հայաստանն ընդունի առաջարկվող արձանագրությունները, ապա Թուրքիան ամբողջովին կստանա այն, ինչին ձգտում էր: Իսկ ի՞նչ ենք ստանալու մենք: Մի՞թե այնքան կարճատես կլինենք, որ  կօրինականացնենք Հայաստանի Հանրապետության տարածքների բռնազավթումն ու մեր ազգային գույքի բռնատիրումը Թուրքիայի Հանրապետության կողմից և  կզոհաբերենք մեր ժողովրդի ապագան:

         Եթե վերոհիշյալ արձանագրությունները ստորագրվեն,  ապա նոր Խորենացու պետք կունենանք, որ գրի. «Ողբո՛ւմ եմ քեզ, հայո՛ց աշխարհ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»:

Արա Պապյան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար

 

 

Այս խորագրի վերջին նյութերը