Կարծիք

21.06.2014 10:19


Սերժ Սարգսյանի շրջապատ մտնելու մուտքը՝ միայն «փսիխոյով»

Սերժ Սարգսյանի շրջապատ մտնելու մուտքը՝ միայն «փսիխոյով»

Փաստորեն, մասնագիտությամբ Ազատիչի մանկության ընկեր աշխատող «Փարքինգ սիթի սերվիսի» սեփականատերը ցանկանում է վաճառել ընկերության 100 տոկոս բաժնեմասը, քանի որ մենք իրենց տիտանական աշխատանքը ըստ արժանվույն չենք գնահատում: Բայց չեն մոռացել ակնարկել, որ լուրջ ներդրումներ են կատարել, որպեսզի ընկերության վաճառքի գնի հարցում լուրջ թվեր կրակեն:

Դե, պարզ է, որ ներդրումներն ակնարկել էր պետք, այլապես ի՞նչն է վաճառում այս շուստրի պառկովշիկը:

Փողոցն ու ասֆալտը պետական են, կարմիր գծեր քաշելն էլ կոպեկներ արժեն, որոնց գինը վաղուց հանել են: Բայց եթե այդ ընկերության սեփականատերը փոխվի, այդ բիզնեսն ի՞նչ է ներկայացնելու: Այս կարգի փախած փողեր կարող են աշխատել միայն Սարգսյանի բարեհաճությունը վայելող նրա մտերիմ շրջապատի անդամները, քանի որ Ազատիչն անձի «հագով է» ստեղծում համակարգեր ու բիզնես: Փոխվում է անձը, կորում է նաև անհրաժեշտությունը այս կամ այն կառույցի կամ էլ բիզնեսի գոյության: Իսկ եթե ով էլ դա գնի, նույն ձևով պետք է ժողովրդին թալանի, հենա այսօրվա թալանողը կթալանի, էլի, էլ ինչո՞ւ է վաճառում բիզնեսը:
Բայց երեկվա հայտարարությունը հետաքրքրական է ոչ միայն նրանով, որ այս մանր ժուլիկները մեզ վրա մուննաթ են գալիս, թե եթե գիտեք՝ գերշահույթ ունենք, ապա եկեք գնեք ընկերությունը: Իրական պատճառն այն է, որ Սարգսյանի հետ այլևս հույս չեն կապում անգամ նրա մտերիմները: «Խորտակվող նավից առնետները» բարով-խերով փախել են, արդեն Սարգսյանի մտերիմ «օրինապաշտ» թալանչիներն են փախնում: Մնում է՝ Ազատիչը հասկանա, որ բոլորը հասկացել են, թե ինքն ինչ վիճակում է. միակ միամիտն ինքն է մնացել, որ դեռ կարծում է, թե կարող է որևէ մեկին խաբել:

Այս վիճակն ինձ հիշեցրեց մի իրական դեպք, որը տարիների ընթացքում անեկդոտ են դարձրել:

Մի կարիերիստ Խորհրդային Միության ժամանակ անընդհատ տանջվում էր, որպեսզի իրեն ընդունեն ԽՄԿԿ շարքերը, քանի որ առանց կուսակցական լինելու՝ բարձր պաշտոնի հասնելն անհնարին էր, բայց նրա մոտ ոչինչ չէր ստացվում: Մեկ էլ ԽՍՀՄ փլուզման փուլում արդեն կոմունիստներն էին խնդրում, որպեսզի իրենց միացող լինի, բայց էլ ո՞վ էր գժվել գնար մտներ խորտակվող նավ: Իսկ մեր երիտասարդ կարիերիստը հենց իմանում է, որ արդեն առանց դժվարության ընդունում են կուսակցության շարքերը, երջանկացած գնում է կուսակցության շրջկոմ, դիմում հրահանգչին, թե ուզում եմ կոմունիստական կուսակցության շարքերն ընդունվել, ի՞նչ փաստաթղթեր եմ ներկայացնելու: Դե, գործին տեղյակ կուսշրջկոմի աշխատակիցն էլ մեղմ սարկազմով պատասխանում է՝ «փսիխո» (տեղեկանք նարկոդիսպանսերից հոգեկան վիճակի մասին):

Այո՛, հարգարժա՛ն ընկերներ, եթե երազում էիք գրկել Սերժ Սարգսյանի ոտքերր, լիզել նրա կոշիկները, միայն թե կերակրատաշտից մի թուլափայ էլ ձեզ հասներ, ապա այլևս մի՛ շտապեք դիմել թափուր տեղերը համալրելու համար: Իսկ եթե նման ցանկություն, այնուամենայնիվ, ունեք, նախապես «փսիխոն» հանեք, նոր դիմեք Ազատիչի գրասենյակ, քանի որ անպայման այդ տեղեկանքը կպահանջեն ձեզանից:
Այնպես որ, Սերժ Սարգսյանի հարգելի՛ մանկության ընկերներ և համատեղությամբ՝ պառկովշիկնե՛ր, եթե համառորեն շարունակեք «Փարքինգ սիթի սերվիսի» վաճառքի հայտարությունը պնդել, ստիպված ենք լինելու «փսիխոն» ձեզանից պահանջել:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1432018563736593&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը