Կարծիք

04.06.2014 23:30


ԱՍՔ ՆԱՂԴ «ԲԱՆԻ» ՈՒ ՆԻՍՅԱ ԵՐՇԻԿԻ ՄԱՍԻՆ

ԱՍՔ ՆԱՂԴ «ԲԱՆԻ» ՈՒ ՆԻՍՅԱ ԵՐՇԻԿԻ ՄԱՍԻՆ

Սերժ Սարգսյանը հավաստիացնում էր, որ իրենց շտապողականությունը պայմանավորված էր նրանով, որպեսզի Հայաստանը լինի Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ: Ու երբ դա մայիսի 29-ին Աստանայում տեղի չունեցավ, փորձում են համոզել, թե մի քանի աննշան դետալներ են մնացել շտկելու, լուրջ հարցեր չկան, ու մի 15 օրվա ընթացքում կանդամակցենք ԵՏՄ-ին:

Եթե հարցերն աննշան էին, ինչո՞ւ հնարավոր չեղավ դրանք համաձայնեցնել մինչև Աստանայի գագաթաժողով, կամ ինչո՞ւ մի քանի օրով չհետաձգեցին հավաքը, որպեսզի ոչ թե երեք, այլ չորս պետություններով հիմնադրեին ԵՏՄ-ն, ինչն ավելի ներկայացուցչական կդարձներ կազմակերպությունը, մանավանդ որ նախապես այդպես էր պլանավորած, ինչպես մեզ էին հավաստիացնում:
Ակնհայտ է, որ ուղղակի չցանկացան, որպեսզի ՀՀ-ն դառնա հիմնադիր անդամ, և հստակ նախապայման դրվեց՝ Ղարաբաղի ու Հայաստանի միջև սահման գծել, որպեսզի Ալիևին չգրգռեն։

Չենք մոռացել, որ ժամանակին որքան էլ փորձում էին իշխանությունները լղոզել, հետո պարզվեց, որ Թուրքիան էլ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորեց Ղարաբաղի հարցով, ուստի Աստանայի հավաքը պետք է մեզ լրջորեն անհանգստացնի:

ՀՀ-ն 4 տարի բանակցում էր ԵՄ-ի հետ, սակայն մեր երկրի ու Ղարաբաղի անվտանգությունից ելնելով՝ իշխանությունները հրաժարվեցին Արևմուտքի հետ գործընկերությունից ու ցանկություն հայտնեցին մտնել ՄՄ, այնուհետև՝ ԵՏՄ հիմնադիր անդամ դառնալ՝ դրանով ծանր հարված հասցնելով մեր երկրի միջազգային վարկին, դարձնելով մեզ անլուջ պետություն Արևմուտքի աչքում։ Ու այդքանից հետո մեզ մերժում են ԵՏՄ-ում՝ նախապայման առաջ քաշելով:
Հիմա պետք է որ իշխանական վերնախավում տագնապ հնչեցվեր, որ մեզ հայտարարվել է դիվանագիտական պատերազմ, և արտակարգ հավաքների միջոցով փորձ պետք է արվեր լուծումներ գտնել այս փակուղային վիճակից դուրս գալու համար: Մինչդեռ, սրանց մի մասը ուզում է մեզ համոզել, թե Սարգսյանն ինչ անում է, ճիշտ է անում, իսկ եթե ոչինչ էլ չի անում, ուրեմն ճիշտ է անում, որ ոչինչ չի անում: Մյուս մասն էլ՝ Ազատիչի «ուղեղային կենտրոնը», վաղը կհավաքվի ու դարձյալ մեզ կփորձի համոզել, որ այս էքստրեմալ վիճակից դուրս գալու միակ ճիշտ քայլը Սահմանադրության փոփոխությունն է, որպեսզի Սարգսյանը կարողանա հավերժ կառավարել:

Կորցնում ենք Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ, իսկ սրանք իրենց մի կտոր լափը չեն ցանկանում կորցնել, երբ արդեն հասցրել են մուլտիմիլիոնատերեր դառնալ ու արդեն վաղօրոք են լափել իրենց հարյուրամայակների լափը:

Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչպես է եղել, որ թուրքերը մեկուկես միլիոն հայ են կոտորել, մի այդքանին էլ բռնի տեղահանել, իսկ թուրքական իշխանությունների լափամանից օգտվող մեր հայրենակիցները համոզում էին, որ ամեն ինչ նորմալ է, ու պետք չի պանիկա գցել կամ էլ սեպ խրել մեր երկու ժողովուրդների միջև:
Ինչ խոսք, Անաստաս Միկոյանի արածներն արդարացում չունեն, բայց հիշենք, թե նա ում կամակատարն է եղել՝ ամենազոր Ստալինի, որի կամքին եթե չենթարկվեր, ապա «վոժդը» նրան ազգուտակով կվերացներ, փախներ երկրից՝ դրսում վերջը կտար՝ Միկոյանը Տրոցկուց ուժեղ չլիներ:

Իսկ հիմա տեսնենք, թե Սերժ Սարգսանն ի՞նչ է անելու, եթե իրեն չենթարկվեն: Այնքան մարդ, որ ամեն անգամ հավաքվում է, որպեսզի խելք խելքի տան, թե Սարգսյանի հեթական ցնդաբանության տակից ինչպես դուրս գան, եթե հենց այդքանը մի օր հավաքվեն ու վերջնական որոշում կայացնեն, որ մերօրյա այս Պանիկովսկին անտանելի է դարձել, ապա Ազատիչն ուղղակի հաշված օրերի ընթացքում ստիպված կլինի հեռանալ: Բայց ամեն մեկը մտածում է, թե որքանով է դա իրեն ձեռնտու, կկարողանա՞ արդյոք լափամանի մոտի իր բարդ ու պատասխանատու տեղը պահպանել իշխանափոխությունից հետո, իսկ ազգի ու պետության շահերը դատարկ խոսքեր են իրենց համար:

Մեկ-մեկ մտածում եմ՝ հայկական մաքսիմալիզմի ու անասելի շահախնդրության պատճառով քրիստոնյա ենք, թե հեթանոս, հիմա, թե մի քանի հազար տարի առաջ, առաջնորդվել ենք հայտնի ասացվածքի ոգով՝ «Նաղդ «բանը» նիսյա երշիկից լավ է»: Կարո՞ղ է՝ դա է պատճառը, որ մեր տարածքում հայտնաբերված ամենաարժեքավոր պաշտամունքի առարկաներ հանդիսացող գտածոների մեջ իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում ֆալոսի քարակերտ արձանները, գուցե ինչը որ գերադասում ենք, դրան էլ ռա՞ստ ենք գալիս:

Հիմա ի՞նչ, եզրակացություն չանե՞նք մեր պատմական փորձից, թե՞ շարունակենք այս բախտորոշ պահին Սահմանադրություն փոխել ու նաղդը գերադասել: Խոսքս, բնականաբար, իշխանական բուրգի ներսում մնացած առողջ կամ կիսաառողջ հատվածին է ուղղված։

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1425477647724018&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը