Լրահոս

21.06.2014 11:27


Գալուստ Սահակյանի մոտ լսողության և տեսողության խնդիրներ են առաջացել

Գալուստ Սահակյանի մոտ լսողության և տեսողության խնդիրներ են առաջացել

Այսօր շարունակվող ԱԺ արտահերթ նիստը սկսելուց առաջ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է ողջ օրվա ընթացքում շարունակել նիստը, մինչև չսպառվեն օրակարգային հարցերը։ Այս հայտարարությունից անմիջապես հետո ոչիշխանական խմբակցությունների ներկայացուցիչները վարման կարգի վերաբերյալ մի քանի անգամ ձայնի իրավունք են խնդրել, սակայն Գալուստ Սահակյանը չլսելու է տվել։

Անտեսել է նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պահանջը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ տրամադրել 20 րոպե ընդմիջում։

Այնուհետև Գալուստ Սահակյանը, մինչև օրակարգի սպառումը, նիստը շարունակելու հարցը դրել է քվեարկության, սակայն պարզվել է, որ ՀՀԿ–ն կրկին քվորում չունի. կողմ է քվեարկել ընդամենը 59 պատգամավոր։ Ոչիշխանական խմբակցություններն այս անգամ ևս չեն մասնակցել քվեարկությանը։

Գալուստ Սահակյանը նույն հարցը՝ առանց որևէ պատճառաբանության, երկրորդ անգամ է դրել քվեարկության, բայց էլի նույն պատկերը։ Տեսնելով, որ իրենց նախաձեռնությունը տապալվում է, ԱԺ նախագահը երրո՛րդ անգամ է վերաքվեարկություն կազմակերպել։ Այս անգամ ՀՀԿ–ականները կարողացել են ապահովել 68 կողմ ձայն, Խաչատուր Քոքոբելյանն էլ դեմ է քվեարկել։ Բոլոր այս քվեարկություններին ոչիշխանական խմբակցությունները կրկին չեն մասնակցել։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համառ փորձերից հետո միայն Գ. Սահակյանը նրան վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք է տվել։

–Չնայած ձեր պատկառելի տարիքին՝ ես ավելի լավ եմ գնահատում ձեր լսողության ու տեսողության ունակությունը։ Երբ որ ես 20 րոպե ընդմիջում էի խնդրում, դուք չպետք է խախտեիք կանոնակարգը։ Ես հիմա պահանջում եմ 20 րոպե ընդմիջում, որ քննարկենք, թե ինչու եք դուք հետևողականորեն, սիստեմատիկ ձևով խախտում կանոնակարգը,–ասել է Լ. Զուրաբյանը։

Գ. Սահակյանն արդարացել է, թե ինքը ապահովում է ԱԺ–ի բնականոն աշխատանքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը