Քաղաքական

21.06.2014 15:35


«ՀՀԿ–ի լկտի գործողությունները՝ բումերանգի էֆեկտով, կպնելու են իրենց». քառյակն ԱԺ արտահերթը կբոյկոտի

«ՀՀԿ–ի լկտի գործողությունները՝ բումերանգի էֆեկտով, կպնելու են իրենց». քառյակն ԱԺ արտահերթը կբոյկոտի

ԱԺ ոչիշխանական քառյակի համատեղ հայտարարությունից հետո ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պարզաբանել է, թե ինչու քաղաքական մեծամասնությունը կուտակայինի մասին Կառավարության նոր օրինագիծը հանրային քննարկման չդրեց։

–Իշխանությունները հասկացան, որ լայն հանրային քննարկման արդյունքում միակ բանը, որ կպարզվեր, հանրության 80%–ի դեմ լինելն է։ Այսինքն, այդ քննարկումը միայն կբացահայտեր հանրության կողմից այս օրենքի մերժումը։ Ուստի, որոշեցին զոռբայությամբ ու հենց ամռանը (քանի որ գիտեն` ամռանը դժվար է հանրահավաքներ անցկացնելը), և մի շարք օրենքների քողածածկույթի տակ՝ «շտամպովկայով» բերել և անցկացնել,–ասել է Լ. Զուրաբյանը։

Նրա խոսքերով՝ այս ամենից մեկ եզրակացություն կարելի է անել՝ քաղաքական մեծամասնությունը չի հարգում ո՛չ ժողովրդին, ո՛չ օրենքը, և ո՛չ էլ պառլամենտարիզմի սկզբունքը.

–Իսկ եթե այդպես են վարվում, ուրեմն՝ ինչ ցանել են, այն էլ կհնձեն։ Նրանք անցան ակնհայտ լկտիության, դրա համար էլ դուրս եկանք դահլիճից, իրենց չլսողի–չտեսնողի տեղ են դնում։ Խնդիր էր դրված՝ ինչ ուզում է լինի՝ օրենքի, կանոնակարգի խախտումով, անցկացնել օրենքները։ Իրենց լկտի գործողությունները՝ բումերանգի էֆեկտով, կպնելու են իրենց։

Զուրաբյանն ընդգծել է ՝ չի՛ կարելի անարգել օրենքները և հետո մտածել, որ ամեն ինչ սահուն է անցնելու.

–Սա նշանակում է, որ մեր դիրքորոշումներն աշնանը շատ ավելի կոշտ են լինելու։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշել է, որ քաղաքական մեծամասնությունն արդեն խոսում է բացարձակապես ուժի դիրքերից՝ խախտելով ԱԺ կանոնակարգը։

–Մենք էլ ստիպված ենք համարժեք կերպով պատասխանել։ Այն ճգնաժամը, որ այսօր ստեղծվեց խորհրդարանում, քաղաքական մեծամասնության պահվածքի հետևանք է,–ասել է Ռ. Հակոբյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով էլ՝ այս ճգնաժամային իրավիճակը կանոնակարգելու անհրաժեշտություն է առաջ է բերում, որ, օրինակ, առանց հստակ ընթացակարգերը պահպանելու՝ նախաձեռնություններն ԱԺ–ում չքննարկվեն.

–Նաև օրենսդրորեն պետք է կանոնանկարգենք, որ ինչ–որ մեկը չասի՝ ինքն է որոշում, թե ինչպես պետք է քննարկեն։ Եվ եթե ընթացակարգերը խախտվում են, ապա խախտումների համար ի՞նչ հստակ մեխանիզմներ պետք է կիրառվեն։

ՀՅԴ–ն էլ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան և համապատասխան առաջարկությունը կներկայացնի նաև քառյակին։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ քաղաքական մեծամասնությունը, լինելով շատ փխրուն սահմանային վիճակում, անցնում է կացնային մեթոդների՝ զոռով անցկացնելով օրենքները։

–Քաղաքական մեծամասնությունը ոչ թե փորձում է համախմբել հանրությանը՝ փորձելով լուծումներ գտնել երկրի առաջ ծառացած խնդիրների հարցում, այլ հանրության մեջ հիասթափություն է առաջացնում։ Մեր խմբակցությունում մտադրություն կա դիմել ՍԴ՝ և՛ կուտակայինի օրենքի սահմանադրականությունը վիճարկելու առումով, և՛ նաև օրենքը բերելու, ԱԺ կանոնակարգը խախտելու հիմքերով,–ասել է Ա. Վարդանյանը։

Նշվել է նաև, որ քառյակն այսօր կբոյկոտի ԱԺ արտահերթ նիստը, որը, ի դեպ, շարունակվելու է մինչև օրակարգային հարցերի սպառվելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը