Կարծիք

19.06.2014 01:33


Սերժ Սարգսյանն ԱԺ–ում ունի ոչ թե բացարձակ, այլ հարաբերական մեծամասնություն

Սերժ Սարգսյանն ԱԺ–ում ունի ոչ թե բացարձակ, այլ հարաբերական մեծամասնություն

Այն որ, Ազգային ժողովի քառօրյաները քչություն են անում, և մի շարք օրինագծեր մի քառօրյայից մյուս են տեղափոխում՝ նորություն չէ: Օրենքների նախագծերը հավաքվում են, կուտակվում, դրան գումարվում են կառավարության հրատապ օրինագծերը, ու անհրաժեշտություն է առաջանում արտահերթերով հարցը կարգավորել:

Ի՞նչ էր պետք Սերժ Սարգսյանին. 1.«խփելով» ապահովել մեծամասնություն ԱԺ-ում՝ արեց, 2.մեծամասնության ներկայացուցիչները լինեն այնքան հլու–հնազանդ, որ եթե պետք լինի՝ առանց ծանոթանալու օրենքների նախագծերին սեղմեն կոճակներն իրենց և, ինչպես ասում են, «За того парня», ասել է թե՝ ռեստորանում լռված իրենց գործընկերոջ փոխարեն: Դա էլ են անում:

Գալուստ Գրիգորիչն արգելել է պատգամավորներին նստաշրջանների ընթացում գործուղումների գնալ: Դա էլ է արվում, որպեսզի քվորումի խնդիր չունենան:

Մի խոսքով իշխանություններն ինչ ուզում էին՝ ունեն, բայց պարզվում է՝ էլի երջանիկ չեն:

Բանն այն է, որ անգամ պարզ կոճակ սեղմող հավաքելն է դարձել բարդ գործ: Երբ նախորդ անգամ պատգամավորները խմած եկել էին ԱԺ դահլիճ, ՀՀԿ-ական ղեկավարությունը ասում են հանդիմանել է ուտող-խմող իրենց գործընկերներին, որ այլևս այդ վիճակում նիստերի դահլիճ չգան: Դե գնացեք ու քվորում ապահովեք, ա՛յ, հիմա կիմանաք խմածների «ղադրը»:

Մարդիկ այդքան գումար են ծախսել պատգամավոր դառնալու համար, որպեսզի օրենքնե՞ր գրեն կամ ընդունեն: Ձեռ ե՞ք առել ձեզ: Նրանց պետք էր պետության հաշվին արտասահմանյան գործուղումները, հիմա արգելում են: Ուզում էին իրենց բիզնեսին տանիք կանգնել, բայց պարզվում է Սերժ Սարգսյանի ու իր նեղ շրջապատի աչքն այլոց բիզնեսի վրա է։ Ուզում էին ուտել-խմելով ման գալ, հիմա ասում են խմած գործի չգաք: Էլ այդ մանդատն իրենց ինչի՞ն է պետք: Այնպես որ՝ արտահերթ նիստում արձանագրված քվեարկությունների ձախողումը նաև իշխող ուժի որոշ ներկայացուցիչների լուռ բողոքն էր՝ պայմանավորվածությունների միակողմանի խախտման դեմ: Քանի որ տեսնում են, որ բարձրաստիճան ղեկավարության համար ոչ մի խստություն ու սահմանափակում էլ չկա, ընդհակառակը՝ ավելի են լկտիացել:
Այո՛, բավական էր «քառյակն» ու ՕԵԿ-ը միասնական վերաբերմունք արտահայտեին (ինչպես հունիսի 18–ին) իշխանությունների գործունեության հանդեպ, արդեն բարոյալքված ու ճաքեր տված մեծամասնության մոտ ամեն ինչ ձախողվում է:
Երեկվա դեպքերն ի՞նչ ցույց տվեցին: Կառավարությունը հրատապության կարգով օրենքի նախագծեր էր բերել ԱԺ, և պահանջում էր, որպեսզի պատգամավորներն առանց կարդալու «կոճակեին», բայց իրենք այնքան են լկտիացել, որ իրենց օրինագծերի ներկայացնող կառավարության անդամն անգամ ալարում է գալ Ազգային ժողով ու ներկայացնել օրինագիծը:

Երեկվա քվեարկությունների տապալումը ոչ թե սոսկ Ազգային ժողովին կամ էլ կառավարությանն են վերաբերում, այլ առաջին հերթին սա Սերժ Սարգսյանի ձախողումն է, նրա ստեղծած արատավոր համակարգի, նրա գործելաոճի, ու սա արդեն արտահայտվում է այնտեղ, որտեղ որ իրենց կարծիքով պիտի պրոբլեմներ չունենային:

Կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանն արդեն ԱԺ–ում ունի ոչ թե բացարձակ, այլ հարաբերական մեծամասնություն։

Ու եթե Ազգային ժողովի իշխանական թևն է դառնում անկառավարելի, կարելի է վստահաբար ասել, որ Սարգսյանն այլևս ավարտված գործիչ է ու վե՛րջ, անկախ նրանից, թե վաղը կկարողանա՞ն քվորում ապահովել կամ կոճակների վրա դաշնամուր նվագել, թե՞ ոչ:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1431279880477128&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը