Լրահոս

18.06.2014 15:11


Քառյակը դուրս է եկել ԱԺ–ի մոտ հավաքված «Դեմ եմ» շարժման անդամների մոտ (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

Քառյակը դուրս է եկել ԱԺ–ի մոտ հավաքված «Դեմ եմ» շարժման անդամների մոտ (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

ՀՀԿ–ի կողմից օրինագծերի անցկացումը տապալելուց հետո ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» ներկայացուցիչները դուրս են եկել ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ բողոքի գործողություն իրականացնող «Դեմ եմ» քաղաքացիական շարժման անդամների մոտ։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նրանց տեղեկացրել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Կառավարությունն օրինագիծ է ներառել ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ, սակայն դրա բովանդակությունն առ այդ պահը չի ներկայացվել խմբակցություններին։

–Նշանակում է, որ դրա բովանդակության վերաբերյալ բացարձակապես որևէ մեկը տեղեկատվություն չունի։ Նաև մեզ հաջողվեց երկու քվեարկություն ձախողել, ինչը մեծամասնությանը պարտադրեց, որ իրենք այլևս որևէ հարց այսօր չդնեն քվեարկության,–ասել է Ա. Մինասյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ընդգծել է, որ կարևոր պատմական պահ է տեղի ունեցել։

–Առաջին անգամ ստացվեց տապալել քվեարկությունները։ Այսպիսի բան երբեք չէր եղել, որ մեծամասնությունը չկարողանա իր ուզած օրինագիծն անցկացնի։ Այսօր՝ քառյակի երկարատև համագործակցության ընթացքից հետո, մենք հասանք նաև այս պահին։ Սա ցույց է տալիս, որ կարող ենք իրոք շատ լրջորեն պայքարել, և իրատեսական է, որ այդ համագործակցությամբ ահագին հարցեր կկարողանանք տապալել,–նշել է Լ. Զուրաբյանը։

Նա ավելացրել է, որ քառյակը շարունակելու է միասնական պայքարը, իսկ «Դեմ եմ» շարժման անդամներից էլ սպասում են ակտիվություն դրսում.

–Միասնական ջանքերով պետք է փորձենք սրա դեմն առնել։ Այսօր այլևս քվեարկություն չեն անի. լավ խրատվել են, չգիտեմ՝ վաղը կդնեն, թե ոչ, համենայնդեպս, հիմա զբաղված են իրենց պատգամավորներին հավաքելով։

Քառյակի միասնականությունը ևս մեկ անգամ արձանագրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ հետամուտ են իրենց առաջադրած բոլոր խնդիրներին;

–Պետք է անպայման հասնենք մեր նպատակներին. այլընտրանք չունենք,–ասել է Մ. Մելքումյանը։

«Դեմ եմ» շարժման անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են հղել ոչիշխանական խմբակցությունների ներկայացուցիչներին։

Մանրամասները` տեսանյութում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը