Կարծիք

04.06.2014 14:19


Նինա Մարգարյան. «Գրանցե՛ք «Չիրականացված երազանքներ» գրքում»

Նինա Մարգարյան. «Գրանցե՛ք «Չիրականացված երազանքներ» գրքում»

Այսօր Կառավարության պաշտոնական կայքում կարդացի, որ Հովիկ Աբրահամյանը Կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է ներդրումների ներգրավման և այդ գործում դեսպանների դերակատարման վրա:
«Բոլորդ գիտեք, որ մեր դեսպանները Հայաստանի Հանրապետությունում են: Ես հանդիպել եմ իրենց, և մի երկու հարց կա, որոնց վերաբերյալ դեսպանները կառավարության ուշադրությունն են հրավիրում: Խոսքը հետևյալն է. ես իրենց առաջարկել եմ, որ նաև զբաղվեն Հայաստան ներդրումներ ներգրավելով», - ասել է Հ. Աբրահամյանը:
Հետաքրքիր «առաջարկ է», իհարկե, որը, կարծես թե, բարձրաձայնելու կարիք էլ չուներ, քանի որ այդ «առաջարկը» դիվանագիտական աշխատանքում ինքնին ենթադրվում է: Բայց ասածս դա չէ: Ասածս այն է, որ դեսպաններին նման «առաջարկներ» անելուց առաջ պետք է երկրում համապատասխան պայմաններ ստեղծել, որպեսզի երկիրը գրավիչ լինի ներդրողների համար: Այս պայմաններն այսօր ուղղակի չկան, և ինչքան էլ դեսպաններն իրենց «ճղեն», դա ուղղակի անհնար է: Համաձայնե՛ք, որ դժվար թե ինչ-որ մի արտասահմանյան կազմակերպություն ցանկանա ներդրում անել մի երկրում, որի ղեկավարը հակված է գիշերային որոշումներ կայացնելուն և միջազգային թափառաշրջիկությամբ զբաղվելուն, ինչի արդյունքում երկրի հեղինակությունը միջազգային դաշտում հավասարեցվում է 0-ի, իսկ Հայաստանը ճանաչվում է որպես անվստահելի գործընկեր: Պատկերացրե՛ք՝ ինչ-որ մի գործարար, ասենք, ներդրում է անում մի պետության մեջ, որն այսօր պատրաստվում է, ասենք, ԵՄ-ի հետ ասոցացվել, իսկ հաջորդ առավոտ պարզվում է, որ Հայաստանը հանկարծակի որոշել է ՄՄ-ին անդամակցել: Ու այս երկու բևեռների միջև տեղաշարժման համար Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցրած մարդուն ընդամենը հաշված ժամեր են անհրաժեշտ եղել:
Երկրորդը` արտաքին ներդրումներ խրախուսելու համար անհրաժեշտ է վերացնել երկրում տարածված և երկրի գլխավոր օլիգարխի կողմից խրախուսվող «փայմտնոցին» և խայտառակ կոռումպացվածությունը, քանի որ դժվար թե ներդրողների համար հաճելի լինի, օրինակ, այն փաստը, որ մարդն ուզում է ներդրում անի, բայց իրեն ասում են, որ բացի տարբեր տեսակի պետական`օրենքով ամրագրված վճարումներից՝ պետք է «մուծվի», կներեք արտահայտությանս համար, նաև երկրի գլխավոր օլիգարխին և նրա նեղ շրջապատին:
Երրորդ` ներդրումներ խրախուսելու համար անհրաժեշտ է կարգավորել և կարգի բերել հարկային օրենսդրությունը, որպեսզի ներդրողն առաջին մի քանի ամսվա ընթացքում չփակի իր բիզնեսն ու գնա, քանի որ չի կարողացել դիմադրել «հարկային տեռորին»: Առանց այս և էլի մի շարք հանգամանքների՝ պարզապես հնարավոր չէ արտաքին ներդրումներ ներգրավել ՀՀ տնտեսության մեջ:
Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա իշխանությունները վերոնշյալ պայմաններից ոչ մեկը չեն կատարելու, Աբրահամյանի այս հանձնարարությունը կարող ենք գրանցել «Չիրականացված երազանքներ» գրքում:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը