Քաղաքական

10.06.2014 09:23


Լևոն Զուրաբյան. «ՀՀ–ի ու ԼՂՀ–ի միջև պետք է գործի տնտեսական ռեժիմ»

Լևոն Զուրաբյան. «ՀՀ–ի ու ԼՂՀ–ի միջև պետք է գործի տնտեսական ռեժիմ»

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ՌԴ Դաշնային Խորհրդի եւ ՀՀ ԱԺ համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանում (Նիժնի Նովգորոդ):

«Միջխորհրդարանական հանձնաժողովի հարգելի համանախագահողներ, մեր երկու երկրների հարգելի դեսպաններ, նստաշրջանի հարգելի մասնակիցներ:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ինչը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու ցանկության մասին է վկայում: Բարեկամության խմբերը, այնպիսին, ինչպիսին՝ մերն է, ստեղծվում են հենց բարեկամական կապերի խորացման, ազգային շահերի փոխադարձ լոբբինգի, առաջացող խոչընդոտների վերացման եւ խնդրահարույց հարցերի լուծման համար:

Մենք ձեզ դիտարկում ենք որպես Ռուսաստանի իշխանական համակարգում մեր ընկերների եւ հենց այդ պատճառով էլ ձեզ ենք դիմում այնպիսի հարցերով, որոնց լուծումը դաշնակցային փոխհարաբերությունների խորացման համար համարում ենք անհրաժեշտ:

Հարցը, որը ես արդեն բարձրացրել եմ Պետդումայի փոխխոսնակ Իվան Իվանովիչ Մելնիկովի հետ երեկվա հանդիպման ժամանակ, վերաբերում է Եվրասիական միության ստեղծմանը եւ շոշափում է հայերի համար շատ զգայուն՝ Լեռնային Ղարաբաղի հարցը:

Մայիսի 29-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղրղզստանի նախագահների հանդիպման ժամանակ, նախագահ Նազարբաեւի կողմից հնչեցվել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի նամակը, որում նա պահանջում է Հայաստանին ընդունել Եվրասիական միություն՝ այն վերապահումով, որ Հայաստանը կընդունվի Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով:

Ինչո՞ւ է դա արժանացել մեր լուրջ արձագանքին: Բանն այն է, որ նման վերապահումը ենթադրում է մաքսային վերահսկողության հաստատում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Ինչպես հայտնի է՝ Ղարաբաղի հետ հակամարտության պատճառով Ադրբեջանը 1991 թվականից իրականացնում է Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակում, եւ այդ ժամանակվանից Հայաստանը Ղարաբաղի բնակչության համար հանդիսանում է դեպի աշխարհ միակ ելքը, ինչը թույլ է տալիս իրականացնել մարդկանց ազատ տեղաշարժ եւ ազատ առեւտուր:

Հայաստանի հետ սահմանին մաքսային վերահսկողության հաստատումը լուրջ հարված կհասցնի ԼՂ բնակչության իրավունքներին, որն առանց այդ էլ տառապել է շրջափակման, զինված հակամարտության եւ իր պետականության չճանաչված լինելու պատճառով:

Բնական է, որ իրերի նման դրությունը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գաղափարին կստեղծի լուրջ հակազդեցություն: Քանի դեռ լուծված չէ ԼՂ հիմնախնդիրը, միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրասիական միությունը, պարտավոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված ծանր կացությունը ընկալել նախեւառաջ որպես մարդասիրական, եւ ոչ՝ քաղաքական խնդիր:

Այդ պատճառով, մենք առաջարկում ենք, որ դուք, որպես Ռուսաստանում մեր առաջնային ընկերներ, օգտագործեք ձեր ազդեցությունը՝ այդ զգայուն խնդիրը լուծելու համար: Իսկ դա նշանակում է, որ միջազգային հանրությունը՝ Հայաստանի Հանրապետության հետ ցանկացած պայմանագիր կնքելիս պետք է օգտագործի այն նախապայմանը, որի համաձայն՝ մինչեւ ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցությունների արդյունքում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կգործի տնտեսական ռեժիմ, որը դե ֆակտո գործում է 1994 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կնքված զինադադարի օրվանից:

Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/30518.html

Խմբ. կողմից – Աստանայում Սերժ Սարգսյանի լռությունից հետո տարբեր տեսակետներ են հնչում, թե ինչ պետք է ասեր նա ի պատասխան Նազարբաևի միջոցով Ալիևի հնչեցրած պահանջների։

Լ. Զուրաբյանի ելույթում առկա բանաձևը, որը վերաբերում է ՀՀ և ԼՂՀ միջև առկա տնտեսական ռեժիմին, այն է, ինչ պետք է ի թիվս այլ բանաձևերի ներկայացներ Սարգսյանն Աստանայում, սակայն ձայն չհանեց, իսկ հետագայում էլ (Ծաղկաձորում) համաձայնեց Ալիևի պահանջների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը