Կարծիք

03.06.2014 12:14


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

Ո՞վ ես դու, ո՛վ «Հայկական աշխարհ»
Կոպիտ հարցադրում է, չեմ ժխտում։ Առավել կոպիտ ու դաժան է այն իրավիճակը, որում հայտնվել է համայն հայությունը, հայոց աշխարհը։ Երբեմնի մեկ մարմին կազմով Հայաստան–Սփյուռք–Արցախ եռամիասնությունն այժմ մի ինչ–որ ամորֆ բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակում է գտնվում։ Ազգային գաղափարախոսությունն էլ ավարտվում է անհատական, շատ դեպքերում՝ նյութական շահի «գաղափարով», կամ էլ մեկ համայնքի շահերով՝ Սփյուռքում, մեկ օլիգարխի տնտեսությամբ՝ ՀՀ–ում, և ոչ ավելի լավ վիճակով ՝ Արցախում։
Հայոց աշխարհ ներկա փուլում մենք չունենք (մեծ սիրով «Հայկական աշխարհ» եզրույթը կօգտագործեի, բայց Տիգրան Սարգսյանից հետո այն ամբողջապես իմաստազրկվել է և չի արտացոլում սկզբնական գաղափարը, որն, ի դեպ, ասեմ՝ բավական խոր քաղաքակրթական չափումների վրա է հիմնված... այստեղ ի՞նչ գրես, երբ միակ գաղափարը, որ իշխում է հայկական աշխարհում, փողն է, վարկի, քաղաքացու գրպանի, Սփյուռքից օգնության տեսքով...)։
Հայոց աշխարհում ամեն ինչ այնքան վատ է, որ մեղավորներ են փնտրում այնտեղ, որտեղ նրանք չկան... Հայոց աշխարհ չի կարող լինել այնտեղ, որտեղ հայը թե՛ Սփյուռքում, թե՛ ՀՀ–ում հայացքը չի հառում պետությանը, քանզի հասկանում է, որ պետությունը «նա» է, ոչ թե բացարձակ արժեք, համայն հայության այն հանգրվանը, որը պետք է ստեղծելու, արարելու նոր հորիզոններ գրավելու համար, կայանալու՝ որպես ազգ, որը հստակ գիտակցում է իր ազգային ինքնությունը, որը նույնականացման խնդիր չունի նմանի հետ, որը հայ է աշխարհի ամեն ծայրում, ոչ թե հայանման «թյուրիմացություն»։
Ո՞վ է հիմա «Հայկական աշխարհը»։ Այ այս հարցին է, որ պետք է պատասխանի համայն հայությունը։ Սփյուռքում, ՀՀ–ում, Արցախում այս հարցին պատասխանելուց հետո ամեն ինչ իր տեղը կընկնի։
Սփյուռքահայերի՝ հայրենիքից նկատվող օտարվածության մեջ մեղավոր է «նա», ի դեպ, Սփյուռքի համար առավել կարևոր Ցեղասպանության հարցն օրակարգից հանելու մեջ էլ է «նա» մեղավոր։
Արցախում աճող ոչ անվտանգ իրավիճակի մեջ էլ է «նա» մեղավոր։ «Նա» լավ կանի՝ աղոթի, որ սեփական ստրկամտության, հոգևոր սնանկության ու անբարո քաղաքական վարքագծի պատճառով Ստեփանակերտի հոսպիտալը և մյուս բոլոր բուժկետերը արտակարգ ռեժիմով չաշխատեն։ Արցախցիները դեռ չեն մոռացել անցյալի վերքերը։
ՀՀ–ի մասին էլ լռեմ։
Արցախում, Սփյուռքում և ՀՀ–ում պետք է հասկանան, որ Հայոց աշխարհը կլինի Հայոց աշխարհ այն դեպքում, երբ նրա «սիրտը»՝ ՀՀ–ն, լինի առողջ ու ուժեղ, իսկ բոլոր մյուս մասերին մատակարարվող «արյունը»՝ մաքուր ու կենսատու։
Մեր միակ փրկությունը «նրանից» ու նրա կեղծ «Հայոց աշխարհից» հրաժարվելն է միասնական՝ Սփյուռք–Հայաստան–Արցախ եռամիասնության շնորհիվ։
Հ. Գ. Մենք՝ հայերս, հաստատ արժանի չենք այս իշխանություններին։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը