Հարցազրույց

02.09.2009 15:09


Գեղամ Բաղդասարյան

Գեղամ Բաղդասարյան

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև օգոստոսի 31-ին ստորագրված երկու արձանագրությունները։

-Միանշանակ գնահատում եմ որպես շատ վտանգավոր փաստաթղթեր։ Կիսում եմ գաղափարակից ընկերոջս՝ Մասիս Մայիլյանի այն տեսակետը, որ արձանագրություններում այս կամ այն չափով արտացոլված են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար նախկինում թուրքական կողմի առաջադրած նախապայմանները՝ լրիվությամբ կամ էլ մասամբ։

Մտածող ու խորաթափանց յուրաքանչյուր մարդ կարող է նկատել տողամիջի ու տողատակի բոլոր վտանգները։ Չնկատի էլ՝ լուրջ կասկածների ու անհանգստանալու տեղիք է տալու նաև արձանագրությունները հայ հանրությանը մատուցելու ձևը և հանրային ու հրապարակային ազատ քննարկումներից խուսափելու միտումը։ Հասարակ մի օրինակ՝ սեպտեմբերի 1-ին նայում էի «Հայլուրը» և ապշում կարևոր այս իրադարձության մեկնաբանման ձևաչափից։ Ներկայացվում էր միայն մի կարծիք, խոսում էին միայն մի կարծիքի կրողներ։ Եվ դա այն ժամանակ, երբ հանրային կարծիքի ներկապնակը շատ ավելի բազմագույն ու բազմաշերտ է։ Ոչ մի խոսք չասվեց դեպքերի թարմ հետքերով արված ՀՅԴ-ի ու ՀՌԱԿ-ի, «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության, մի շարք փորձագետների հայտարարությունների ու կարծիքների մասին, մինչդեռ դրանցում բավականին լուրջ վերլուծություններ ու բավականին կոշտ գնահատականներ են տրվել։ Իշխանություններից ու իշխանամետ շրջանակներից տարբերվող կարծիքները հանրությունից քողարկելը ևս մի ապացույց է այն բանի, որ փաստաթուղթը, մեղմ ասած, այնքան լավը չէ, որքան ներկայացնում է իշխանական քարոզչամեքենան։

Ամեն ինչից զատ՝ մարդկային տրամաբանությունից ու բարոյականությունից դուրս է այն հանգամանքը, որ ցեղասպանություն իրականացրած երկիրն է նախապայմաններ առաջադրում, այն էլ՝ ցեղասպանության հարցում, այն էլ՝ ցեղասպանություն կրած ժողովրդին, որը, պարզվում է, ոչ մի նախապայման չունի՝ բացի իրեն ցեղասպանության ենթարկած երկիր ազատ մուտք գործելը։

Ինձ միշտ էլ տանջել է այն հարցը, թե ինչումն է թուրքական դիվանագիտության մշտական հաջողությունների ու հայկական դիվանագիտության պերմանենտ անհաջողությունների գաղտնիքը։ Ի վերջո, երբեք էլ մեր ինտելեկտուալ ներուժն ու հմտությունները նվազ չեն եղել։ Ըստ իս՝ ամբողջ գաղտնիքը նրանում է, որ թուրք առաջնորդները միշտ էլ իրենց արտաքին-քաղաքական պետականանպաստ գործունեության շնորհիվ են անձնական քաղաքական կապիտալ շահել երկրի ներսում, իսկ մերոնք միշտ էլ երկրի հաշվին են անձնական քաղաքական կապիտալ շահել ներսում ու դրսում։

-Արդյո՞ք այդ արձանագրություններում ամրագրված դրույթները չեն կապվում ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Մասնավորապես, ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ արձանագրությունների ստորագրմանը նախորդած և հաջորդած օրերին Թուրքիայի բարձրատիճան պաշտոնյաները հերթական անգամ բարձրաձայնեցին ԼՂ հիմնահարցի արագ կարգավորման մասին։

