Մեկնաբանություն

16.06.2014 22:09


Տարոնի աներձագի հեղինակությունն ավելի մեծ է, քան Շառլ Ազնավուրի՞նը

Տարոնի աներձագի հեղինակությունն ավելի մեծ է, քան Շառլ Ազնավուրի՞նը

Հունիսի 6-ի գիշերը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հնչած կրակոցների հեղինակներն արդեն ազատության մեջ են: Եվ կարելի է ասել, որ այս քրեական գործն էլ, ինչպես նմանատիպ դեպքերի առիթով հարուցված գործերը, որոնցում ակտիվ մասնակցություն են ունեցել իշխանավորների զավակները՝ ջրվելու է գնա:

Նշված օրը կրակոցներով ուղեկցվող վիճաբանություն էր տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ, ներկայումս Տարոն Մարգարյանի խորհրդական Արայիկ Քոթանջյանի տան հարեւանությամբ (Լիսկայի տան բակում տեղի ունեցածի նմանությամբ, բարեբախտաբար, այս անգամ առանց զոհի):

Ավելի ուշ պարզվեց, որ կրակողը եղել է մեկը, ով քաղաքապետի խորհրդականի որդին է՝ Սամվել Քոթանջյանը: Համենայնդեպս, ոստիկանության հաղորդագրության մեջ որպես «մի քանի անգամ օդ կրակող» նշնում է միայն Սամվել Քոթանջյանի անունը:

Ի դեպ, ուշագրավ է, որ դեպքից 4 օր հետո, հունիսի 10-ին ոստիկանության «բացատրական աշխատանքների շնորհիվ» բաժին է ներկայացել Սամվել Քոթանջյանը եւ խոստովանել է, որ ինքն է իր ատրճանակից մի քանի անգամ օդ կրակել:

Այսպիսի «օպերատիվ-հետախուզական աշխատանքներ»: Միաժամանակ «բացատրական աշխատանքների շնորհիվ» է ներկայացել միջադեպի գլխավոր հերոսը: Դե, երեւի, 4 օր որոշել են ինչ անել, ինչը ինչից հետո անել, որ բոլորի համար լավ լինի: Մի խոսքով, «բացատրական աշխատանքների շնորհիվ» բառակապակցության տակ սա է հասկացվում: Չի հասկացվում: Այդպես է:

Կրակոցային միջադեպից 4 օր հետո ձերբակալված անձինք այսօր ստորագրությամբ ազատ են արձակվել: Այսինքն՝ ձերբակալության տակ մնացին ընդամենը 6 օր եւ անգամ բանը չհասավ կալանքի մասին դատարանի որոշմանը:

Հանրությունն անգամ չհասցրեց ծանոթանալ փաստի արթիվ հարուցված քրեական հոդվածներին (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը եւ օգտագործելը, նաեւ՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի օգտագործմամբ):

Մինչ կհասցնեինք ծանոթանալ, Սամվել Քոթանջյանը եւ միջադեպի մասնակիցներն հայտնվեցին ազատության մեջ:

Պարզվում է Սամվել Քոթանջյանի համար երաշխավորել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանը (Տարոն Մարգարյանի պատգամավոր աներձագը) եւ Գագիկ Մելիքյանը:

Ահա այսպիսի բաներ. քաղաքապետի աներձագը երաշխավորում է քաղաքապետի խորհրդականի որդու համար: Եվ ՀՀԿ-ական պատգամավորների երաշխավորությունը «հազար տոկոսանոց» արժեքի ուժ ունի ոստիկանության համար:

Այնուհանդերձ, հարցերը մնում են. քաղաքապետի խորհրդականի որդին ապօրինի զենք է կրում, այն օգտագործում է, եւ շատ հնարավոր էր, որ միջադեպի մասնակիցներից մեկը նրա կրակոցից զոհվեր, չէ՞: Զոհ չկա, ուրեմն՝ իշխանավորների զավակները կարող են մի քանի օր մնալ նախնական կալանքի տակ եւ ազատ արձակվել: Զոհ կա, դարձյալ կարող են մի երեք ամիս մնալ կալանքի տակ ու ազատ արձակվել (Լիսկայի որդու դեպքում այդպես եղավ):

Բայց, օրինակ, դերասան Վարդան Պետրոսյանի դեպքում, երբ հարյուրավոր մարդիկ (այդ թվում՝ հայտնի եւ հեղինակավոր անձինք) ստորագրեցին երաշխավորության տակ եւ ներկայացրին բոլոր ատյաններին, նրանց լսող չեղավ:

Անգամ աշխարհահռչակ շանսոնյեն՝ Շառլ Ազնավուրը անցյալ տարվա նոյեմբերին իր ֆեյսբուքյան էջում կոչ արեց, նշելով. «Սիրելի ընկերներ, օգնեք Վարդան Պետրոսյանին՝ ստորագրելով այս օնլայն միջնորդագիրը, որպեսզի նա կարողանա շտապ տեղափոխվել հիվանդանոց և ստանա իր կյանքի համար անհրաժեշտ խնամք: Նա մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի: Շնորհակալություն»:

Այս կոչն ու միջնորդագիրն էլ ոչ ոք բանի տեղ չդրեց:

Իսկ Սերժ Սարգսյանը համագումարային ամբիոնից հայտարարում էր, թե հավատացնում եմ ձեզ, որ հայաստանցիների նոր սերունդն անպատժելիության այլևս հանդիպելու է միայն ծնողների հուշերում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը