Կարծիք

14.06.2014 10:15


Մինչև 2008 թվականը նույնիսկ մեր թշնամիները գիտեին, որ մեզ հետ չի կարելի խոսել սպառնալիքի լեզվով (տեսանյութ)

Մինչև 2008 թվականը նույնիսկ մեր թշնամիները գիտեին, որ մեզ հետ չի կարելի խոսել սպառնալիքի լեզվով (տեսանյութ)

Վերջին տարիներին մենք բոլորս սովորել ենք նրան, որ մեր թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևն իր գրեթե բոլոր հրապարակային ելույթներում սպառնալիքի ու հոխորտանքի լեզվով է փորձում խոսել մեզ հետ: Ալիևի խոսքերն այն մասին, թե իր երկիրը պատրաստ է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը նույնքան սովորական են դարձել մեզ համար, որքան, օրինակ, ամեն առավոտ կրպակում թերթ գնելը: Շատերն այս փաստին լուրջ չեն վերաբերվում, սակայն դա իրականում ցույց է տալիս այն, թե որքա՞ն է ռազմական ու տնտեսական բալանսը մեր երկրների միջև խախտվել, որ Ալիևն իրեն նման բաներ է թույլ տալիս: Սակայն ուզում եմ ընդգծել, որ միշտ չէ, որ այսպես է եղել:

Այս առիթով հիշեցի Հեյդար Ալիևի ու Ռոբերտ Քոչարյանի միջև կայացած հանդիպումներից մեկը, Երասխ ու Սադարակ գյուղերի միջև չեզոք գոտում կայացած հանդիպումը, որից հետո Ադրբեջանի նախագահը լրագրողների հետ կայացած ճեպազրույցում խոսեց այն բանի մասին, որ ինքը, ի տարբերություն ոմանց, շատ դրական է գնահատում նմանատիպ հանդիպումները, քանզի իրենք ունեն շատ մեծ պոտենցիալ, որը թույլ կտա պահպանել ու ամրապնդել զինադադարի ռեժիմը, շարունակել հակամարտության խաղաղ լուծմանը հանգեցնող բանակցությունները: Նկատենք, որ հենց Ադրբեջանի նախագահն էր դրա մասին խոսում, նա չէր սպառնում, չէր ասում, որ կգրավի Երևանը, չէր խոստանում բնաջնջել հայ ազգը և այլն: Ինչո՞ւ: Որովհետև նա հասկանում էր, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն այն սուբյեկտները չեն, որոնց հետ կարելի է նման տոնով խոսել, քանզի նա հասկանում էր, որ մեր երկու հայկական հանրապետությունների օրեցօր աճող տնտեսություններն ու ռազմական պոտենցիալը ոչ ոքի թույլ չեն տա մեր մասին խոսել արհամարհանքով, առավելևս` սպառնալ մեզ:
Մինչև 2008 թվականը նույնիսկ մեր թշնամին չեր համարձակվում մեզ հետ ուլտիմատումների լեզվով խոսել, քանզի նա գիտակցում էր, որ մենք զարգանում ենք, ու երևի թե բոլորից լավ էր դա հասկանում ու ինքն էր փնտրում ճանապարհներ մեզ հետ լեզու գտնելու համար:

Բայց ամեն ինչ փոխվեց 2008 թվականից հետո, երբ իշխանության եկավ Սերժ Սարգսյանը: Երկրի տնտեսությունը սկսեց թուլանալ, դա հանգեցրեց արտագաղթի մեծ ալիքի, մենք կորցրեցինք մեր մարդկային կապիտալի մի մեծ ու կարևոր մասնիկը: Քաղաքական աքսիոմ է այն, որ ներքին ու արտաքին քաղաքականությունները շաղկապված են, ու մեր երկրի ներսից թուլանալը բերեց արտաքին քաղաքական ասպարեզում ձախողումների: Դրա պատասխանատուն անմիջականորեն Սերժ Սարգսյանն է, քանզի հենց իր իսկ կողմից վարած քաղաքականության արդյունքում մենք հայտնվեցինք այս իրավիճակում:

Սակայն ես հոռետես չեմ, ես դեռ հավատում եմ, որ մենք կարող ենք փոխել իրավիճակը: Մեր երկրում դեռ կան մարդիկ ու ուժեր, որոնք կարող են վերադարձնել մեզ դեպի տնտեսական զարգացման ու ռազմական հզորացման ճանապարհ: Մնում է` այդ ուժերն ու մարդիկ միավորվեն ու սկսեն ակտիվ գործել: Նման պարագայում մենք անպայման կլռեցնենք մեր թշնամիներին:

Հ.Գ. Նյութին կից տեսանյութերը դիտելիս դուք կհամոզվեք խոսքերիս ճշմարտացիության մեջ ու կտեսնեք, թե ինչպե՞ս են տարիների ընթացքում փոխվել մեր թշնամիների բառապաշարն ու տրամադրությունները:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը