Մեկնաբանություն

14.06.2014 11:33


Կիսելյովի «հայկական» նախագիծը

Կիսելյովի «հայկական» նախագիծը

Հեռուստակիլլեր Դմիտրի Կիսելյովը կրքեր է բորբոքել։ Հատկապես բորբոքվել են «արևմտամետները» և «հայրենասերները»։

Կիսելյովից, սակայն, նեղանալ պետք չէ։ Դա նույնն է, թե նեղանաս անվերջ հաչացող շնից։ Շունը պետք է հաչա, դա նրա գործն է։ Այլ հարց է, որ պետք է այնպես անել, որ շունն իր չափը ճանաչի ու իմանա, թե որտեղ է պետք հաչալ, իսկ որտեղ՝ ոչ։

Կիսելյովը Պուտինի տակ պառկած լկտի քարոզիչ է և գիտի, թե որտեղ ինչպես պահի իրեն։

Դիմայից պետք է շնորհակալ լինել, որ նա ՀՀ ԱԺ էր եկել «հայկական» նախագծով։ Այդ նախագծում ներկայացված են Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» արտաքին ու ներքին քաղաքականության արդյունքները։

Կիսելյովը Պուտինի տակ պառկած քարոզիչ է։ Պառկած դիրքը նրան հնարավորություն է տալիս տեսնել, թե ուրիշ էլ ով կա պառկած իր կողքին ու ինչ կարգավիճակում։

Կիսելյովը ինֆորմացված պառկածներից է։ Նա գիտի, որ Սերժ Սարգսյանը սեփական նախաձեռնությամբ նվաստացման է գնում և Պուտինին մոտիկից տեսնելու համար երկարաշունչ շնորհակալություններ է հայտնում Պուտինի մամլո խոսնակ Պեսկովին։

Կիսելյովը ինֆորմացված է սարսափելի մակարդակի։ Նա գիտի, որ Հայաստանի ղեկավարը Հայաստանի շահերը չի ներկայացնում ու պատրաստ է հանձնել ամեն ինչ ամենքին, միայն թե օգնեն՝ մնա աթոռին ու մի քիչ փող տան։

Կիսելյովն իր «հայկական» նախագծում այս ամենի մասին էր պատմում։ Նրա լկտիության ու «դիշովի» պահվածքի պատճառն այն է, որ մենք ունենք Կրեմլի (ու ոչ միայն Կրեմլի) պատերի տակ ինքնանվաստացման գնացող նախագահ։

«Դե, եթե Սերժն է ձեր նախագահը, եթե ձեր ԱԺ–ում ինձ ընդունում են ավելի բարձր արարողակարգով, քան ՌԴ–ում ընդունում են Սերժ Սարգսյանին, եթե ձեր նախագահն առևտրի առարկա է դարձրել Հայաստանն ու Ղարաբաղը, և դուք այս ամենը հանդուրժում եք, եթե Սերժ Սարգսյանը բացահայտորեն մտնում է բոլորիդ գրպանը ու դեռ շարունակում է մնալ Բաղրամյան 26–ում, ապա ես ինձ թույլ կտամ անհարգալից վերաբերմունք ՀՀ–ի ու հայոց լեզվի հանդեպ»։

Սա՛ էր Պուտինի տակ պառկած Դիմայի «մեսիջը» հայ հանրությանը։

Իհա՛րկե, վատ է, որ ամեն մի հեռուստավիժվածք գալիս է Հայաստան ու մատ թափ տալիս մեզ վրա, բայց դրա մեղավորը մենք ենք, որ հանդուրժում ենք Սերժ Սարգսյանին։

Եթե Նազարբաևը Աստանայում Ալիևի պահանջներն է փոխանցում Սարգսյանին, իսկ վերջինս էլ ծպտուն չի հանում ու Ծաղկաձոր հասնելուն պես՝ բավարարում է Ալիևի պահանջները, ապա ո՞վ մեզ կհարգի որպես պետություն և ազգ։

Այնպես որ, Կիսելյովն ընդամենն ինդիկատորի դեր է կատարել ու ցույց տվել, թե ինչ մակարդակի է հասցրել Սերժ Սարգսյանը մեր երկիրը՝ բնականաբար, իր «արևմտամետ» և «ռուսամետ» հաճախորդների անխախտ դաշինքի աջակցությամբ։

Այնպես որ, հաճախորդությամբ և «դհոլությամբ» են զբաղված բոլոր նրանք, ովքեր փրփուրները բերաններին պահանջում են Կիսելյովի հրաժարականը, բայց լռության են մատնում կիսելյովների ի հայտ գալու բուն պատճառի՝ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության թեման։

Իգորմուրադյաններն ու զորիգայկովիչները, աղասիենոքյանները և արտաշեսգեղամյանները, դավիթշահնազարյաններն ու հերմինենաղդալյանները համատեղ ուժերով Հայաստանն իջեցրին շրիշակից ցածր մակարդակի։ Իսկ այդ դեպքերում միշտ էլ եվրաօլուխ ֆյուլեներն ու ռեվիզոր կիսելյովները «հայկական» նախագծով կմտնեն ՀՀ պետական մարմիններ ու կսկսեն հաչալ։

Եվ ուրեմն, գլխից է պետք բռնել։ Սերժ Սարգսյանի հեռացումը, ի թիվս այլ հարցերի, վաղուց արդեն արժանապատվության հարց է դարձել։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը