Քաղաքական

20.06.2014 16:39


Լ. Զուրաբյան. «Ի դեմս Սերժ Սարգսյանի ռեժիմի՝ ունենք վամպիրի» (տեսանյութ)

Լ. Զուրաբյան. «Ի դեմս Սերժ Սարգսյանի ռեժիմի՝ ունենք վամպիրի» (տեսանյութ)

–Ես վաղուց չէի տեսել, որ հանրապետական մեծամասնությունը լիներ նյարդերը տեղի տված, վիրավորված և անկումային տրամադրությունների մեջ,–այսօր շարունակվող ԱԺ արտահերթ նիստում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանը՝ բերելով նաև դրա բացատրությունը.

–Առաջ դուք կեղծում էիք ընտրությունները, գողանում էիք, թալանում էիք մեր ժողովրդին, վատնում էիք պետական միջոցները, բայց թթու խոսք չէիք լսում։ Հիմա այդպիսի հաճույքից մենք ձեզ զրկել ենք, և դա ձեզ շատ նյարդային վիճակի մեջ է գցել։

Նա նաև ավելացրել է, որ քառյակի վրա ՀՀԿ–ականների հարձակումները և տվայտանքները միայն զվարճացնում և ուրախացնում են, թեկուզ միայն այն պատճառով, որ ցույց են տալիս իրականության ճիշտ ընկալումից քաղաքական մեծամասնության հեռու լինելը.

–Դուք չեք հասկանում, որ ընդդիմության վրա ձեր հարձակումները միայն ուժեղացնում են, և նպաստում ժողովրդի վստահության աճին ընդդիմության նկատմամբ։

Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային ռեֆորմը Հայաստանում իրականացնելուն, Լ. Զուրաբյանի համոզմամբ, դա հավատը կոտրելու մի ուսանելի օրինակ է։

–Կառավարությունը զբաղված է ընդամենը ժողովրդին, քաղաքացիական նախաձեռնություններին, ընդդիմությանը խաբելով, և հավատի այդ դագաղի վրա խփված վերջին մեխը ձեր բերած այս օրինագիծն է։ Պարտադիր բաղադրիչն ընդամենը փոխել է իր անունը և դարձել նպատակային սոցիալական վճար,–ասել է նա և հարցրել,–քաղաքացու տեսանկյունից ի՞նչ տարբերություն՝ իր գրպանից այդ գումարը հանում են սահմանադրակա՞ն եղանակով, թե՞ ոչ սահմանադրական։

Կասկածողներին Լ. Զուրաբյանը հիշեցրել է՝ ժողովուրդն ընդվզել է այն պատճառով, որ մտնո՛ւմ են իր գրպանը, իսկ հակասահմանադրական դրույթների հարցը ծագել է հետագայում, և ընդամենը օժանդակ միջոց է պարտադիր բաղադրիչից ազատվելու պայքարում.

–Ստացվում է, որ դուք ընդամենը հորինեցիք քաղաքացու գրպանը մտնելու սահմանադրակա՛ն տարբերակ, և սա կարելի է անվանել ուղղակի գրպանահատի գործունեության օրինականացում։

Զուրաբյանը մեջբերել է Կառավարության ներկայացրած օրինագծից այն դրույթը, որ պետական սեկտորից միայն ուժային կառույցների ներկայացուցիչները կարող են հրաժարվել պարտադիր կուտակայինից։

–Սա միայն մատնում է այն հանգամանքը, թե իրականում ումից է այս ռեժիմը վախենում։ Վախենում է իր իսկ սեփական ուժային կառույցներից, որովհետև նրա միա՛կ հենարանը այդ ուժային կառույցներն են,–ընդգծել է Լ. Զուրաբյանը։

Նա նաև հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ, հակառակ համաժողովրդական դիմադրության, ռեժիմի միջոցների սղության, աղքատության այսպիսի պայմաններին, ինչ–որ անհասկանալի համառությամբ, այս իշխանությունը գնում է պարտադիր բաղադրիչի կուտակային ռեֆորմի իրականացմանը։ Զուրաբյանի խոսքերով՝ պատասխանը կարելի է գտնել նախորդ օրինագծի մեջ, որտեղ մի տարօրինակ դրույթ կար. անգամ նրանց համար, ովքեր հրաժարվում էին պարտադիր բաղադրիչին մասնակցելուց, պետական միջոցներից նրանց հաշվին, այնուամենայնիվ, ուղարկվում էին գումարները։

–Բացատրությունը պարզ է՝ Սերժ Սարգսյանը պարտավորություն ունի միջազգային կուտակային հիմնադրամների, կազմակերպությունների նկատմամբ, որ ինքը պետք է ապահովի պետական բյուջեից և ՀՀ քաղաքացիների գրպաններից մի ամբողջ մեծածավալ կապիտալի հոսք դեպի այդ միջազգային ինստիտուտներ,–ասել է Լ. Զուրաբյանը՝ հավելելով, որ եթե երկար և էժան փողերը տնտեսության արյունն են, ապա այդ արյունը հոսելու է լրիվ այլ ուղղությամբ և սնելու է այլ երկրների տնտեսությունը։

–Եվ, սիրելի՛ ժողովուրդ, այդ օրենքի ընդունումով ևս մեկ անգամ հաստատում ենք, որ, ի դեմս Սերժ Սարգսյանի ռեժիմի, ունենք մի վամպիրի, որից ազատվելը մեր ազգի գոյատևման հիմնական հրամայականն է,–եզրափակել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը