Կարծիք

07.06.2014 13:06


Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

«ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ, ԶԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՂՈԻՄԱՐԲԱԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ Է ՇՓՈԹՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԴ»

Համառոտ դիտարկենք քաղաքական օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում ու նրա շուրջ.

- Մեզ մերժեցին դառնալ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ, իսկ հետագա անդամակցությունն էլ կախված է ՀՀ-ԼՂՀ տարանջատումից, որին ըստ էության Սերժ Սարգսյանը համաձայնեց,

- Իրանի սահմանի մոտ ազատ առևտրի գոտի ստեղծելու մեր նախաձեռնությունը կարող է վտանգվել ԵԱՏՄ-ին մեր անդամակցելուց հետո, քանի որ հնարավոր չի լինի Իրան-Հայաստան միջպետական առևտրատնտեսական ռեժիմով գործարկել այն,

- Գազն ու էլեկտրաէներգիան, չնայած հավաստիացումներին, կթանկանան,

- Մեծ ութնյակը գագաթաժողով անցկացրեց առանց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, նոր պատժամիջոցները վերջինիս հանդեպ կարող են ազդել նաև մեր երկրի վրա,

- ՌԴ-ն պաշտոնական մակարդակով ակնարկեց Ադրբեջանին, որ վերջինս կարող է անդամագրվել ԵԱՏՄ-ին, ընդ որում՝ հասկացնելով, որ չլուծվող խնդիրներ չկան (հարցը, բնականաբար, Ղարաբաղին էր վերաբերում),

- ՌԴ արտգործնախարարը պատրաստվում է այցելել Ադրբեջան, իսկ մինչ այդ, դարձյալ պաշտոնական մակարդակով, հայտարարվեց, որ Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը Հարավային Կովկասում,

- Ալիևը Թուրքիայում Ղազախստանի նախագահ Նազարբաևի հետ քննարկեց Ղարաբաղի հարցը: Նազարբաևն իր հերթին Թուրքիային հրավիրեց անդամագրվել Եվրասիական տնտեսական միությանը,

- երեկ թշնամու գնդակից զոհվեցին մեր երկու զինծառոյողները, իսկ արտառոցը ոչ միայն դա էր, որ այս անգամ երկու հոգի էին, այլ, որ կրակեցին Նախիջևանի կողմից, ինչը հեռու տանող վտանգներ է պարունակում իր մեջ:

Թվարկումը կարելի է շարունակել, բայց կանգ առնենք ու տեսնենք, թե այսքան բանից հետո ի՞նչ էր անում երեկ Հայաստանի նախագահը՝ մեր զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Արցախի անվտանգության երաշխավորը: Գուցե արտակարգ հավա՞ք էր կազմակերպել, անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, հանդիպել գեներալիտետի հե՞տ: Ինչ էլ երևակայություն ունեք, տնաշեննե՛ր։

Սարգսյանը բավական հագեցած գրաֆիկ ուներ. գնացել էր գեղասահքի դպրոց, հաճելի հանդիպումներ ունեցել այնտեղ, հետո այցելել կարամելի գործարան, իրավիճակին ծանոթացել ու կատարված աշխատանքից գոհ ավարտել օրը:

Կար մի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի օլիմպիական հանգստությունը հնարավոր էր լինում պարտակել սառնասրտության տակ, որ նա խորհրդավոր լռության քողի տակ զբաղված է լուրջ ռազմավարական ծրագրեր մշակելով: Բայց եթե փորձագիտական մակարդակով երեկ չէ առաջին օրն էր պարզ, որ Սարգսյանը պարզապես քայլող, մեկ-մեկ էլ՝ կարևոր հանդիպումների ժամանակ աչքը կպցնող ձախողված գործիչ է, պատուհաս մեր երկրի գլխին, ապա մեր ժողովրդի մեծ մասն այդ ամենն իմացավ երեկ, իսկ այսօր արդեն ողջ աշխարհը գիտի այդ մասին:
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է սպասվում մեզ վաղը, երբ բոլորին է հայտնի, որ բախտորոշ պահին «մեծն սսկվողը» իրավիճակին բացարձակապես չտիրապետող, ոչ ադեկվատ մարդ է ու վե՛րջ:

Բայց սա էլ ունի իր բացատրությունը: Ինչպես կասեր դասականը, եթե ապրեր մինչև մեր օրերը. «Ողբամ զքեզ, հայոց աշխարհ, զի քաղաքականությունը ղումարբազության հետ է շփոթում նախագահդ»:

Սերժ Սարգսյանը աճուրդի է հանել Ղարաբաղը, հիմա խաղադրույք է կատարել Հայաստանով: Բայց խաղի ընթացքից հասկանում է, որ տարվածը հետ բերել չի կարող, այդ իսկ պատճառով հայտարարեց, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ՝ ոչ իրավաբանորեն, ոչ էլ մեր պատկերացումներում:

Հիմա տանուլ է տալիս նաև Հայաստանը: Բայց գործող նախագահին այլ բան է մտահոգում, քան այն հարցը, թե կկարողանա՞ արդյոք որևէ կարգավիճակով մնալ իր աթոռին՝ խաղասեղանի մոտ: Ախր ղումարբազությունը հիվանդություն է. հաղթես թե պարտվես, մեկ է՝ խաղը դադարեցնել չես կարողանում:

Դրա համար ստիպված «դրսում» գնում է ցանկացած զիջման: Բայց ինչպես ասում են՝ սա դեռ ամենը չէ: Երեկվա այդ խառը վիճակում անվանի իրավաբանների իր «մատյան գունդն» էր հանել պայքարի և ուղարկել ԱԺ պատգամավորների դեմ՝ ապացուցելու, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, այլապես Սերժ Սարգսյանն առանց խաղի չի դիմանա:Մի հարցնող լինի՝ իսկ մեր երկիրն այս վիճակին կդիմանա՞:

Կարծում եմ, որ անկախ քաղաքական հայացքներից, զբաղեցրած դիրքից, սոցիալական վիճակից, տարիքից, մի խոսքով՝ ազգովին պետք է համախմբվենք ու չարիքի դեմն առնենք, ավելի ճիշտ՝ այս չարի վերջը տանք:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202340900426392

Այս խորագրի վերջին նյութերը