Քաղաքական

03.06.2014 13:35


Լևոն Զուրաբյան. «Աստանան իշխանությունների դիվանագիտական ձախողումն էր»

Լևոն Զուրաբյան. «Աստանան իշխանությունների դիվանագիտական ձախողումն էր»

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում Հայաստանի իշխանությունների «դիվանագիտական ձախողումն» է համարել Աստանայի վերջին զարգացումները: Զուրաբյանը «անհաջող» է որակել Սերժ Սարգսյանի պարզաբանումները, թե՝ «Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»։

«Իր պնդումներն էլ բավականին անհաջող պնդումներ են: Դիվանագիտական լեզվում պետք է ընտրել այնպիսի արտահայտություններ, որոնք պատշաճ են և՛ մեր ներքին սպառման համար, և՛ նաև հարմար և ընդունելի լինեն միջազգային հանրության համար: Այ դա ինքը չի կարողանում անել, լուծումները չի կարողանում գտնել: Ոչ ոք չի ասում, որ հենց հիմա ինքը պետք է լուծի Ղարաբաղի միջազգային ճանաչման խնդիր: Ամենակարևոր խնդիրը, որ ինքը պետք է լուծի, այն է, որ ինչ ուղղություն էլ ընտրում է Հայաստանը, ինչ միջպետական համագործակցության կազմակերպություններում էլ ընդգրկվում է Հայաստանը, դե ֆակտո վիճակը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև տնտեսական կապը՝ ապրանքների ազատ, անխափան երթևեկությունը և մարդկանց երթևեկությունը և այլն, և այլն, պետք է չվնասվեն և որևէ կերպ հարցականի տակ չդրվեն»,-ասել է Լևոն Զուրաբյանը՝ հավելելով․

«Երբ, այնուամենայնիվ, այդ հարցը ուղիղ եթերում բարձրացնում են իր հետ, ինքը պետք է շատ պարզ պատասխան տար. պետք է ասեր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման համար, որ անկախ նրանից, որ քաղաքական հակամարտության լուծումը դեռ գտնված չէ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի իրավունքներ, համամարդկային իրավունքներ՝ ազատ առևտուր անելու, ազատ երթևեկելու, որ դա հումանիտար հարց է առաջին հերթին, և չի կարող լինել որևէ լուծում, որը կվնասի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքներին: Այ դա մի լեզու է, որն ընդունելի է միջազգային հանրության համար: Չի կարող որևէ երկիր պահանջել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքները սահմանափակող լուծումներ:
Եթե նման հարց դնում են, ուրեմն գլխավոր հարցը, որ պետք է լուծել՝ որ ինչ ուզում է լինի, չպետք է լինի որևէ լուծում, որ կխանգարեր Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացմանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին, իրենց անվտանգությանը, իրենց ազատ տնտեսական զարգացմանը: Եվ Ադրբեջանը, որը, ըստ էության, իր տնտեսական շրջափակման պատճառով սահմանափակել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, իրավունք չունի որևէ պահանջ ներկայացնել միջազգային հանրությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի տնտեսական ազատությունների կամ աշխարհի հետ նրա տնտեսական կապի վերաբերյալ: Եվ Սերժ Սարգսյանը, փաստորեն, բաց թողեց այդ շանսը: Դա իսկը պահն էր, երբ պետք էր խոսել այն վիճակի մասին, որում հայտնվել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»։

Մանրամասները՝ azatutyun.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը