Կարծիք

02.06.2014 15:02


Արմեն Հարությունյան. «Փաստորեն, ոչ միայն Աղդամը մերը չի, այլև Ստեփանակե՞րտը»

Արմեն Հարությունյան.  «Փաստորեն, ոչ միայն Աղդամը մերը չի, այլև Ստեփանակե՞րտը»

Շաբաթ օրը Ծաղկաձորում Ս.Սարգսյանն իբր պատասխանեց Աստանայից հետո մի քանի օրում կուտակված բազմաթիվ հարցերի, բայց իրականում ավելի շատ հարցեր առաջացան: Փորձենք հասկանալ, թե ի՞նչ ասվեց Ծաղկաձորում. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, սա միանշանակ է»:

Բայց ինչպե՞ս է Սարգսյանը խոսում ՄՄ մտնելու ապագա ծրագրերի մասին, երբ Աստանայում արդեն հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միությունը, որը սկսելու է գործել 2015-ի հունվարից: Մեր իշխանավորները գլխապատառ քայլեր էին անում և այդ շտապողականությունը բացատրում նրանով, որ ՀՀ-ն ցանկանում է դառնալ ԵՏՄ հիմնադիր անդամ: Լավ, հասկացանք, որ դա չստացվեց, բայց Աստանայում Սարգսյանը հույս հայտնեց, որ գոնե մինչև հունիսի 15-ը կմտնենք ԵՏՄ: Իսկ եթե չմտնենք, ապա ՄՄ էլ չենք կարող մտնել մի պարզ պատճառով՝ որ վերջինս դադարեցնում է իր գործունեությունը: Սա ի՞նչ էր՝ վրիպո՞ւմ: Իկարկե ո՛չ: Ս.Սարգսյանը միայն հանպատրաստից լռում է, իսկ խոսելուն մանրակրկիտ է նախապատրաստվում՝ նախապես սարքած հարցերի պատասխանները տանը հայելու առաջ լավ պարապելով:

Ուղղակի Սարգսյանը խոսեց ՄՄ-ին անդամագրվելու մասին, քանի որ ԵՏՄ-ի պարագայում ոչ միայն մաքսակետ կլինի Հայաստանի ու Ղարաբաղի միջև, այլ նաև օտարի սահմանապահ, քանզի սա արդեն անդամ պետությունների ընդհանուր տնտեսական տիրույթն է, որը պետք է տարանջատվի շրջապատող աշխարհից, որպեսզի անդամ պետությունների համար գործող բարենպաստ ռեժիմը չվտանգվի մաքսանենգ ճանապարհով միության տարածք ներթափանցած ապրանքների պատճառով:

Երկու օր, իհարկե, Աստանայից հետո «սերժակրոնները» փորձեցին բացատրել, թե ԵՏՄ անդամությունը մեր երկու պետությունների միջև սահման չի ենթադրում, բայց խնդիրն այնքան ակնհայտ է, որ նման պարտված պարտիան երկար խաղալն ուղղակի լուրջ չէ: Դրա համար Սարգսյանը Ծաղկաձորում իբր տակից այդկերպ դուրս եկավ, թե՝ ոչ թե խոսում ենք ԵՏՄ մտնելու մասին, որ Ղարաբաղն եք վկայակոչում, այլ ՄՄ:

Լավ, ինչպե՞ս բացատրենք, որ եթե ոմանց մոտ քառասուն օր է, ապա Ազատիչի պարագայում չորս օրն էլ է լրիվ բավարար նրա ասածներն ու արածները բացահայտելու համար:

Ժողովո՛ւրդ ջան, ավելի լավ է՝ հաշվենք, թե քանի օր է հարկավոր Սարգսյանին ճանապարհ դնելու համար, թե չէ, սրա գոյության պարագայում Աստծո տված արևն անգամ մի տեսակ ջերմորեն չի մեզ ջերմացնում: Հասկանալ է պետք վերջապես, որ բնությունն էլ երես կթեքի մեզանից, եթե այս վարակը երկար հանդուրժենք:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1424797487792034&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը