Քաղաքական

10.06.2014 15:04


Քառյակը տաբու չունի. բանը կարող է հասնել նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին

Քառյակը տաբու չունի. բանը կարող է հասնել նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ քառյակի՝ 12 կետից բաղկացած պահանջների կատարումը կնպաստի ժողովրդի վիճակի բարելավմանը։ Այսօր հրավիրված ասուլիսում, պատասխանելով հարցին՝ այս կետերի չկատարումը կհանգեցնի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականին, նա պատասխանել է.

–Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ մեզ համար տաբու հարցեր և տաբու խնդիրներ չկան։ Ա՛յս փուլում նպատակահարմար ենք գտել այս հարցերի առաջադրումը իշխանությանը։ Կլուծի՞, թե ոչ, դրանից հետո չորս քաղաքական ուժերի և ժողովրդի հետ կկայացնենք մեր որոշումը։

Ն. Զոհրաբյանն ավելացրել է, որ պետք չէ թերագնահատել փոքր քայլերը, քանի որ փոքր քայլերի հաջողությունը բերելու է լուրջ, բեկումնային հաջողության։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասել է, որ 12 պահանջից բաղկացած այս հայտարարությունը մեծ հաջողություն է և բավականին դժվարին աշխատանքի արդյունք։

–Հայտնի է, որ 4 քաղաքական ուժերը շատ տարբեր պատկերացումներ ունեն տարբեր հարցերի շուրջ, բայց բոլորիս միավորում է անհանգստությունը, որ երկիրը կործանվում է, վտանգված է ՀՀի և ԼՂՀի անվտանգությունը։ Պետք էր միավորել ռազմավարության մասին տարբեր պատկերացումներ ունեցող ուժերին մեկ միասնական ռազմավարության մեջ։ Եվ այս գործընթացի գլխավոր երաշխավորը հենց ինքը ժողովուրդն է,–ասել է Լ. Զուրաբյանը։

Կոնգրեսի անունից նա ավելացրել է, որ շարունակում են համոզված լինել՝ «երկրի գլխավոր չարիքը Սերժ Սարգսյանի ռեժիմն է», որից պետք է ազատվել։

–Բայց մենք նաև հասկանում ենք, որ պետք է ձևավորել միասնական օրակարգ։ Կարծում ենք, որ իշխանափոխությունը լիովին իրատեսական է, ավելին՝ հենց հիմա էլ դա կարելի է անել, և հենց որ ժողովրդական զանգվածները դուրս գան փողոց, իշխանություններն ուղղակի փախչելու են։ Ես վստահ եմ, որ այս իշխանությունը երկար դիմակայելու ռեսուրս չունի, մենք էլ իրավունք չունենք նրան ժամանակ տալ, որովհետև Հայաստանն օրեցօր կործանվում է,–նշել է Լ. Զուրաբյանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ քառյակի 12–կետանոց միասնական հայտարարությունը քաղաքական ուժերի համագործակցության բնագավառում նոր մակարդակի մշակույթ է համարում.

–Այսպիսով, ներկայացնում ենք իրական և շատ իրատեսական քայլեր, որոնք հնարավոր է իրականացնել և այն ժամկետներում իրականացնել, որոնք մատնանշել ենք։ Եթե նոր Կառավարությունն ուզում է իսկապես վստահություն ձևավորել, ապա պետք է կյանքի կոչի այն քայլերը, որոնք մենք առաջարկում ենք։ Քառյակը մի կարևոր քայլ կատարեց՝ համախմբելու բոլոր քաղաքական ուժերին, հասարակությանը այն խնդիրների շուրջ, որոնք մեծ հնչեղություն ունեն։ Իսկ եթե հարցեր ես բարձրացնում, և դրանք անընդհատ չեն կատարվում, գալիս է մեկ հարց՝ իշխանությունների փոփոխության։

Քառյակի համատեղ աշխատանքներն այս պահանջ–հայտարարությամբ չեն ավարտվում։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել է, որ շարունակելու են միասնական աշխատանքը և միասնական օրակարգի ձևավորումը.

–Մենք հասկացանք, որ 4–ով գնալը ճիշտ է, բայց առանց ժողովրդի առաջ գնալ չի լինի։ Սա մի փուլ է, որը սկիզբ է դնում որոշակի դինամիկ զարգացումների։

Նա հավելել է, որ Աստանայում տեղի ունեցածից հետո 12 կետերում որոշակի խմբագրում է եղել, և ավելացվել է ԼՂՀ–ի վերաբերյալ պահանջը։

–Աստանայից հետո որոշակի փոխություններ եղան, որովհետև չէինք կարծում, որ պետության հանդեպ նման արհամարհանք հնարավոր էր,–նշել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը