Լրահոս

18.06.2014 12:28


ԱԺ արտահերթը սկսված՝ 20 րոպեով ընդմիջվեց

ԱԺ արտահերթը սկսված՝ 20 րոպեով ընդմիջվեց

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրվել։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ հինգերորդ գումարման ԱԺ–ի հինգերորդ նստաշրջանը նոր է ավարտվել, և այժմ կրկին արտահերթ է հրավիրվում։ Զուրաբյանը նշել է, որ օրակարգում ընդգրկված հարցերին պատգամավորներին պարզապես ժամանակ չի տրվել ծանոթանալու։

–Եվ սա այն մարդու գործելաոճն է, ով նախկինում խոսում էր ԱԺ–ի դերի բարձրացման մասին։ Սա պարզապես ոտնձգություն է ԱԺ–ի նկատմամբ, և փորձ է արվում խորհրդարանը վերածել օրենքների «շտամպովկայի»։

Զուրաբյանը նշել է, որ եթե ԱԺ նախագահը միջոցներ չձեռնարկի՝ դա կանխելու, ապա ինքը ոչիշխանական քառյակին կառաջարկի ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ մտցնել՝ սահմանափակելու նման արտահերթեր հրավիրելու հնարավորությունները։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ ավելացրել է, որ այս արտահերթում ընդգրկված մի շարք օրենքներ մասնագիտական հանձնաժողովներում հանգամանալի քննարկում չեն անցել։

–ԱԺ–ն դարձնում եք դակող մարմին,–ասել է Գ. Ջհանգիրյանը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ևս ասել է, որ պատգամավորներից որևէ մեկը, այդ թվում և՝ իշխանական, չի հասցրել կարդալ այդ օրենքները։

–Մոտ տասը օրենքի բացարձակ ծանոթ չենք, և կարող են անորակ, «բռակ» օրենք ընդունել։ Դիմե՛ք Կառավարությանը՝ այդ օրենքները հետ տանեն,–ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ասել է Ա. Մանուկյանը։

ԱԺ նախագահն էլ բառացի հետևյալ կերպ է արձագանքել.

–Ձեր բոլոր ասած խնդիրները կապված են օրենսդրության փոփոխությունների հետ։ Կանոնակարգ օրենքը որևէ հակասություն չի տեսնում արտահերթի և ներկայացված օրենքների վերաբերյալ։

Այս ամենից հետո Լ. Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում է վերցրել՝ առաջարկելով ԱԺ նախագահի և խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպում անցկացնել։

–Մեկ զանգով ենք մասնակցելու 20 րոպե հետո, երկու զանգ չէ,–պատգամավորներին հիշեցրել է Գ. Սահակյանը և ընդմիջում հայտարարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը