Լրահոս

25.06.2014 10:04


ԲՀԿ-ի ներկայացուցիչը հնարավոր է համարում Ռոբերտ Քոչարյան-քառյակ համագործակցությունը

ԲՀԿ-ի ներկայացուցիչը հնարավոր է համարում Ռոբերտ Քոչարյան-քառյակ համագործակցությունը

«Ազատության» հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համոզմունք հայտնեց, թե Ռոբերտ Քոչարյան - քառյակ համագործակցությունը հնարավոր է:

«Ողջունում եմ և շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը, ունենալով երկարատև կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ և ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին, ինքը գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է», - ասաց Մարգարյանը` հավելելով, որ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորություն տեսնում է.

«Բայց սա արդեն ապագայի խնդիր է: Ես կարծում եմ, ով կիսում է քառյակի մոտեցումները, քառյակի նշած խնդիրները և դրանք լուծելուն ուղղված ջանքերը, բոլորի հետ պետք է համագործակցել»:

Անդրադառնալով հնչող այն տեսակետներին, թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ցույց է տալիս, որ նա ազդեցություն ունի քաղաքական գործընթացների, այդ թվում քառյակի վրա` Մարգարյանը հավաստիացրեց, որ այս պահին «Քոչարյանը քառյակի հետ հարաբերություններ չունի»: Դիտարկմանը, թե շատերը պատահական չեն համարում, որ երկրորդ նախագահի և քառյակի մոտեցումները համընկնում են, պատգամավորն արձագանքեց.

«Դա նշանակում է մի բան` քառյակը ճիշտ ուղու վրա է, ճիշտ է մատնանշել այն խնդիրները, որոնց մասին խոսում են բոլորը և այդ թվում նաև Քոչարյանը»:

ԲՀԿ-ի ներկայացուցիչը չի կիսում Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչող քննադատությունը, թե նա իրավունք չունի խոսելու, քանի որ բոլորը հիշում են իր պաշտոնավարման տարիներին կնքված կասկածելի գործարքներն ու կոռուպցիայի մակարդակը. «Ես համաձայն չեմ, որ ոչ թափանցիկ գործարքներ են եղել այն ժամանակ: Եթե ինչ-որ ժամանակ նույնիսկ ինչ-որ բան տեղի ունեցած լինի, կարծում եմ, երկիրը դատապարտված չէ կրկնելու նույնը, չէ՞: Ես կարծում եմ, որ եթե Քոչարյանը խոսում է այդ մասին, ուրեմն ինքը վստահ է, որ իր ժամանակ համենայն դեպս այդ աստիճան չի եղել»:

Այս խորագրի վերջին նյութերը