Կարծիք

02.06.2014 16:12


Մերի Մովսիսյան. «Հայաստանը սահմանադրական փոփոխությունների կարիք չունի»

Մերի Մովսիսյան. «Հայաստանը սահմանադրական փոփոխությունների կարիք չունի»

Արդեն երկրորդ անգամ, բան ու գործս թողած, Սերժ Սարգսյանի շահերի ոչ պաշտոնական պաշտպանն եմ (http://7or.am/am/news/view/69035/) դարձել։ Պատահում է՝ Սարգսյանի կերտած ծուռ հայելիների աշխարհում ամեն ինչ էլ հնարավոր է։ Հիմա անդրադառնամ «պաշտպանյալիս» շահերի ներկայացմանը։ Ճիշտ է, պաշտպանյալս շատ կամակոր է, և ամեն կերպ խուսափելու է մտիկ անել խորհուրդներիս, բայց դե, կհամոզենք, որ մեր մտադրություններն անկեղծ են ու բարի։ Իսկ դրանք իրոք անկեղծ են՝ ի տարբերություն, բոլոր նրանց, ովքեր գտնվում են նրա շրջապատում։ «Դանակավորներին» Սերժ Սարգսյանը պետք է հենց իր շրջապատում փնտրի. դա է ծուռ հայելիների աշխարհի գոյության տրամաբանությունը։
Սույն տարվա ապրիլ ամսին Սերժ Սարգսյանը (ի դեպ, «պաշտպանյալս» շատ տաղանդավոր է. տոկոս է խփում զրոյական լեգիտիմության պայմաններում, օժտված է բլբուլի ու ձկան ունակություններով (Արշակ թագավորի հետ կհամեմատեի, բայց դե, Արշակն ո՜ւր, Սարգսյանն՝ ուր) և այլն, և այլն) Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է հայտարարել է (http://www.president.am/hy/press-release/item/2014/04/10/President-Serzh-Sargsyan-meeting-Commission-on-Constitutional-reforms/). «Եվ ձեր առաջ քննարկումների փուլն սկսելուց առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։
Սերժ Սարգսյանի մասին ստեղծվել է ասող–չանողի, «քցողի», սուտ խոսացողի համբավ։ Հիմա եկել է այն պահը, երբ կարող է ամեն ինչ ուղղել և բոլորին 100–0 անել։ Դրան կարելի է հասնել շատ հեշտ քաղաքական տեխնոլոգիա կիրառելով՝ խոսքը գործ դարձնելով։ Ինչպես վերը նշված հայտարարության մեջ՝ բավարարվել 10 տարվա պետական իշխանության ղեկին գտնվելով ու հեռանալ։ Հավաստիացնում եմ՝ լեգիտիմության ու վարկանիշի խնդիր չի ունենա, ճիշտ է՝ մի քիչ ուշացած, բայց լավ է ուշ, քան երբեք։ Բաղրամյան 26-ի քաղտեխնոլոգների մտքով հաստատ նման բան չէր անցնի. այ մարդ, տեսնես դրանք ինչի՞ համար են վճարվում, կարգին գործ էլ չեն կարում անեն իրենց հաճախորդի համար։ Այստեղ միակ գործոնը, որ խոչընդոտում է Սարգսյանի շահերի ամբողջական իրականացմանը, նրա ուղեղում «բույն դրած» սահմանադրական փոփոխություններն են (ի դեպ, ըստ Մասլոուի բուրգի, հենց այդ փոփոխությունները կարող են առիթ հանդիսանալ նրա առաջնային պահանջմունքների՝ լուրջ սպառնալիքի տակ դրվելուն)։ «Պաշտպանյալիս» շահերն ամբողջապես ու մինիմալ ծախսերով (կարևոր պահ է՝ իմանալով նրա նեոբոլշևիկյան էությունը), ջանքերով ու մաքսիմալ էֆեկտիվ ապահովվում են հենց վերը նշված միջոցի շնորհիվ։

Իսկ հիմա առավել պատկերավոր։ Հայաստանը սահմանադրական փոփոխությունների կարիք չունի, վերարտադրվելու լավագույն ձևը կլիներ երկիրը զարգացման ու բարգավաճման ուղով տանելը (հասկանում եմ՝ քաղաքական գիտակցության պակաս կա, բայց դա կարելի էր հեշտ ու հանգիստ լրացնել նախագահականում առկա մասնագետների շնորհիվ, որոնք, ոնց էլ չլիներ, համապատասխան հմտությունների տիրապետում են)։ Քաղաքական լիդերի համար ամենավտանգավոր քայլը սեփական շահերը ազգային շահերից վեր դասելն է։ Քաղաքական զարգացումները, տվյալ դեպքում՝ սեփական ձախողումների տեսքով, Սերժ Սարգսյանի համար նպաստավոր պայմաններ են ստեղծում հանգիստ, առանց սեփական նյարդերը քայքայելու ու երկիրը ցնցումների տանելու՝ հեռանալ։ Ինչպես ասում են՝ «нет худа без добра» վիճակն է ստեղծվել նախագահի համար. մնում է քաղաքական, չէ, ուղղակի կամք ցուցաբերի ու հեռանա երկրի ՂԵԿԱՎԱՐԻ պաշտոնից՝ առանց վերընտրման հետին մտքերի։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը