Կարծիք

10.06.2014 09:47


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

Վեց տարի առաջ, երբ մեկնարկեց հավասարակշռված արտաքին քաղաքականությունից հրաժարվելու գործընթացը, մի շարք պետական մտածելակերպ ունեցող անհատներ զգուշացրեցին, որ դա կարող է երկիրն ու հայությանը կանգնեցնել լուրջ մարտահրավերների առջև։ Դեռ այն ժամանակ ասվում էր, որ ԼՂՀ հարցով «խաղաղ, զիջողական» քաղաքականությունը վտանգներով լի է, դա էր նաև ապացուցում «գեբելսյան» քարոզչամեքենայի ակտիվ գործունեությունը «խաղաղության» պրոպագանդայի հարցում։ Հասարակության մեջ ակտիվ «սրսկվում» էր այն միտքը, որ «այո, երկրում վիճակը լավ չի, զատո պատերազմ չկա», որը, ճիշտ է, աշխատեց, բայց հօգուտ իշխանության ու ի վնաս մեր բանակի ու ազգի։

Եկեք համաձայնենք, որ սրանց հանձնողական էության պատճառով Ադրբեջանը, որը ոչ վաղ անցյալում անգամ մտքով չէր անցկացնի լուրջ հարձակումներ կատարել սահմանագծում, այսօր արդեն իսկ սահմանը խախտելու փորձ է անում, և ոչ միայն ԼՂՀ–ում։

Երկրորդ՝ ամեն սպանված զինվորի մայր առաջին հերթին իր ցավն ու վիշտն ուղղում է դեպի ազգային բանակը (հասկանալի է, որ որդեկորույս մայրը չի նստելու ու վերլուծի, որ որդու մահվան մեղքը պետք է փնտրել ոչ թե ազգային բանակում, այլ նրա գլխավոր գերագույն հրամանատարի հանձնողական ու նյութապաշտ էության մեջ, որը նաև երկրի նախահահն է, և, ըստ ՀՀ սահմանադրության 54–րդ հոդվածի, երկրի ու նրա ժողովրդի անվտանգության պատասխանատուն ), որը մեր ազգի ու երկրի անվտանգության երաշխավորն է։
Դեևս վեց տարի առաջ պետք էր ոչ թե միֆերով ապրել՝ «զատո պատերազմ չկա», այլ համակարգային մտածել՝ ինչո՞ւ է նման գաղափար շրջանառության մեջ դրվել։ Հիմա կա այն, ինչ կա՝ հարաբերական կայունության բացասական տեղաշարժ։ Ձեր երազած ապահով Հայաստանը վաճառեցիք 5000 դրամով, արդյունքում ստացաք «Ապահով Հայաստան», ու պետք չէ ձեր ծախվածության հետևանքով ստեղծված վիճակի մեղքը գցել ազգային բանակի վրա։ Ուզում եք արդարությո՞ւն, ուզում եք՝ կորուստներ չունենա՞նք, յուրաքանչյուր զինվորի կյանքը մեծագույն արժեք է գաղափարո՞վ եք առաջնորդվում, նպաստե՛ք երկրում քաղաքական փոփոխություններին։ Քիչ հուզվեք ու ավելի շատ մտածեք երկրում իշխանություններին սահմանադրական հանրաքվե անցկացնելը թույլ չտալու ուղղությամբ։ Քանզի այդ հանրաքվեում իշխանության խփած տոկոսները կարող են այնպիսի ուժգնություն ունենալ, որ երկու հայկական պետությունները չդիմանան։

Մենք այլևս հարաբերական խաղաղության պայմաններում չենք ապրում։ Ու պետք է անջատել հուզականության «ապահովիչը». դա միայն խանգարելու է, փոխելու երկրում ստեղծված այս իրավիճակը։
Եթե մենք ուզում ենք արտաքին քաղաքականության մեջ հաջողություններ գրանցել, ապա պետք է փոխել ներքին կյանում վարվող քաղաքականության վեկտորը։ Հակառակ դեպքում անհայրենիք պանդխտության թեման ավելի քան արդիական կդառնա՝ մտնելով ամեն հայկական ընտանիք։

Հ. Գ. «Պաչկաներով» իրավաբաններ, միջազգայնագետներ ու տնտեսագետներ պահանջարկից շատ թողարկելու փոխարեն բարձր որակավորում ունեցող բուժքույրեր, սպաներ, զինագործներ և այլ օգտակար մասնագետներ պետք է պատրաստվեն։ Սա՛ է իրականությունը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=668125339934147&id=100002100614148

Այս խորագրի վերջին նյութերը