-Արձանագրությունների նկատմամբ հիմնականում բացասական կարծիք արտահայտած մի շարք փորձագետներ դրական են համարում այն հանգամանքը, որ դրանցում բացակայում է հայ-թուրքական հարաբերությունների բնականոնեցման և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջև անմիջական կապը։ Անձամբ ես համաձայն չեմ նման եզրահանգման հետ, քանի որ նշյալ դրական  հանգամանքը որոշակիորեն մթագնվում է արձանագրությունների այն կետով՝ ըստ որի վերահաստատվում են այլ պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու երկկողմ և բազմակողմ պարտավորությունները։ Սույն կետն այնպիսի բառամթերքով է ձևակերպված, որը կասկած անգամ չի թողնում, որ խոսքն Ադրբեջանին է վերաբերում։

Ասում են՝ այս կետը չի վերաբերում Ադրբեջանին։ Սույն կասկածը փարատելու ամենահեշտ ձևը պարզելն է, թե ում նախաձեռնությամբ է այս կետն ընդգրկվել արձանագրություններում։ Ինձ համար պարզից էլ պարզ է, որ սրա հեղինակը թուրքական կողմն է, այլապես պարզապես զավեշտ կլիներ, որ հենց հայկական կողմը պնդեր անպայման ներառել սույն կետը, որում առնվազն երկիմաստ ու մեզ համար վտանգավոր դրույթ կա։ Եթե խոսքը երրորդ երկրներին է վերաբերում, ապա, ասենք, տրամաբանական կլիներ, որ հայկական կողմը պնդեր, որ փաստաթղթում ներառվեն ազգերի ինքնորոշման սկզբունքը հարգելու երկկողմ և բազմակողմ պարտավորությունները։ Սա հասկանալի կլիներ, և դժվար թե որևէ մեկը շփոթեր, որ սա թուրքական կողմի առաջարկով է ընդգրկվել։

Իսկ թուրքական կողմը կասկածի տեղիք չի էլ տալիս՝ թարմ հետքերով իր մեկնաբանություններում անհասկացողներին ևս մի անգամ բացատրելով, որ խոսքը հենց Ադրբեջանի ու նրա տարածքային ամբողջականության մասին է, ինչին Թուրքիան հետամուտ է լինելու ըստ ամենայնի։

-Ձեր կարծիքով այս տարի ի՞նչ զարգացումներ են հնարավոր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում և հայ-թուրքական հարաբերություններում։

-Այն, որ այս երկու գործընթացներն իրականում փոխկապակցված են. գոնե ինձ համար արդեն կասկած չկա։ Այդ փոխկապակցվածությունը եթե անգամ բացահայտ ու փաստաթղթերում ամրագրված չէ, ապա գոնե ներքին տրամաբանության ու պայմանավորվածությունների շրջանակներում է։ Դատելով հանրությանը ներկայացված երկու կարևորագույն փաստաթղթերի՝ Մադրիդյան սկզբունքների ու արձանագրությունների բովանդակությունից՝ դրական որևէ բան ակնկալելը դժվար է։ Իսկ թե դրանցում առկա վտանգները երբ կվերաճեն իրական սպառնալիքների, ցույց կտա ժամանակը։

-Ղարաբաղի քաղաքական շրջանակներում ինչպիսի՞ն է ստորագրված արձանագրությունների վերաբերյալ արձագանքը։

-Առիթ ունեցել եմ ցավով փաստելու, որ Ղարաբաղում չկա մշտական ռեժիմով գործող քաղաքական դաշտ։ Այսօր էլ մի քանի փորձագիտական կարծիքներից բացի ուրիշ բան չի հնչել։ Ամենայն հավանականությամբ, այս թեման ևս հրատապ չի լինի մեզ մոտ։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

 

Այս խորագրի վերջին նյութերը