Մեկնաբանություն

25.06.2014 15:55


Սահմանադրական փոփոխության հարցում Սերժ Սարգսյանի հերթական նահանջը

Սահմանադրական փոփոխության հարցում Սերժ Սարգսյանի հերթական նահանջը

Հունիսի 24-ին Սերժ Սարգսյանը առաջարկել է հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել առնվազն երեք ամսով: Սա նշանակում է, որ սահմանադրական փոփոխությունների հարցում Սարգսյանը կատարել է հերթական նահանջը: Ավելի վաղ նա հանրային քննարկումների վերջնաժամկետ էր նշանակել հուլիսի 1-ը, սակայն քաղաքական ռեսուրսի բացակայության և հիմնական քաղաքական ուժերի կոշտ արձագանքի պայմաններում ստիպված հետաձգեց հանրային քննարկումները առնավազն երեք ամսով:

Սահմանադրական «բարեփոփոխումների» մասին պաշտոնապես հայտարարելուց հետո Սարգսյանը հնարավորինս փորձում էր իր անձից հեռացնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Դրա համար նա հայտարարել է, որ ներկայիս կառավարման մոդելն իր համար ավելի ընդունելի է: Բայց պարզաբանում չի տվել, թե այդ դեպքում ինչո՞ւ է նախաձեռնում սահմանադրական փոփոխություններ, եթե ներկայիս մոդելը իր համար ընդունելի է:

Իրականում Սարգսյանի համար ներկայիս մոդելը ընդունելի չէ, քանի որ չի կարող վերարտադրել իր իշխանությունը: Սահմանադրությունը նրան «կաղ բադիկ» է դարձրել, ու հիմա նա փորձում է դուրս գալ այդ վիճակից։

Սերժ Սարգսյանը լավ հասկանում է, որ չունի հանրային աջակցություն: Նաև դա է պատճառը, որ նա փորձում է իր անձից հեռացնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը, որպեսզի իր բացասական իմիջը չազդի հանրությանը խաբելու փորձի վրա: Խաբելու, որովհետև սահմանադրական փոփոխությունները կատարվում են Սարգսյանի նեղ շահերի սպասարկման համար, իսկ ներկայացվում են որպես հանրային պահանջ:

Սարգսյանը առաջին մարդը չէ, ով ցանկանում է «մայր օրենքում» փոփոխություններ կատարել՝ իր իշխանությունը վերարտադրելու համար: Պատմության ընթացքում նման շատ դեպքեր են եղել:

Հետաքրքիր է հիշել Ավգուստո Պինոչետի փորձը: Վերջինս երկու անգամ նախաձեռնել է մայր օրենքում փոփոխություններ կատարելու գործընթաց: Առաջինի դեպքում հաջողության է հասել և երկարացրել է իր իշխանությունը, երկրորդի դեպքում, երբ ցանկանում էր երկարաձգել իր իշխանությունը ևս 8 տարով, ձախողել է: Պինոչետն իր երկրի համար և՛ դրական, և՛ բացասական դերակատարում է ունեցել։ Դրականն այն է, որ նա կարողացավ ազատական տնտեսական մոդելի հիմքերը դնել։ Բացասականը հիմնականում վերաբերում է մարդու իրավունքների ոլորտում նրա գործունեությանը։

Սարգսյանն այժմ ուզում է Պինոչետի նման երկարաձգել իր իշխանությունը, և դա անելու միակ տարբերակը սահմանադրական փոփոխություններն են: Բայց ի տարբերություն Պինոչետի, նա որևէ բարեփոխում չի արել, որևէ դրական բան երկրի համար չի հաջողացրել։ Սարգսյանի արդյունքները բասացական են։ Եվ այս պայմաններում վերարտադրվելու խնդիր դնելը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։

Եթե Սարգսյանի նպատակը իսկապես լիներ սահմանադրական փոփոխությունների միջոցով առավել արդյունավետ կառավարման համակարգի ստեղծումը, ապա այսօր էլ նա կարող է գործել օրենքի տառին ու ոգուն համապատասխան ներկայիս Սահմանադրության շրջանակներում:

Բերեմ թարմ օրինակ։

Հունիսի 21-ին Աժ-ում տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀԿ-ականները բազմիցս խախտել են օրենքներ, իսկ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական քննարկումն ու քվեարկությունը անցկացրել են կանոնակարգի խախտումներով: Սարգսյանի կառավարության կողմից նախաձեռնած կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենքը, որին, ըստ Սերժ Սարգսյանի, դեմ է հանրության 80 տոկոսը, ընդունվեց խախտումներով, որի հովանավորն է նույն ինքը՝ Սարգսյանը: Սա շատ թարմ օրինակ է, թե ինչպես է խախտվում օրենքը և այստեղ գործող Սահմանադրությունը, պատկերավոր ասած, մեղավոր չէ։

Սահմանադրական փոփոխությունները Սարգսյանի անձնական շահերի համար են։ Սարգսյանի հաղթանակը հավասար է հանրության կորուստներին, իսկ հանրության հաղթանակը հավասար է Սարգսյանի կորուստներին: Այսինքն՝ մենք ունենք «կամ, կամ» վիճակ։ Կողմերի շահերն այնքան հակադիր են, որ «և, և» հնարավոր չէ։

Սահմանադրական փոփոխությունները Սարգսյանի անձնական շահերի համար են, բայց ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ այս պահին նա տեղի է տվել ճնշումներին և որոշել է հետաձգել իր պլանները:

Անհրաժեշտ է արձանագրել, որ Սարգսյանը նահանջ է կատարել սահմանադրական փոփոխությունների գործընթացում: Իսկ դա նշանակում է, որ պետք է շարունակել ճնշումները, որպեսզի Սարգսյանը վերջնականապես հրաժարվի սահմանադրական փոփոխությունների գաղափարից, ինչն էլ կհեշտացնի նրան պաշտոնազրկելու գործը:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը