Մեկնաբանություն

18.06.2014 01:15


Սերժ Սարգսյանի տեսչական այցը

Սերժ Սարգսյանի տեսչական այցը

Սերժ Սարգսյանը այցելել է Հանրային հեռուստաընկերություն, շրջել նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին:

Նա ողջունել է հեռուստաընկերության բարեփոխման ուղղությամբ իրականացված քայլերը, խրախուսել անձնակազմին և հաջողություններ մաղթել հեռուստաընկերությանը եւ այլն:

Բաղրամյան 26–ից տարածված հաղորդագրության վերջում նշվում է, որ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին: Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցն այդ տեղի ունեցավ ու այս անգամ ոչ թե մեկ օր անց եթեր հեռարձակվեց, ինչպես նախորդ տարի լրագրողների հետ հանդիպման դեպքում էր, այլ նույն օրվա երեկոյան, ինչը կարելի է լուրջ առաջընթաց համարել։

Հարցազրույցի ժամանակ հնչեցված մտքերին դեռ անդրադառնալու առիթ կլինի։ Ինչ մնում է տեսչականի նմանվող Սերժ Սարգսյանի այցին, ապա հիշեցնենք, որ նախագահի կարգավիճակով առաջին անգամ նա Հանրային հեռուստաընկերություն է այցելել 2008-ի նոյեմբերին եւ ահա վեց տարի անց կրկին այնտեղ է, որի ղեկավարությունը անցյալ տարի փոխվել է:

Դե, հայերին ծաղրող իր շոու ծրագրով ռուսաստանյան հեռուստաալիքում հանդես եկող Ռուբեն Ջաղինյանի այդ ծրագիրը դադարեցվեց ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցերի պահանջով, իսկ Սերժ Սարգսյանը հենց միայն նրան գնահատեց ու նշանակեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:

Հանրայինում Ջաղինյանն ու անձնակազմը քծնողական-զգաստ կեցվածքով դիմավորեցին Սերժ Սարգսյանին եւ նրա հետ շրջեցին շենքում:

Իսկ որո՞նք են հեռուստաընկերության բարեփոխման ուղղությամբ իրականացված քայլերը, որոնք ողջունել է Սերժ Սարգսյանը:

Այո՛, հեռուստատաղավարներում կապույտ գույնը դարձել է ավելի ճչացող, ինչ-որ «էքսպրեսիվ» պատկերներ են ի հայտ եկել: Հետո՞:

Բովանդակային մասով, հատկապես օբյեկտիվ տեղեկատվություն մատուցեու առումով փոփոխություններ, ավելին՝ բարեփոխումներ չեն նկատվում:

Առայժմ միակ «բովանդակային բարեփոխումն» այն է, որ «Հ1»-ից դուրս են շպրտել «Հ» տառը՝ թողնելով պուճուրիկ «կնճիթով» քառակունի 1 նշանը, որը շատ է հիշեցնում «1in.am»–ի լոգոտիպը և՛ գույներով, և՛ կառուցվածքով: Բացի այդ՝ «Հայլուր» անունը փոխեցին ու դարձրին «Առաջին լրատվական», որը նույնպես «1in.am» կայքի անունն է կրկնում։ Ինչևէ։

Հանրայինում սերիալները կան, ժամանցային անհամ հաղորդումները՝ նույնպես մնում են: «Եվրառեմոնտած» տաղավարներն էլ չեն նպաստում անհամության քողարկմանը:

Եվ ամենակարեւորը՝ Հանրայինում չկա հանրությունը, սովորական հայ մարդն իր հոգսերով ու խնդիրներով:

Իսկ այս ամենի համար Հանրայինին բյուջեից ամեն տարի հատկացվում է 6,4 մլրդ դրամ (ասում են Գիտությունների ազգային ակադեմիայից շատ ավելին):

Իսկ անցյալ տարվա վերջին էլ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ հավելյալ 850 մլն դրամ հատկացրին Հանրայինին եւ այս գումարի մասով հեռուստաընկերությանը ազատեցին շահութաբաժնի վճարումից:

Եվ ամենակարեւորի մասին: Ըստ տարբեր հարցումների՝ հայաստանցիների գերակշիռ մասը Հանրայինը չի դիտում: Թող զարմանալի չթվա՝ դա Բաղրամյան 26–ից կառավարվող կոնկրետ գործընթացների արդյունք է։ Հանրային հեռուստաընկերությունը հետևողականորեն ոչնչացրեցին, որպեսզի գովազդային գումարները հոսեն լրիվ այլ ուղղությամբ, իսկ Հանրայինը այնքան անհամանա, որ վերանա որպես գործոն՝ քաղաքական ինչ–ինչ հաշվարկներից ելնելով։

Բայց որքան էլ Հանրայինի վարկանիշը ցածր լինի, Սերժ Սարգսյանը այդ կառույցի ղեկավարության հետ հո նման հարցեր չէ՞ր քննարկելու:

Կարեւորն այն է, որ իրեն առավոտից իրիկուն ցույց են տալիս, ինչի համար էլ խրախուսել է անձնակազմին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը