Կարծիք

25.06.2014 16:37


Գալիս են Սերժ Սարգսյանից տարանջատվելու կամ նրա հետ «թաղվելու» ժամանակները

Գալիս են Սերժ Սարգսյանից տարանջատվելու կամ նրա հետ «թաղվելու» ժամանակները

Փորձագիտական մակարդակով ավելի քան պարզ է, որ Սերժ Սարգսյանի աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու ներպետական մանևրելու բոլոր հնարավորությունները սպառված են, ու որքան էլ իրեն պատեպատ խփի՝ նրա հարցերը լուծված են:

Իսկ բիրտ ուժով իշխանության մնալը նրա պարագայում ուղղակի բացառվում է: Ոչ թե որ նա հումանիստ է և մարդկային կյանքի գնով աթոռ չի պահի (չմոռանանք, որ նա նախագահ դարձավ մարտի 1–ի միջոցով և անձամբ էր ղեկավարում արտակարգ շտաբը), այլ որ այդքան ռեսուրս չունի և վախենում է, որ հրամանները չեն կատարվի։
Մնում է խաղաղ իշխանափոխությունը, որի պարագայում, եթե Սերժն իրեն նորմալ պահի, ապա կարելի է նրան մեծահոգաբար թողնել, որ Բորիս Ելցինի նման այս տարեվերջյան ուղերձով շնորհավորի ու հեռանա։ Դրանով իսկ նոր տարին դարձնի մեր ժողովրդի համար իսկական տոն, հաջորդ տարին էլ՝ դրական սպասումների տարի:

Այսինքն այսօր արդեն կարող ենք համարել Սերժ Սարգսյանի էջը փակած։ Ինչ մնում է ՀՀԿ–ին, ապա այստեղ խայտաբղետ պատկեր է։ Կան առողջ, անառողջ և միջանկյալ թևեր։

Անառողջները Սերժ Սարգսյանին փարավոն դարձնողներն են, որոնք գնալու տեղ չեն ունենալու (դրանց որևէ մեկը չի ընդունի) և մինչև վերջ չեն հավատալու փարավոնի «մահվանը»։ Սրանք «կթաղվեն» «հանգուցյալի» հետ։
Կուսակցական ակտիվիստների մի ստվար զանգված հարմար պահի լքելու է «խորտակվող նավը»՝ բարեխիղճ առնետի պես:

Ինչ վերաբերում է առողջներին, ապա նրանք որոշակի քավարանով կանցնեն ու կզտվեն։ Քավարանից «չոր» դուրս գալու կարևոր նախապայմանն այս կամ այն կերպ դիրքորոշում ցուցաբերելն է։ Սերժ Սարգսյանից դիստանցավորվելուց մինչև կոնկրետ կարծիք հայտնելը շատ կարևոր է։ Ի վերջո, երկրում այնպիսի վիճակ է, որ բոլորը պետք է կողմնորոշվեն։ Այլապես հետո ուշ կլինի։

Կաթոլիկ եկեղեցում պսակադրության ժամանակ մի հրաշալի միտք է հնչում. «Նա, ով դեմ է այս միությանը` թող ասի հիմա, այլապես՝ լռի ընդմիշտ»: Մեր հասարակության ընկալումները քաղաքական միությունների ու նրանցում մարդկային հարաբերությունների հարցում համահունչ են այս ձևակերպմանը, ինչի համար էլ հիշեցրեցի այն, քանի որ առանձնապես լավ չենք ընդունում, երբ որևէ մեկը հլուհնազանց ծառայելով իր ղեկավարին, նրա հեռանալուց հետո բլբուլ է կտրում ու նրա մասին ինչ վատ բան ասես խոսում:

Այնպես որ. եկել է խոսելու ժամանակը, այլապես ստիպված եք լինելու լռել ընդմիշտ:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1433582976913485&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը