Հարցազրույց

02.06.2014 21:35


Շարմազանովը ցիտում է Արմեն Ռուստամյանին

Շարմազանովը ցիտում է Արմեն Ռուստամյանին

Հարցազրույց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

–ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Հայաստանը կա՛մ Ղարաբաղով կմտնի Մաքսային միություն, կա՛մ չի մտնի։ Սա մինչև Ղազախտանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից Իլհամ Ալիևի նամակի ընթերցումն էր։ Դրանից հետո արդեն Սերժ Սարգսյանի հայտարարությունը եղավ, թե ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն, այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում։ Ինչպե՞ս եք այս երկու հայտարարությունները համատեղում։

–Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը և Ղարաբաղը մեկ տնտեսական միասնական տարածք են՝ բոլոր հետևություններով հանդերձ։

–Այսինքն, ենթադրվում է, որ եթե տվյալ կառույցին Հայաստանը միացել է, Ղարաբաղն էլ է միացե՞լ։

–Կա դե յուրե և դե ֆակտո։ Դե յուրե ճանաչվա՞ծ է Ղարաբաղը։ Իսկ դե ֆակտո Հայաստանն ու Ղարաբաղը միասնական տարածք են։

–Մաքսակետ չի՞ դրվի Հայաստանի և ԼՂՀ–ի սահմանին։

–Ինչպես մտել ենք Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ որպես միասնական տարածք, այնպես էլ հիմա՛։ Եվ ՀՀ–ն ԼՂՀ–ի անվտանգության երաշխավորն է։ Անվտանգություն ասելով՝ նկատի չունենք միայն ռազմական, այլ այդ թվում նաև՝ տնտեսական և հումանիտար։

–ԱՀԿ Հայաստանը մտել է Ղարաբաղի՞ հետ միասին։

–ԱՀԿ Հայաստանը մտել է որպես միասնական տնտեսական տարածք։ Ավելին, Մաքսային և Եվրասիական միությունները սահմանների հարց չեն քննարկում։ Սրանք այն միությունները չեն, որ քննարկեն սահմանների, նաև՝ Ղարաբաղի հարցը։ Մաքսային միությունը և Եվրասիական միությունը տնտեսական միություններ են, որտեղ հիմա մնացել է 2-3 տեխնիկական հարց, որոնք վերաբերում են ոչ թե Ղարաբաղին, ոչ թե սահմանակետին, ոչ թե մաքսակետին, այլ բացառապես արտահանմանն ու ներմուծմանը։ Եվ մենք բոլորս պետք է գիտակցենք, որ բանակցային գործընթացը և հրապարակային հայտարարությունները տարբեր բաներ են։ Իմ համար փաստ է բանակցային գործընթացը։ Բանակցային գործընթացում մաքսակետ, սահմանակետ դնելու հարց չկա՛։

–Այդ ամենը Սերժ Սարգսյանը չէ՞ր կարող տեղում հենց Նազարբաևին պատասխանել, այլ ոչ թե գար հասներ Հայաստան, նոր արձագանքեր՝ նշելով, որ Նազարբաևի ասածները տհաճ էին։

–Արմեն Ռուստամյանը շատ ճիշտ պատասխանեց՝ քաղաքականությունը КВН չի, որ ամեն րոպե պատասխան տան։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն ինչ անում է, անում է շատ ճի՛շտ ու հավասարակշռված՝ ի շահ մեր ժողովրդի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը