Կարծիք

10.06.2014 11:04


«Խաղաղ պայմաններում նման համագործակցությունը կարելի էր համարել անհնարին և անտրամաբանական»

«Խաղաղ պայմաններում նման համագործակցությունը կարելի էր համարել անհնարին և անտրամաբանական»

«Ուզում ես խաղաղություն, պատրաստվի՛ր պատերազմի»
(Si vis pacem, para bellum)

Թալանի իշխանությունն ու բարոյալքված զինվորական վերնախավը մի քանի տարում միահամուռ ուժերով տանուլ տվեցին խաղաղությունը: Ուստի առաջին հերթին մեզ հարկավոր է համընդհանուր մոբիլիզացիա՝ քաղաքական դաշտի ու հզոր անհատների, որպեսզի հնարավոր լինի օգտագործել վերջին շանսը՝ պատերազմից խուսափելու, իսկ եթե դա արդեն հնարավոր չէ, գոնե հաղթական ելքով պատերազմ մղելու: Չէ՞ որ ոչ միայն մենք գիտենք, այլ նաև թշնամին, որ մեր երկրի ղեկավարը եթե նախկինում հրաժարվել էր ազատագրված տարածքներից, հիմա արդեն հրաժարվում է Ղարաբաղից: Դե արի ու այս գերագույն գլխավոր հրամանատարով զինվորների մարտական ոգին բարձրացրու, որպեսզի կարողանաս հաղթել պատերազմում, երբ նա քեզ վաղօրոք ներշնչում է, որ դու կռվելու ես ուրիշի տարածքների համար:

Եվ վերջապես, իրականության զգացումը կորցրած, աթոռի գերի նախագահով պատերազմում կարո՞ղ ես հաղթել:

Իր պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանը շատ սխալներ է թույլ տվել, խաբել ժողովրդին ու ստերով կերակրել: Նրա սխալներն ու ապօրինությունները կարելի է օրերով թվարկել, բայց շատերի մոտ մի թյուր կարծիք կար, որ ինչ էլ լինի, Ազատիչը Ղարաբաղի շահերին դեմ չի գնա, այդ գիծը չի անցնի: Բայց Աստանայից հետո այդ գիծն էլ անցավ, ու Ծաղկաձորում Ղարաբաղն ուրացավ իր պատկերացումների մեջ:

Այսօր արդեն պետական մակարդակով են խոստովանում, որ կանգնած ենք պատերազմի վտանգի առաջ: Թեպետ հաղթանակած ժողովրդին ու բանակին պետք է որ դա այնքան էլ չանհանգստացներ: Բայց եթե հրամանատարդ խուճապահար լինող ու կարևոր պահերին մուշ–մուշ քնող Սերժ Սարգսյանն է՝ իր «ուռող-թռնողների» հրամկազմով, կնշանակի, բառիս բուն իմաստով, մեր բանակն անտեր է: Ու պետք չէ խաբվել որոշ գործիչների ինքնավստահ հոխորտանքների վրա, թե իրենք Բաքվում կիսատ գործեր ունեն ու ռուսների տված զենքի կեսը վերցնելու են: Գաղտնիք չէ, որ հարբածի համար ծովը ծնկներից է, իսկ թմրանյութի ազդեցության տակ «օդում սավառնողներն» էլ ամեն ինչին վերևից են նայում: Սրա՞նց շուրջ ենք համախմբվելու, որ հաղթենք:

Այո՛, պատերազմը թակում է մեր դռները: Հայրենիքը վտանգի տակ է, ուստի մեր երկրի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր ոք պարտավոր է մի կողմ դնել տարաձայնություններն ու անձնական ամբիցիաները և մասնակիցը դառնալ համընդհանուր համախմբման: Այդ տեսանկյունից կարևորում եմ նաև Գագիկ Ծառուկյանի մոտեցումը. «Ակնհայտ է, որ երկիրն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է լինելու անձերի համագործակցությունը: Խոսքը ՀՀ առաջին ու երկրորդ նախագահների մասին է»:

Խաղաղ պայմաններում նման համագործակցությունը կարելի էր համարել անհնարին և անտրամաբանական, իսկ այս լարված իրավիճակում՝ ուղղակի անխուսափելի: Ասել է թե՝ մեր աչքի առաջ անհնարինը կարող է դառնալ ակնհայտ: Հուսով եմ, որ ոչ միայն այդ երկու պետական այրերը կգիտակցեն, որ հապաղելը հավասարազոր է պարտության, այլև նրանց թիմերն ու համակիրները: Եվ ինչպես ասում են. «Պատերազմում՝ ինչպես պատերազմում» (На войне как на войне), իսկ այդ իրավիճակում հարաբերություններ պարզելու ժամանակը չէ:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1426637727608010&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը