Կարծիք

11.06.2014 22:14


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Հիմա ի՞նչ՝ շնորհակալությո՞ւն հայտնենք խորահարգարժան Սերժ Ազատիչին

Օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հետ կապված երկու լուր ստացանք՝ մեկը՝ վատ, մյուսը՝ լավ:

Վատը, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 10 տոկոսով, իսկ դա նշանակում է, որ կյանքն է առնվազն թանկանալու այդքանով: Իսկ լավ լուրն այն է, որ սակագինը բարձրանում է ընդամենը 10 տոկոսով է, այլ ոչ թե 20 կամ 30: Իսկ այդպես եմ ասում, քանի որ, երբ տեսնում ենք, թե ինչ մեթոդիկայով է հաշվարկվում սակագնի բարձրացումը՝ դրանով կարող էին 100 տոկոս էլ բարձրացնել: Շնորհակալություն մեր իշխող կուսակությանը, կառավարությանն ու անձամբ խորահարգարժան Սերժ Ազատիչին, որ չգնաց 100 տոկոս «խփելու» ճանապարհով:

ՀԾԿՀ-ն էլէներգիայի սակագնի նախորդ բարձրացումը ոնց որ պետք է համապատասխան նորմատիվներից ելնելով հիմնավորած լիներ՝ ինքնարժեք հաշվարկելիս: Բայց, փաստորեն, ստացվում է, որ դրանից հետո էներգաարտադրող սուբյեկտները պարտքեր են կուտակել, ինչի պատճառով Հանձնաժողովը հետադարձ հաշվարկ է անում, թե՝ որքան բարձրացնի սակագինը, որպեսզի կուտակված պարտքերը փակեն: Իսկ՝ հիմնավոր են այդ պարտքերը, թե ոչ, դա արդեն ոչ ոքի չի հետաքրքրում: Դրա համար եմ ասում՝ բախտներս բերել է, որ կուտակված պարտքերը մի քանի անգամ ավելի մեծ չէին կամ այդ մեծության մեզ չներկայացրեցին, քանզի Սերժ Սարգսյանի ախորժակի մասին լեգենդներ են շրջում:
Փաստորեն, մեր՝ հարկատուներիս, հաշվին հանձնաժողով են պահում, հսկայական ծախսեր անում ապարատի պահպանության համար, լուրջ դեմքերով մարդկանց բարձր աշխատավարձեր տալիս, որպեսզի վերջիննես անլուրջ կերպով դնեն ու տնտեսվարողների պարտքերը մեր վրա՞ բաժանեն: Հիմա ի՞նչ անենք. հակընդդեմ հայցով հանձնաժողովին մեզնից յուրաքանչյուրի կուտակած պարտքերի ցուցակնե՞րը ներկայացնենք, հազարավոր դիմումներով ողողե՞նք ՀԾԿՀ-ն ու պահանջենք, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագինը շեշտակի նվազեցնեն՝ համաձայն մեր պարտքերի՞:

Բա ո՞վ էր մեզ համոզում, որ Որոտանի կասկադի օտարելուց հետո տեղի կունենա դիվերսիֆիկացիա էներգաարտադրության ոլորտում, որ այդ մրցակցության արդյունքում սակագները կիջնեն, կամ գոնե չեն բարձրանա: Հիմա ի՞նչ. երբ ակնհայտ ապօրինի գործարքի արդյունքում Որոտանի կասկադը երիտօլիգարխի միջոցով (դե սա «ինտելեկտուալ» թալան է. Սաշիկի միջոցով պարզ թալանն է միայն իրականացվում) դառնում է Սերժ Սարգսյանի սեփականությունը, դեռ նոր կարգավիճակում չգործած արդեն էլեկտրաէներգիայի սակագի՞նն են բարձրացնում:
Եվ այս իշխանությունները մեզ համոզում են, որ եթե սահմանադրությունը փոխվի, ապա իրենք ավելի արդյունավետ կկառավարեն: Իսկ գործող սահմանադրությունն ինչո՞վ է խանգարում, որպեսզի Սարգսյանը Որոտանի կասկադի վաճառքի գինն արհեստականորեն չիջեցներ ու այդքանով փայ մտներ, հետո էլ ամերիկյան կողմից ստացված գումարը՝ ոչ թե պետբյուջե մտցվեր, այլ թողնվեր այդ էներգահամալիրի տնօրինության տակ: Եթե այս գործարքի արդյունքում միանգամից մի քանի օրենք է խախտվել, սահմանադրությունն էլ օրենք է էլի՝ հիմնական օրենք, ի՞նչ երաշխիք, որ չի խախտվելու հետագայում կամ ի չարս չի օգտագործվելու նրա ընձեռած հնարավորությունները:

Այնպես, որ ինչպես պտտում ենք, իշխանափոխությունն անհրաժեշտություն է։ «Քառյակն» առայժմ առաջարկել է դրա փափուկ տարբերակը։ Մինչև սեպտեմբերի վերջ արդեն կերևա՝ գնալու ենք փափու՞կ, թե՞ կոշտ տարբերակով։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1427900790815037&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը