Կարծիք

07.06.2014 12:02


«Ծառուկյանը նախանշեց երկիրը ոտքի կանգնեցնելու ուղիները, և դրա համար Սահմանադրություն փոխել պետք չէ»

«Ծառուկյանը նախանշեց երկիրը ոտքի կանգնեցնելու ուղիները, և դրա համար Սահմանադրություն փոխել պետք չէ»

Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց երիտասարդների հետ ու պատասխանեց մի շարք կարևոր հարցերի: Ես ինձ համար այդ հարցերից առանձնացրեցի այն, որ Ծառուկյանը, ըստ էության, նախանշեց այն ուղիները, ինչի միջոցով հնարավոր է Հայաստանը դուրս բերել այս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից, այն ճանապարհը, որով մեր երկիրը կարելի է ոտքի կանգնեցնել:

Ծառուկյանի խոսքերով` առաջին հերթին պետք է ստեղծել հավասար պայմաններ բոլորի համար, որպեսզի կուսակցական պատկանելությունը չազդի մարդու գործելու, գումար վաստակելու, երկրին օգուտ տալու հնարավորության վրա: Բացի այդ, անհրաժեշտ է մեր երկրում ստեղծել մի համակարգ, որի պարագայում օտարերկրյա նեդրողները կամ, ինչո՞ւ չէ, մեր երկրում ապրող գործարարները չվախենան ներդրումներ կատարել, ստեղծել միջավայր, որտեղ սեփականությունը պաշտպանված կլինի, ու մարդը կիմանա, որ մաքուր ու արդար աշխատելու պարագայում նրա «հացին վայիս ըլնող» չի լինի: Այլ կերպ ասած, անհրաժեշտ է սեփականության անձեռնմխելիության երաշխիքներ ապահովել: Բացի այդ, այն ներդրողները, ովքեր իրենց կապիտալը կնդերդնեն մարզերում 10 տարի հարկային արձակուրդներ կունենան: Սրանով մենք կլուծենք թե՛ երկրի համաչափ զարգացած լինելու խնդիրը, թե՛ կվերադարձնենք մարդկանց սահմանամերձ գոտիներ: Բոլորն էլ գիտեն, որ երկիրը նաև իր սահմաններով է ամուր:

Անհրաժեշտ է նաև բանկային համակարգում փոփոխություններ իրականացնել, որ մարդիկ «չճռռան» տոկոսների տակ, ու չվախենան վարկ վերցնելով՝ սեփական բիզնեսը զարգացնել, հողագործությամբ զբաղվել, իրենք իրենց ապահովել ու պետությունը զարգացնել:

Եվ մեկ կարևոր կետի մասին խոսեց Ծառուկյանը՝ բյուջեի գումարներին կպնողի ձեռքից պետք է ամուր բռնել: Այլ կերպ ասած, բյուջեի միջոցները մսխողները պետք է օրենքի առջև պատասխան տան ամենայն խստությամբ:

Սրանք կետեր են, որոնց իրականացումը հնարավորություն կտա երկիրը դուրս բերել ծանր իրավիճակից: Եվ, ինչպես տեսնում եք, այս ամենն իրականացնելու համար նոր Սահմանադրություն պետք չէ. պետք է քաղաքական կամք, որն այս իշխանությունները չունեն: Հետևաբար, մեզ պետք է նոր որակի իշխանություն, ոչ թե նոր Սահմանադրություն:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը