Քաղաքական

21.06.2014 12:04


Կուտակայինը «զոռով» անցկացրեցին. ոչիշխանական ուժերը լքեցին դահլիճը (տեսանյութ)

Կուտակայինը «զոռով» անցկացրեցին. ոչիշխանական ուժերը լքեցին դահլիճը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀԿ–ն այսօր ևս քվորումի խնդիր ուներ, սակայն ոչիշխանական ուժերի պնդմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կանոնակարգը խախտելով՝ անցկացնում էր հարցերը։

Նույնը պատկերը եղել է նաև կուտակային կենսաթոշակների մասին Կառավարության նոր նախագծի դեպքում։ Այն ՀՀԿ–ականներն ընդունել են 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով։ Ոչիշխանական խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ընդգծել է, որ տղամարադկությունն օրենքը խախտելու մեջ չէ։

ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ պնդել է, որ քվեարկության պահին ԱԺ դահլիճում միայն ՀՀԿ–ականների և անկախ պատգամավորների թիվը 64 է եղել։

Մեղադրանքներ հնչեցին նաև, որ ՀՀԿ–ական Սպարտակ Մելիքյանը քվեարկել է ուրիշի փոխարեն։ Սա նրան շատ է վրդովեցրել, ով հակադարձել է.

–Եթե որոշ մարդիկ կան, որ տեսողության հետ կապված խնդիրներ ունեն, ապա կարող են գնալ հիվանդանոց։ Կամ եթե որևէ մեկը կասկածում է իմ տղամարդկության վրա, տղամարդկությունն ապացուցելու առանձին տեղեր կան, ես առաջարկում եմ այնտեղ ապացուցել իմ տղամարդկությունը։

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկել է ՀՅԴ–ին հաշվետարի դեր տալ։

–Կանգնե՛ք շարքերում, հաշվե՛ք, կարծում եմ՝ մինչև 67–ը կարող եք հաշվել։ Չի՛ կարելի ավանտյուրաների դիմել,–ասել է Վ. Բաղդասարյանը։

–Ավանտյուրիստն այն մարդն է, ով նման հայտարարություններ է անում,–արձագանքել է Ա. Միանսյանը։

Այս ամենից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ուշադրություն է հրավիրել, որ քառյակի ուժերը և անկախ պատգամավորները դե՛մ են Կառավարության ներկայացրած կուտակայինի այս օրինագծին, բայց չեն քվեարկել, որ օրենքը չանցնի։ Լ. Զուրաբյանը նաև 20 րոպե ընդմիջում է խնդրել, բայց Գալուստ Սահակյանը չի տվել։

Այս քայլը վրդովեցրել է ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանին, ով հայտարարել է, որ ԱԺ–ում երբեք իրեն այսքան նվաստացած չի զգացել։

–Չի կարելի այսպես վարվել, չէ՞։ Երբ որ մեր իրավունքի մեջ է 20 րոպե ընդմիջում վերցնելը, ինչո՞ւ չեք տալիս։ Այն օրենքը, որ անցկացրեցիք այդ ձևով, գիտեք, որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է։ Չե՞ք գիտակցում դա։ Մենք կարիք ունենք 20 րոպե ընդմիջման՝ որոշելու, թե ինչ ենք անում,–նշել է Վ. Օսկանյանը, սակայն Գ. Սահակյանը ընդմիջում կրկին չի հայտարարել։

Երբ ԱԺ–ն քվեարկություններից անցել է օրակարգային հարցերի քննարկմանը, ՀՀԿ–ականների մի զգալի մասը, ավանդույթի համաձայն, շտապել է դուրս գալ դահլիճից։

–Տեղերում նստե՛ք, էդպես հախուռն մի՛ գնացեք։ Մենք օրվա վերջում քվեարկություն ունենք, ժամը 5–ին էստե՛ղ լինեք,– իր հորդորներն այդպես էլ անտեսող և դահլիճից սահուն դուրս եկող ՀՀԿ–ականներին է դիմել ԱԺ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը