Կարծիք

22.06.2014 11:25


Էդվարդ Անտինյան. «Պայքարը պետք է տեղափոխել բաց դաշտ՝ Ազատության հրապարակ»

Էդվարդ Անտինյան. «Պայքարը պետք է տեղափոխել բաց դաշտ՝ Ազատության հրապարակ»

Երեկ իշխող քաղաքական ուժը բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով, ԱԺ կանոնակարգ օրենքի բազմաթիվ խախտումներով անցկացրեց պարտադիր կուտակայինի պարտադրված տարբերակը, ինչի առիթով «քառյակն» արդեն հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, որին միացել է նաև ՕԵԿ-ը:

Ի՞նչ եզրակացության ենք գալիս սրանից:

Նախ. Սարգսյանի վարչակազմի պատրաստակամությունը՝ համագործակցել ոչիշխանական ուժերի հետ, մեղմ ասած անհաջող բլեֆ էր: Իշխանությունները համագործակցել հասկանում են միայն այն, երբ որևէ հարցում իրենց հետ համաձայնվում են, իսկ իրենք պատրաստ չեն անգամ մի միլիմետր զիջել՝ հանուն ժողովրդի:

Հօդս ցնդեցին «կուտակայինի» փոփոխված տարբերակի շուրջ իշխանության ու ոչիշխանական ուժերի կոնսենսուսի գալու նոր կառավարության «բարի» ցանկությունները, քանի որ այս օրինագիծն անգամ հանրային քննարկման չդրվեց, ու առանց «քառյակի» հետ համաձայնվելու հարցը մտցրեցին արտահերթ նստաշրջանի օրակարգ:

Ի դեպ, կուտակայինի հարցում հանրային մեծ դժգոհության պատճառով, «քառյակի» ու քաղաքացիական ուժերի համախմբված պայքարի արդյունքում փոխվեց նախկին վարչապետը, իսկ այսօր այս քայլով Սերժ Սարգսյանն ասում է՝ պետք լինի մյուսին էլ կփոխեմ, բայց «երկար» փողերից չեմ հրաժարվի:

«Քառյակի» 12–կետանոց հայտարարություն-պահանջի կատարման տեսանկյունից սա առաջին լուրջ քննությունն էր, ինչն անհաջող ավարտ ունեցավ։ Վերջնական պատասխան տրվեց՝ «Պատրա՞ստ եք արդյոք բարեփոխումների» հարցին: Այսօր վերջնականապես ապացուցվեց, որ ոչ՝ պատրաստ չեն:

Հիմա ո՞ւմ համար պարզ չի, թե ինչ նպատակով է Սարգսյանը ցանկանում քաղաքական ուժերին ներքաշել սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեջ:

Եթե հասարակությունը հանդուրժի իշխանությունների այսօրվա լկտիությունը, որով անցկացրեցին «կուտակայինի» օրենքը, ապա սահմանադրական փոփոխություններն էլ են այս ձևով անցկացնելու, որպեսզի իրենց վերարտադրությունը ապահովեն:
Այն որ Սարգսյանն այրել է կամուրջները ոչիշխանական ուժերի ու նաև մեր հասարակության հետ ընդհանրապես՝ նորություն չէ, ուղղակի որոշ անհույս լավատեսների մոտ մի թեթև հույս էր մնացել, թե կարող է նոր իրավիճակում փորձ արվի վերականգնել այրված կամուրջները կամ նորը կառուցվի: Համոզված եմ, որ հիմա արդեն այդ վերջին հույսն էլ այրվեց:

Իշխող քաղաքական ուժը դեմ է դուրս եկել ողջ ժողովրդին, իսկ իրականում մի հոգին տիրացել է երկրի ողջ իշխանությանը ու մենակ է դեմ դուրս եկել բոլորին:
Մարտավարական տեսանկյունից գուցե կարելի է դիմել ՍԴ և փորձել անօրինական ճանաչել այսօրվա քվեարկությունը «կուտակայինի» հետ կապված, բայց, կարծում եմ, ամբողջական իշխանափոխության ռազմավարական ծրագրի ճանապարհանին քարտեզը պետք է գործարկել հենց այսօրվանից, որի առաջին քայլին մղեց Սերժ Սարգսյանը:

Դե ինչ. վիճակը նետված է, հետդարձի ճանապարհ չկա, ու, անկեղծ ասած՝ ընտրելու տարբերակ էլ չկա: Պայքարը պետք է, հետևաբար, տեղափոխել բաց դաշտ՝ Ազատության հրապարակ՝ չմոռանալով, իհարկե, իշխանական բուրգի ներսում էրոզիայի խորացմանը նպաստելը։

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202433246734992

Այս խորագրի վերջին նյութերը