Մեկնաբանություն

19.06.2014 09:53


«Ապահով Հայաստանի» կանոնագիրքը

«Ապահով Հայաստանի» կանոնագիրքը

Այո՛, «Ապահով Հայաստանում» անսահման հոգատարություն են դրսեւորում անասունների նկատմամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որ մի քանի տարի առաջ դաշտերը, հանդերն ու անտառները օրհնանքով լցնելու կոչ էր անում, Ազգային ժողով է ներկայացրել մի օրենքի նախագիծ, որում նշված է. «Արգելվում է առանց ցավազրկման կենդանիների եղունգների հեռացում իրականացնել, առանց ցավազրկման ամորձատել կենդանիներին: Արգելվում է կենդանիներին սադրել, բարկացնել, միմյանց դեմ տրամադրել: Գյուղատնտեսական կենդանիների տեղափոխման ժամանակ պետք է ապահովվեն նրանց համար հանգստի վայրեր՝ նրանց բարօրությունն ապահովելու նպատակով: Արգելվում է սեղմել կենդանիների դյուրազգաց մասերը, պոչերը, գլուխներից, ականջներից, մորթուց բռնած քարշ տալը»:

Հիշում եք, չէ՞, թե ի՜նչ խանդաղատանքով էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վերաբերվում կովերին, ու բոլորին սովորեցնում էր կթելու նրբությունները՝ մանրամասն բացատրելով, որ պետք է նախ գոլ ջրով ձեռքերը լվանալ, սրբիչով չորացնել, մառլյան փռել եւ այլն:

Վեց տարի նախկին վարչապետի հետ աշխատած Սերգո Կարապետյանն էլ, ահա, դեռ պահպանում է տիգրանսարգսյանական ներշնչանքը եւ գթասրտաբար շարադրում կենդանիների հետ վարվելու ձեւերը:

Դե, Տիգրան Սարգսյանը ոչ միայն կովերին էր սիրում, այլեւ կանաչ գույնը, մասնավորապես, գյուղացիներին գյուղի գործը սովորեցնելու նպատակով կազմակերպված սեմինարների համար հատկացված 17 միլիոն դոլարը:

Իսկ թե Սերգո Կարապետյանին՝ կենդանիներին կուրորտ ուղարկելուց կամ նրանց դյուրազգաց մասերի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից բացի էլ ի՞նչն է հետաքրքրում, երեւի հետո կպարզվի:

Չէ, բայց զգում ե՞ք, թե ինչ սրտառուչ տեքստ են մշակել գյուղնախարարությունում:

Համարյա նույն պատկերն է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայում»: Այնտեղ էլ սքանչելի օրենքներ (պատվիրաններ) էին գրում անասունների բարօրության մասին: Բայց դե, վերջում «Անասնաֆերմայի» տերերը՝ Նապոլիոն՝ խոզի գլխավորությամբ, մյուս խոզերը թողեցին մի պատվիրան. «Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»:

Փառք Աստծո, Կարապետյանի օրինագծում բոլոր կենդանիները հավասար են. նրանց բոլորին հավասարապես պետք է ցավազրկել, հետո միայն եղունգները քաշել կամ ամորձատել:

Ամեն դեպքում, «Ապահով Հայաստանը» «Անասնաֆերմա» չէ: Այլ հարց, որ «Ապահով Հայաստանում» «չորս ոտք՝ լավ, երկու ոտք՝ ավելի լավ» կանոնը չի գործում:

Երկու ոտք ունեցող «Ապահով Հայաստանի» քաղաքացիները կերազեին նման հոգատար վերաբերմունք, ինչը շարադրված է հիշյալ օրինագիծ–կանոնագրքում:

Ի տարբերություն կենդանիների՝ «Ապահով Հայաստանի» իշխանությունները մարդկանց հետ վարվում են՝ ինչպես ուզենան եւ առանց ցավազրկելու:

Ի տարբերություն կենդանիների՝ Բաղրամյան 26-ից քաղաքացիներին սադրում, բարկացնում եւ տրամադրում են միմյանց դեմ:

Ի տարբերություն կենդանիների՝ մարդկանց բարօրությունն ապահովելու համար ոչինչ չի արվում, եւ 300 հազար մարդ տեղափոխվում է այլ երկիր:

Մի խոսքով, ի տարբերություն կենդանիների՝ իշխանությունները չեն խնայում ժողովրդին եւ անգթաբար սեղմում են նրան, քարշ տալիս ականջներից ու գլուխներից:

Սեղմելն ու քարշ տալն արտահայտվում է գազի ու էլեկտրաէներգայի սակագների բարձրացմամբ, գնաճով ու կուտակայինով, այն ամենով, ինչը գնահատվում է որպես «սոցիալ-տնտեսական ծանր վիճակ»:

Բայց իրենց՝ «Անասնաֆերմայի» … ներեցեք, «Ապահով Հայաստանի» իշխանությունների կենսամակարդակը, կարողությունները, բիզնեսներն ու հարստությունները ավելանում ու ավելանում են:

Դե, որովհետեւ իրենք ավելի հավասար են, քան մյուսները:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Այունամենայնիվ, կա մեկը, որ մտածում է մարդու մասին. բնապահպանության նախկին նախարարն իր հրամանով իրեն պարգեւատրել է նախարարության ոսկե մեդալով: Ուրեմն, դեռ հույս կա, որ մեր երկիրը «Անասնաֆերմա» չի դառնա:

Այս խորագրի վերջին նյութերը