Մեկնաբանություն

04.06.2014 13:05


Ո՞ւմ համար էր Նազարբաևը կարդում Ալիևի նամակը

Ո՞ւմ համար էր Նազարբաևը կարդում Ալիևի նամակը

Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ Աստանայում Նազարբաևի արածը տհաճ էր։ Այո՛, տհաճ էր, բայց դա «օդից» չառաջացավ։ Սարգսյանն ու իր «արևմտամետ» սազանդարները մինչ այդ երկար ճանապարհ են անցել ու ամեն ինչ արել, որպեսզի Հայաստանը հայտնվի տհաճ վիճակում։

Սկզբում «Ֆուտբոլային» դիվանագիտությունն էր։

Թուրքագետ, վերլուծաբան, փորձագետ, արևմտամետ կոչվածները ծափողջույններով ընդունեցին Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը»՝ ձեռքի հետ հայտարարելով, որ Թուրքիայի հետ բաց սահմանը կփակի Ռուսաստանի հետ հարաբերությունները և դուրս կշպրտի ռուսական «սապոգը» Հայաստանից։ Սույն քարոզիչներն, իհարկե, չէին բացատրում, թե ինչու պետք է հայ–թուրքական հարաբերությունների բարելավումն անպայման իրականանա հայ–ռուսական թշնամության հաշվին։ Չէին նշում, քանզի 5–րդ շարասյունն աշխատում է «կլիշեներով», այլ ոչ թե փաստարկներով։

Հայ–թուրքական «մեղրամսի» արդյունքը եղավ այն, որ սահմանը չբացվեց, մեր ու թուրքերի հարաբերություններն է՛լ ավելի լարվեցին, դիվանագիտական հարաբերություններ, բնականաբար, չհաստատվեցին, Հայոց ցեղասպանության հարցը դուրս եկավ միջազգային օրակարգից, Անկարան սկսեց ակտիվորեն միջամտել Ղարաբաղի հարցին, ինչպես նաև Հայաստանում ՌԴ ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգվեց կես դարով։

Հայ–թուրքական «ֆուտբոլից» մարդկանց հիշողության մեջ մնաց նաև այն տհաճ պահը, երբ Ս. Սարգսյանն անբնական հրճվանք ապրեց, երբ մերոնք գոլ «կերան» Թուրքիա–Հայաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ։

«Ֆուտբոլին» հաջորդեց Սերժի «եվրագերազանցիկության» փուլը։ Եվ կրկին նույն սազանդարներն ու «արևմտամետ» մամուլը ծափողջույններով էին ընդունում ԵՄ–ի հետ ասոցացումն այնպես, ինչպես հայ–թուրքական «ֆուտբոլը»։ Մեր բոլոր այն զգուշացումները, որ այդ ամենը լավագույն դեպքում ավարտվելու է Կրեմլի պատերի տակ, անտեսվում էին։

Այդ փուլում, ի դեպ, 5–րդ շարասյունն ավելի լկտի ու սանձարձակ էր գործում։ Թուրք–ադրբեջանական քարոզչամեքենայի կոդերով Բաղրամյան 26–ին կցված «անկախ» մամուլը Հայաստանում այնպիսի հակառուսական հիստերիա էր բարձրացրել, Ղարաբաղը հանձնելու այնպիսի մթնոլորտ էր ստեղծել, որը հավասարարժեք էր թուրքական դիվերսանտների ներխուժմանը Երևան...

«Եվրագերազանցիկության» փուլում նույնպես հայտարարվում էր, թե ԵՄ–ի հետ ասոցացման արդյունքում ՌԴ–ն դուրս է շպրտվելու մեր տարածաշրջանից։ Եվ կրկին չէր բացատրվում, թե ինչու պետք է Հայաստանն Արևմուտքի հետ իր հարաբերությունները բարելավի ՌԴ–ի հետ թշնամացման հաշվին։

«Վերջի բոլշևիկի» արևմտամետությունն, ինչպես հայտնի է, ավարտվեց Մաքսային միություն մտնելու ինքնանվաստացման ակտով և Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդումներ տալու նողկալի գործընթացով։

Ու հիմա, երբ Աստանայում Նազարբաևն ընդամենն արձանագրեց ՀՀ արտաքին «նախաձեռնողականության» հերթական ֆիասկոն, «անկախ» ու «արևմտամետ» հաճախորդները, ինչպես նաև «Գեբելսյան» քարոզչամեքենան («1in.am», «Lragir.am» և այլն) կոկորդիլոսի արցունքներ են սկսել թափել ՀՀ ինքնիշխանության և ԼՂՀ ճակատագրի մասին։ Սրանց մոտ «հայրենասիրության» փուլ է սկսվել։

Սույն «հայրենասերները», որ մինչև նախորդ տարվա սեպտեմբերի 3–ը հիմնավորումներ էին տալիս առ այն, որ պետք է Ղարաբաղը զիջելու գնով ինտեգրվել Արևմուտքին, այսօր կուրծք են ծեծում Ղարաբաղի համար՝ չմոռանալով, իհարկե, իրենց բուն ֆունկցիան՝ «դհոլությունը»։

Պարզվում է, որ Նազարբաևի ասածների համար մեղավոր են բոլորը, բացի Սերժ Սարգսյանից։

«Անկախ» մամուլը տարատեսակ դավադրությունների տեսություններ է հրամցնում, ըստ որոնց՝ Պուտինն ամեն առավոտ զարթնում է ու մտածում, թե ինչպես վնասի Հայաստանին և ինչպես ծախի Ղարաբաղը, իսկ ահա ԱՄՆ–ը, որի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով կոչ են անում հանձնել ազատագրված տարածքները և խոսում Հայաստանի կապիտուլյացիայի մասին, ուզում է փրկել Հայաստանը։

Իրականությունը, սակայն, այն է, որ Հայաստանի ու Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի համար ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ–ն, ո՛չ ԵՄ–ն, ոչ էլ Ղազախստանը մեղավոր չեն։ Ամեն մի պետություն իր շահն ունի և առաջնորդվում է իր շահերով։

Սերժ Սարգսյանի ու նրան կցված «Գեբելսյան» քարոզչամեքենայի համար չկա պետական շահ։ Կա անձնական շահ, որը միշտ խոր հակասության մեջ է պետական շահի հետ։ Նազարբաևը հենց այդ փաստն արձանագրեց Աստանայում։ Նա կարդում էր Ալիևի նամակը ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև «Գեբելսյան» քարոզչամեքենայի համար։ Նաև հայ ժողովրդի համար, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչով է զբաղված Բաղրամյան 26–ը։ Իսկ դա նշանակում է, որ իշխանափոխությունից հետո յուրօրինակ Նյուրնբերգյան դատավարություն պետք է կազմակերպել «անկախ» լրատվամիջոցների ղեկավարների ու այդ լրատվամիջոցներում ներգրավված «մուտիլովչիկների» համար։

Ոչ ոք ու ոչինչ չի մոռացվելու։ «Հայրենասիրությունը» չի կարող ալիբի, իսկ անմեղսունակությունը՝ «ատմազկա» համարվել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը