Քաղաքական

05.06.2014 14:49


Նաիրա Զոհրաբյան. «Եթե փորձ արվի պարտադրել Սահմանադրական այս փոփոխությունները, ապա հետևանքները վատ կլինեն» (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյան. «Եթե փորձ արվի պարտադրել Սահմանադրական այս փոփոխությունները, ապա հետևանքները վատ կլինեն» (տեսանյութ)

Սահմանադրական փոփոխությունների այս քննարկումը առաջարկելով` փորձ է արվում ձևավորել խիստ արհեստական օրակարգ, որը կապ չունի ժողովրդի իրական օրակարգի հետ՝ այն մարտահրավերների հետ, որի պահանջը այսօր առաջարկում է ժողովուրդը: Այդ մասին «Zham. am»-ի հետ զրույցում սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկման ընդմիջման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Բացարձակապես հասարակական պահանջ չկա սահմանադրական փոփոխությունների. բազմիցս ասել ենք, որ մեր երկրի պրոբլեմը ոչ թե օրենքներն են, Սահմանադրության լավ կամ վատ լինելը, այլ այն, որ գործող Սահամանադրությունն ինքը չի գործում, կամ գործում է ընտրողաբար, գործում է՝ սպասարկելով այս կամ այն թիմի շահը: Այսօր հանրության առջև ծառացած է շատ ավելի լուրջ հրատապ օրակարգ, «սոս» օրակարգ, ես այդպես կձևակերպեի: Դա ամեն օր ահագնացող արտագաղթն է, գործազրկությունն է, դա աղքատությունն է, դա ամեն օր մի գույժն է, այսօր արդեն հերթական գույժը էլեկտրաէներգիայի թանկացման, և ահա այս հրատապ օրակարգը նախ պիտի առաջ քաշվի, այս հրատապ օրակարգը պետք է լուծվի, ոչ թե պիտի փորձ արվի հերթական օրակարգով հանրության ուշադրությունը շեղել»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ քննարկման ժամանակ ասվել է, որ ցանկացած խնդիր, եթե չունի հասարակության աջակցությունը, եթե առաջ չի մղվում հասարակության աջակցությամբ, ավելի վատ հետևանքներ է ունենալու:

Զոհրաբյանը նշեց, որ եթե փորձ արվի պարտադրել սահմանադրական այս փոփոխությունները, ապա հաստատապես հետևանքները ավելի վատ են լինելու:


«Մենք բոլորս պիտի ընդունենք, որ այսօր չկա վստահության մթնոլորոտ, իսկ նման լրջագույն փոփոխությունների կարող է գնալ այն իշխանությունը, որը ունի հանրային վստահություն: Զրոյական այս վստահության պայմաններում ուղղակի անթույլատրելի է փորձել արհեստական օրակարգ ներմուծել՝ ժողովրդի ուշադրությունը փորձելով շեղել հիմնական, հրատապ «սոս» օրակարգից: ԲՀԿ-ն, բնականաբար, բովանդակային քննարկման չմտավ, չենք էլ պատրաստվում մտնել, որովհետև, կրկնում եմ, սա արհեստական օրակարգ ձևավորելու փորձ է»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը