Մեկնաբանություն

10.06.2014 13:49


Սերժ Սարգսյանը, Որոտանի ձորերը եւ հերթական թանկացումը

Սերժ Սարգսյանը, Որոտանի ձորերը եւ հերթական թանկացումը

Այն, որ կասկածելի եւ անօրինական գործարքները խփում են մեր պետությանն ու ժողովրդին, վաղուց արդեն աքսեոմա է դարձել: Այսուհանդերձ, գործող իշխանությունները շարունակում են իրենց որոշումներով եւ քայլերով հարվածել պետությանն ու ժողովրդին՝ հաստատելով կանոնը:

Երբ հայտնի դարձավ Որոտանի հիդրոհամալիրի վաճառքի մասին, արդեն իսկ պարզ էր, որ երկիրը եւս մեկ ծանր հարված է ստանալու: Հետո ավելի քան պարզ դարձավ, որ գործարքը լեցուն է կասկածելի որոշումներով եւ ապօրինություններով: Կարող ենք վստահաբար նշել, որ այս գործարքը մեր անկախության ամենամութ եւ ամենախայտառակ կոռուպցիոն գործարքներից է, դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Այս վաճառքն անկասկած հարված է մեր էներգետիկ անվտանգությանը և սպասարկում է իշխանական նեղ շրջապատի շահը։

Արդեն իսկ բացահայտ հայտարարում են, թե շուտով էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է մոտ 4-5 դրամով: Պարզ է, որ թանկացման պատճառը նաեւ այս խայտառակ վաճառքն է:

Բազմիցս շեշտվել է, որ վաճառքն իրականացվել է օրենքների կոպիտ խախտումներով, ինչը արձանագրել են, թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղաքացիական նախաձեռնությունները, թե՛ անկախ փորձագետները:

Ավելի քան պարզ է, որ Սերժ Սարգսյանը հստակ նպատակ է հետապնդում ձեռք գցել Որոտանը: Ձեռք գցելուց հետո նա շտապելու է հսկայական եկամուտներ ստանալ: Իսկ եկամուտներ ստանալու համար նա պատրաստվում է ավելի թանկացնել էլէներգիան: Իսկապես հրեշավոր մտահաղցացում այն իրավիճակում, երբ երկրի տնտեսությունը խայտառակ վիճակում է, երբ ամեն օր նոր ձեռնարկություններ են փակվում, երբ ժողովուրդն ավելի ու ավելի քիչ էլէներգիա է սպառում:

Եւ հիմա, երբ գործարքը հասել է ավարտական փուլին, պետք է ամեն ինչ անել այն կանխելու համար: Հակառակ դեպքում մեր երկիրն էլ ավելի վատ վիճակում կհայտնվի:

Եթե մենք լռենք, եթե մենք ոչինչ չանենք, ապա ակամա կդառնանք այս հանցավոր գործարքի մասնակից: Մեկի մեղքը կլինի ավելի շատ, մյուսինը՝ քիչ, բայց դրանից էական փոփոխություններ չեն լինի: Կարեւորը գործարքը կանխելն է:

Արդեն իսկ գործարքն ամբողջովին չկայացած թանկացնում են էլեկտրական էներգիան: Կարելի է կռահել, որ կայանալուց հետո հոսանքն ավելի թանկ կլինի: Ակնհայտ է, որ այս անգամ 4-5 դրամ թանկացումով գործը չի ավարտվի:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը