Քաղաքական

16.06.2014 18:25


Քառյակի օրակարգում՝ երեք հարց. պարտադիր վճարն ընդունելի չէ ցանկացած տեսքով (տեսանյութ)

Քառյակի օրակարգում՝ երեք հարց. պարտադիր վճարն ընդունելի չէ ցանկացած տեսքով (տեսանյութ)

ԱԺ ոչիշխանական 4 խմբակցություններն այսօրվա դռնփակ հանդիպմանը քննարկել են երեք հարց։ Հիշեցնենք, որ հանդիպման երկրորդ կեսին մասնակցում էին նաև «Դեմ եմ» շարժման անդամները։

Օրակարգում ընդգրկված են եղել պարտադիր կուտակային օրենքի հետ կապված Կառավարության ներկայացրած առաջարկների, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ միասնական դիրքորոշման ձևավորման և համատեղ պայքար ծավալելու, ինչպես նաև գազի հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցերը։

Ինչպես քառյակի հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» այսօր ևս վերահաստատել են իրենց 12 պահանջներից առաջին կետը, համաձայն որի՝ պարտադիր վճարն ընդունելի չէ։

–Ինչպես նաև, մենք չենք ընդունի որևէ որոշում, որը խտրականություն է դնում տարբեր կատեգորիաների միջև՝ լինի տարիքային, մասնավոր կամ պետական սեկտորի,–ասել է Լ. Զուրաբյանը՝ ավելացնելով, որ այս օրինագծի հետ կապված՝ երեք քաղաքական ուժերը՝ ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» վերջնական դիրքորոշում հայտնել են, իսկ ԲՀԿ–ն իր որոշումը կկայացնի վաղը՝ խմբակցության և կուսակցության նիստերից հետո։

–Մենք «Դեմ եմ»ի հետ էլ ունեցանք շատ արդյունավետ քննարկում։ Նրանք ասացին, որ աշխատակիցների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, որպեսզի դիմումներ չգրեն, ներկայացրեցին բազմաթիվ փաստեր։ Մենք էլ խոստացանք հետամուտ լինել ճնշումների բացառման հարցում։ Նաև որոշում ընդունեցինք քառյակի և «Դեմ եմ»–ի հետ կուտակայինի հետ կապված ներկայացնել այլընտրանքային ուղղություն։ Եթե նման միասնական այլընտրանք ստեղծվի, այն կունենա 80%–ից էլ ավելի հանրության աջակցությունը,–ասել է Լ. Զուրաբյանը։

Քառյակում միասնական և անվիճելի կարծիք կա նաև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անթույլատրելիության վերաբերյալ.

–Բոլորս համակարծիք ենք, որ այդ թանկացումը ոչնչով հիմնավորված չէ. սա փորձ է ձախողված մենեջմենթի, ձախողված ընկերության բեռը տեղախոփել ՀՀ քաղաքացիների ուսերին, ինչին մենք կտրականապես դեմ ենք, և առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ։

Ինչ վերաբերում է գազի հանձնաժողովին, Լ. Զուրաբյանը նախ հիշեցրել է, որ այն մինչև հունիսի վերջ պետք է առնվազն միջանկյալ եզրակացությամբ հանդես գար, այնուհետև ավելացրել է. «Քաղաքական մեծամասնության կողմից սկսվել է մի անհասկանալի դիմադրություն, որ եզրակացություն չլինի»։

Քառյակը պատրաստվում է պարտադրել գազի հանձնաժողովին հանդես գալ միջանկյալ եզրակացությամբ, իսկ եթե մեծամասնությունը տապալի այն, ապա քառյակը կներկայացնի սեփական եզրակացությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը