Լրահոս

06.06.2014 11:13


Քննարկում Ստեփանակերտում. «Արցախը Հայաստանի անքակտելի մաս է»

Քննարկում Ստեփանակերտում. «Արցախը Հայաստանի անքակտելի մաս է»

Եվրասիական միության ստեղծումը, դրան Հայաստանի միանալու ցանկությունը և Արցախի խնդիրը, ինչպես նաև օրեր առաջ ՀՀԿ երիտթևի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարածը, թե «Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում» քննարկման առարկա էր դարձել Ստեփանակերտում, հունիսի 5-ին, «Ազգային վերածնունդ» կուսակցության կազմակերպած «Եվրասիական միություն. մարտահրավերներ և հնարավորություններ Արցախի համար» թեմայով կլոր սեղանի ընթացքում:

Կլոր սեղանին կուսակցականներից բացի մասնակցում էին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ: Քննարկման մասնակիցներն ընդունեցին հայտարարարություն, որտեղ նշվում է. «Այն գործիչը, ով Արցախը Հայաստանի մաս չի համարում, իրավունք չունի բանակցություններ վարել Արցախի ճակատագրի շուրջ: Արցախը Հայաստանի անքակտելի մաս է: Սրա իրավական ամրագրումը պետք է տեղի ունենա ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչմամբ և ապա երկու պետությունների միավորման ձևով: Հայաստանը չպետք է մաս կազմի որևէ վերազգային կառույցի: Հայության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է: Արցախի լավագույն երաշխավորը ինքնիշխան, միացյալ Հայաստանն է»:

Կլոր սեղանի մասնակիցները կոչ են անում նաև Արցախի Ազգային ժողովին և նախագահին հստակ արտահայտել իրենց դիրքորոշումները Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ:

Կլոր սեղանի մասնակիցները դիմում են ժողովրդին՝ բարձրացնելու հասարակական ինքնակազմակերպման աստիճանը, ուժեղացնելու ժողովրդի կողմից իշխանությունների հսկողությունը՝ նրանց ճակատագրական սխալներից հեռու պահելու նպատակով:
«Ազգային վերածնունդ» կուսակցություն

Ստեփանակերտ

Այս խորագրի վերջին նյութերը