Մեկնաբանություն

02.06.2014 23:17


Նազարբաևն ու Ալիևն աշխատում են Հայաստանի օգտին

Նազարբաևն ու Ալիևն աշխատում են Հայաստանի օգտին

Աստանայում տեղի ունեցածը, պարզվում է, տհաճ է եղել Սերժ Սարգսյանի համար, բայց քանի որ նա, ըստ Արմեն Ռուստամյանի ու Էդվարդ Շարմազանովի, «KBH»–շիկ չէ և ԵՏՄ–ն էլ «KBH»–ն չէ, որ անմիջապես արձագանքես, ուստի լուռ է մնացել։

Սերժն, իրոք, «KBH»–շիկ չէ, քանզի ո՛չ ուրախ է, ո՛չ էլ հնարամիտ, թեև իր շուրջը հիմնականում «KBH»–շիկների է հավաքել։

Եթե Սարգսյանին տհաճություն է պատճառել Նազարբաևի ասածները, ապա հայ ժողովրդի ճնշող մեծամասնության համար տհաճ էր Սարգսյանի լռությունը։ Եվ «KBH»–նն այստեղ կապ չունի։

Իհարկե, շատ վատ է, որ Ալիևի նամակի թեման դառնում է քննարկման առարկա նախագահների հանդիպման ժամանակ։ Դա նշանակում է, որ ՀՀ արտգործնախարարությունը «մեխի գլուխի» ֆունկցիա է կատարում ու շատ վատ է պատրաստվում միջպետական հանդիպումներին։ Թեև հանուն արդարության պետք է նշել, որ այդ ամենը գալիս է Սերժ Սարգսյանից։

Գաղտնիք չէ, որ ՀՀԿ ղեկավարին բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ հարցեր են քննարկվում ԵՏՄ շրջանակներում։ Նրան պետք է անպայման ստորագրել այդ միություն մտնելու փաստաթուղթն ու լուծել ՌԴ–ից վարկ ստանալու հարցը։ Ուրիշ ոչինչ նրա աչքին չի երևում։ Նույնիսկ տհաճության զգացողությունը նրան չի նեղում, քանզի արժանապատվության և պետական շահի մասին ուրույն պատկերացումներ ունի։

Այդ իսկ պատճառով էլ Սերժ Սարգսյանը բերանը ջուր առած նստել էր Աստանայում, իսկ երբ եկավ ու հանդիպեց ՀՀԿ ջահելներին՝ հայտարարեց, թե Նազարբաևի ասածները տհաճ էին, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ։

«Մեզ» ասելով՝ Սարգսյանը նկատի ուներ իրեն ու իր նեղ թիմին։ «Վնասի» տակ էլ պետք է հասկանալ վարկ կպցնելու և հետագայում դրանք մսխելու գործընթացը։ Այո՛, այդ առումով Նազարբաևի ասածները վնաս չեն տա Սերժին։

Աստանայում տեղի ունեցածը տհաճ էր մեզ համար, բայց չկա չարիք՝ առանց բարիք։

Ալիևն ու Նազարբաևը, անկախ իրենց կամքից, հերթական մեսիջն ուղարկեցին հայերիս առ այն, որ պետք է փոխել Սերժ Սարգսյանին, այլապես վաղն էլ Ղրղզստանի նախագահը կարող է տհաճ վիճակի մեջ դնել Հայաստանին, իսկ վաղը չէ մյուս օրը՝ ՌԴ քաղաքներից հանդիսացող Սիկտիվկարի քաղաքապետը և այդպես մինչև ռուսական կամ ղազախական որևէ գյուղի կլուբի պահակ։

Այնպես որ Նազարբաևին պետք է շնորհակալություն հայտնել։ Նա ու Ալիևը շոկի ենթարկեցին հայ ժողովրդին՝ մատնացույց անելով, թե ով է Հայաստանի ու Ղարաբաղի թիվ մեկ պրոբլեմը։

Նազարբաևին ու Ալիևին պետք է դրա համար նույնիսկ պարգևատրել «Մարտական էշի» հուշամեդալով։ Քանզի առաջինը ցույց տվեց, թե իրականում ով է Մելիք–Ադամյան փողոցի «տիրակալը», իսկ երկրորդն իր ագահությամբ պարբերաբար է մեզ փրկում Սարգսյանի «նախաձեռնողականությունից»։

Բայց դե դրսի մարդկանց, այն էլ՝ թշնամաբար տրամադրված երկրների ղեկավարների վրա հույս դնելն էլ մի բան չէ։ Սերժին, հետևաբար, պետք է ուղարկել Մելիք–Ադամյան, բայց գործող Սահմանադրության շրջանակներում։ Այնտեղ որքան ուզում է թող հանդիպի ՀՀԿ–ի քառասունն անց երիտասարդներին ու հուժկու հուշեր պատմի Մինսկի, Աստանայի, Կրեմլի պատերի, Կեվորկովի դասերի, Օբամային մոտիկից տեսնելու, Գյուլի կնոջ պատրաստած քյաբաբների ու Պուտինի հետ առերեսվելու մասին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը