Մեկնաբանություն

20.06.2014 15:59


Սերժ Սարգսյանը լքու՞մ է տարածքը, թե՞ թանկ գնով «նաղդում» է իր բիզնեսը

Սերժ Սարգսյանը լքու՞մ է տարածքը, թե՞ թանկ գնով «նաղդում» է իր բիզնեսը

Ինչպես հայտնի է, ԱԺ ոչիշխանական քառյակը 12 կետից բաղկացած պահանջ է ներկայացրել իշխանություններին։ Այդ կետերից մեկը վերաբերում է նաև Երևանի փողոցներում վճարովի ավտոկանգառներին։

«Վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական և համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների և վճարների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսը»,– նշված է քառյակի հայտարարության մեջ։

Այլ կերպ ասած՝ քառյակը պահանջում է Սերժ Սարգսյանից իր մանկության ընկերների ու համատեղությամբ՝ «օրթախների» հետ դադարեցնել կարմիր ներկի օգնությամբ ասֆալտից փող քամելու գործունեությունը։

Եվ ահա այդ պահանջից հետո կարմիր ներկով փողոցները ներկելու մեջ մասնագիտացած «Փարկինգ սիթի սերվիզ» (ինչ էլ անուն են հորինել տնաշենները) ընկերությունը հայտարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. ««Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը, հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող մամուլում տեղ գտած շահարկումերը, բազմաթիվ քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70%-ը ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գերշահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում եւ ամբիոններում հնչեցրած, իրականությանը չհամապատասխանող կարծիքները եւ տեսակետները, հայտարարում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին: «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ եւ տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով»։

Սերժի «օրթախները» նաև նշել են, որ իրենք հսկայական ներդրումներ են արել։ Համենայնդեպս, թղթերով իրենց մոտ այդպես է երևում։

Այս հայտարությունը մի քանի բան կարող է նշանակել։ Շրջանառվող հիմնական վարկածները հետևյալն են.

1. Սերժ Սարգսյանը կամաց–կամաց կանխիկացնում է իր բիզնեսը, քանզի զգում է, որ մոտենում է ավարտն, ու եկել է ճամպրուկները հավաքելու ժամանակը։ Նա, փաստորեն, ուզում է լքել տարածքը։ Իսկ նման դեպքերում, որպես կանոն, լիկվիդացվում է եղած–չեղածը։ Բայց դե, ո՞վ է խելագար, որ սպասվող քաղաքական զարգացումների ֆոնին այդպիսի բիզնես գնի։ Չէ՞ որ իշխանափոխությունից հետո այդ խայտառակությունը վերացվելու է, և հազար ու մի հարցեր են առաջանալու քաղաքացիներից թալանածը վերադարձնելու թեմայով։

2. Սերժ Սարգսյանն իր մանկության ընկերների շուրթերով ուզում է ցույց տալ, թե, իբր, այդքան էլ եկամտաբեր գործ չէ կարմիր ներկի միջոցով «պառկովշիկություն» անելը, և ինքը պատրաստ է այդ բիզնեսը զիջել բոլոր ցանկացողներին։ Դա հայտնի «տրյուկ» է՝ նման այն «տրյուկին», երբ գործարար–պատգամավորները հայտարարում են, թե իրենք այսինչ կամ այնինչ բիզնեսը չունեն, և եթե լրագրողն ապացուցի, թե դա իրենցն է, ապա իրենք այդ բիզնեսը կնվիրեն այդ լրագրողին։

«Պատրաստ եմ վաճառել» ձևակերպումն օգտագործելով՝ Ս. Սարգսյանի մանկության ընկերներն ուզում են ասել, թե, իբր, իզուր եք մտածում, թե գերշահույթներ ունենք. հրե՛ն, կրակն ենք ընկել մեր ներդրումների ձեռքը և պատրաստ ենք հանձնել բիզնեսը։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

3. Սերժ Սարգսյանը թղթերով ուռճացրել է կարմիր ներկի մասով կատարած ներդրումները, որպեսզի հետագայում փորձի այդ փողը որպես փոխհատուցում հետ ստանալ պետական կամ մայրաքաղաքային բյուջեից։ Ասել է թե՝ Սերժն ուզում է իբր թե կատարել քառյակի պահանջները և բիզնեսը շարունակել Տարոն Մարգարյանի միջոցով, բայց դրանից առաջ էլ փող դուրս գրել իր մանկության ընկերների բանկային հաշվի վրա։ Այսինքն, այս վարկածի համաձայն՝ Սերժը, պատկերավոր ասած, իր սատկած էշն ուզում է «նաղդել» թանկ գնով։

Թե այս վարկածներից ո՞րն է ավելի մոտ իրականությանը, կիմանանք շատ շուտով։

Մեկ բան պարզ է՝ Սերժ Սարգսյանին լրջորեն մտահոգել են քառյակի պահանջները, և նա ստիպված է քայլեր մտածել։

Չի բացառվում, որ մի օր էլ Որոտանի կասկադի տնօրինությունից հայտարարություն տարածվի, թե այս քանի օրը մի քանի միլիարդ դոլար ներդրում է արվել Որոտանի վրա, և ով համարում է, որ վաճառքի գործարքը ապօրինի է, և վնաս է հասցնում Հայաստանին, կարող է գնել մեր բաժնետոմսերի 100 տոկոսը՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով։

Վատ բիզնես չէ, հը՞։ Սերժն ինչքան ուզում, այնքան խփում է։ Կարևորը, որ թղթերով ամեն ինչ կարգին լինի։ Եվ այս մարդը զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը