Կարծիք

21.06.2014 14:18


Մերի Մովսիսյան. «Առաջարկում ենք արժանապատիվ հեռանալ»

Մերի Մովսիսյան. «Առաջարկում ենք արժանապատիվ հեռանալ»

Ամենաքիչը 12 քաղաքացիական շարժում ամբողջապես պետք է աչքի տակ ունենան Կառավարությունն ու իշխանությունը։
Թե ինչպես է պատկերացնում իշխանությունն այդ շարժումների հետ պայքարը, դժվար է ասել։ Սակայն սա այն հարցերից մեկն է, որը պետք է օրակարգային դառնա վերջինիս համար։ Սա անհրաժեշտ է իշխանությանը գոնե մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները դիմանալու համար. հակառակ դեպքում՝ «նահապետի աշունը» «խորհրդարանական գարունից» շուտ կգա։ Մյուս կարևոր խնդիրը, որի մասին պետք է մտածի արդեն նախագահականը, սահմանադրական փոփոխություններից հրաժարվելն է։

Եթե նախագահականում դեռևս կարողանում են առանց հասարակության գոնե 80%–ի կարծիքը հաշվի առնելու՝ ԱԺ–ում կանոնակարգ օրենքի խախտումով օրինագծեր անցկացնել, և ինչ–որ չափով ճնշել քաղաքացիական շարժումները, ապա սահմանադրական փոփոխություններին գնալու դեպքում կբախվեն քաղաքական բևեռի ճնշման։ Սահմանադրական փոփոխություններն անցկացնելու նախագահականի ցանկացած փորձ քաղաքական զարգացում է ստանալու՝ նրա համար բացասական արդյունքով։

Ի տարբերություն այլ երկրների (օրինակ՝ Լիբիայի, Եգիպտոսի, Ուկրաինայի)՝ Հայաստանում հասարակությունը և քաղաքական ուժերը միտված են անցնցում իշխանափոխության։ Ոչիշխանական ուժերը ոչ մեկ անգամ են նշել, որ տրվելու է երաշխիքների փաթեթ, ու ստեղծվելու է «մարդասիրական» միջանցք ինքնակամ հեռացման դեպքում։ Իշխանափոխության նման ժողովրդավար ու մարդասիրական պայմաններ հնարավոր չէ գտնել քաղաքական պրակտիկայում։ Հիշեցնեմ, որ քառյակի կողմից նախաձեռնած շուրջօրյայի միայն գաղափարից իշխանությունը վարի տվեց տխրահռչակ Տիգրան Սարգսյանին։ Հաջորդ նմանատիպ նախաձեռնությունը քառյակի կողմից լինելու է Հայաստանի քաղաքական կյանքում բեկումնային։ Եթե անգամ ենթադրենք, որ քառյակը չի գնա նման քայլի, ապա հասարակության սոցիալ–տնտեսական լարվածությունը պարփակվելու է Բաղրամյան 26-ում։ Այս դեպքում ոչ մի քաղաքական ուժ չի կարող կասեցնել հասարակության մեջ առկա հեղափոխական ցասումը։ Հիշեցնեմ, որ Երևանում բնակվում է մեկ միլիոն մարդ, դրա կեսն էլ բավարար կլինի քաղաքական փոփոխությունների հասնելու համար, առավել ևս, երբ ազգի կեսը կիսասոված է։ Սա՝ զուտ իրազեկման կարգով։

Ասվածից վախենալու ու սարսափելու կարիք չկա. պարզապես պետք է հետևություններ անել։

Ի դեպ, տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի երեքին անդամակցելու ենք Եվրասիական տնտեսական միությանը։ Եթե երկրի ներսում միակ պահանջը քաղաքական ու սոցիալ–տնտեսական իրավիճակի բարելավումն է (առանց, ինչպես ասում են, «ничего личного»), ապա երկրի առաջին դեմքը թող պատրաստ լինի մշտական նվաստացման ԵՏՄ անդամ պետությունների կողմից։ Առավել ևս, որ նրանց շահերն ու հետաքրքրությունները հիմա հարևան Ադրբեջանի դաշտում են։ Մենք առաջարկում ենք արժանապատիվ հեռանալ, թե չէ, մնալն ու նվաստանալը կան ու կան։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը