Կարծիք

05.06.2014 16:55


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովն այսօր հերթական հանդիպումն ունեցավ, հիմա էլ ԱԺ պատգամավորների հետ: Չեմ կարծում, որ հանձնախմբի անդամները չեն գիտակցում, որ ամենահեղինակավոր գիտնականն անգամ, եթե ձեռնամուխ լինի հասարակությանը համոզելուն, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը բխում է Հայաստան պետության ու հայ ժողովրդի շահերից, ապա այդ անձնավորությունը կկորցնի ոչ միայն հեղինակությունը, այլև կասկածի տակ կդնի իր պրոֆեսիոնալիզմը, անկախ նրանից, թե ինչպիսի գեղեցիկ բառերով է հիմնավորում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Կարծում եմ՝ հանձնաժողովն իր բազմաթիվ հանդիպումներից հետո, ոչ թե կարողանալու է հասարակությանը սահմանադրական փոփոխություներին տրամադրել, այլ ստիպված է լինելու գործող նախագահին համոզել՝ վերջնականապես հրաժարվել իր այդ սևեռուն մտքից:

Այդ իսկ պատճառով, ոչ մի պարագայում չի կարելի առաջնորդվել գործող նախագահի կեղծ օրակարգով ու խաղալով նրա պարտիան՝ փորձել հաղթել դրանում:
Այս տեսանկյունից բավական խոսուն էր Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա՝ «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը» վերտառությամբ վերլուծության կարևոր շեշտադրումներից մեկը. «Ուստի պահի հրամայականն է օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից։ Իսկ եթե դա մոտակա ժամանակներս չհաջողվի եւ բանը հասնի սահմանադրական հանրաքվեի, ապա այդ հանրաքվեն, համազգային անվստահության ցույցի վերածելով, պետք է դարձնել իշխանափոխության վերջին, վճռական հանգրվանը»։

Այսինքն սահմանադրական հանրաքվեի օրը ոչ թե պայքարի սկիզբն է, այլ՝ վերջնաժամկետը: Իսկ ամեն ինչ պետք է անել, որպեսզի գործը հանրաքվեին չհասնի:
Եվ, եթե Սարգսյանը փորձում է վստահ կեցվածք ընդունելով մեզ համոզել, թե ինչ էլ կատարվի ինքը վերարտադրվելու է, ապա պակաս կարևոր չէ, որպեսզի քաղաքական ու քաղաքացիական ուժերի համախմբման շնորհիվ առավել վստահությամբ ցույց տրվի, որ ինչ էլ լինի գործող նախագահը վերարտադրվելու շանս չունի:

Ավելի լավ է սահմանադրական փոփոխությունների այս ձախողված թատերականացված միջոցառմանը վերջ տալ ու անցնել երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու գործին: Իսկ, եթե Սարգսյանն իսկապես իրավիճակը լուրջ վերլուծի, ապա կհասկանա, որ առանց իր հրաժարականի մեր երկիրն առաջընթաց ունենալ չի կարող, որ մեր առաջընթացի թիվ մեկ խոչընդոտը հենց ինքն է:

Հետևաբար՝ սահմանադրական հանրաքվեի առիթը պետք է օգտագործել իշխանափոխության համար, եթե իհարկե դա տեղի չունենա շատ ավելի շուտ։

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202334672870707

Այս խորագրի վերջին նյութերը