Կարծիք

20.06.2014 14:35


Մերի Մովսիսյան. «Ազատվե՛լ «խաղաղասերներից»»

Մերի Մովսիսյան. «Ազատվե՛լ «խաղաղասերներից»»

Հատուկ քաղաքական մտքից «թոփալների» համար։ Հատուկ մեր «դիվանագետներ» կոչվածների համար, հատուկ գերագույն գլխավոր հրամանատարի համար, որը նաև զբաղվում է արտաքին քաղաքականությամբ, հիշեցնում եմ, որ միջազգային հարաբերությունները թե՛ առաջ, թե՛ հիմա, թե՛ մոտ հարյուրամյակներում ռեալիզմի սկզբունքների վրա են հիմնված լինելու և տարվելու։ Միջազգային հարաբերությունների իդեալիստական մոդելը թույլ, փախած, «գլխից» հիվանդ պետությունների համար է նախատեսված։
Ըստ «Global Peace Index 2014»–ի՝ Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղ (97-րդ տեղում 162 երկրից) պետությունն է, մինչդեռ Ադրբեջանն (123) ու Վրաստանը (111) խաղաղասիրությամբ չեն փայլում։ Իսկ հիմա շտապեմ հիասթափեցնել պետության ղեկը ստանձնած «խաղաղասերներին», որ իրենց պատկերացրած խաղաղության մեջ ոչ մի լավ բան չկա, այն էլ երբ խոսում ենք պետության մասին։ Այս վեց տարվա «խաղաղասիրությունը» երկիրը հասցրել է սահմանագծում լարվածությանը, վարկաբեկված պետական վարկանիշի, ողբալի մակրոտնտեսական ցուցանիշների, արտագաղթի և այլնի։ Օրինակ՝ մեր հարևանները քիչ խաղաղասեր են, փոխարենն ավելի լավ վիճակում են գտնվում, քան մենք։
Ռեալիզմը միայն ուժի կիրառում չի ենթադրում ու չի հանգում դրան, այլ դիվանագիտության (Մորգենթաուն սկզբի համար լրիվ բավական է հայեցակարգի էությունն ընկալելու համար)։
Ի դեպ, դիվանագիտությունը չի ենթադրում ու, առավել ևս, չի հանգում «ֆուտբոլային քիրվայության», չի հանգում քծնանքի, անգամ եթե դա Վլադիմիր Պուտինն է, Հիլարի Քլինթոնն է, Օբաման կամ այլ ոք։ Խաղաղասիրությունը, ինչ խոսք, լավ բան է, երբ պետությունդ հզոր է։ Հարևանները սկսում են հարգել, ինչու ոչ՝ վախենալ. խաղաղ մնալը սկսում է բխել նրանց շահերից։ Կողքի թաղերից, վայ, կներեք Աստանան վրաս ազդել է, կողքի տարածաշրջաններում էլ սկսում են այլ աչքով նայել. իրենք են նախաձեռնում հարաբերվել, ներդրումներ կատարել, գործընկերական հարաբերությունների մեջ մտնել՝ ի շահ պետության, իհարկե, և այլն։
Այդ խաղաղասիրությունն է, որ այսօր ևս երկու զոհ ունենք սահմանին։ Տարին ինչ բացվել է, մենք մի այլ կարգի «խաղաղ» ենք ապրում։ Այնքան «խաղաղ», որ խաղաղության պայմաններում հունվարի 19-ի գիշերը Արցախի դիրքերում իր մարտական խնդիրը գերազանց կատարելով՝ զոհվում է Արմեն Հովհաննիսյանը ՀԵՐՈՍԻ մահով։

Քանի դեռ մեր «խաղաղասերները» վերջնականապես մեզ չեն գցել վերը նշված հարևանների օրը, պետք է ազատվել նրանցից ու, իրոք, խաղաղասեր պետություն կառուցել՝ հիմնված ուժի ու հզորության վրա, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու ռազմական։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը