Մեկնաբանություն

02.06.2014 14:33


Ո՞ր հաբն եք ընտրելու՝ կապո՞ւյտը, թե՞ կարմիրը

Ո՞ր հաբն եք ընտրելու՝ կապո՞ւյտը, թե՞ կարմիրը

Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասն «ամեն ինչ» գիտի։ Համատարած «քաղաքագետներ» ու «վերլուծաբաններ» են։ Բացարձակ մեծամասնությունը «հանուն ճշմարտության՝ կզոհի իրեն»։ Էլ չենք խոսում, թե նույն մեծամասնությունն ինչի է պատրաստ հանուն հայրենիքի, Ղարաբաղը՝ ներառյալ։

Բոլորն անխտիր գիտեն «այսպես այլևս հնարավոր չի ապրել» իրականության մեղավորին։ 80%-ը դեմ է։

Համացանցում բոլորը հեղափոխական են։ «Ծախվածներին», «խուրդվածներին», «հաճախորդներին» ոչ միայն անուն առ անուն բոլորը գիտեն, այլև այնպիսի մանրամասներից են տեղյակ, որ թվում է, թե համատարած մոմ բռնող են։

Մի խոսքով, բացարձակ մեծամասնությունն ատում է պնակալեզներին, արհեստական «բազեանմաններին», աթոռապաշտներին, զառամյալ «երիտհաջողակներին», ամեն գնով երիտասարդ մնալու մոլուցքով տառապող զառամյալներին։

Բացարձակ մեծամասնությունը «կուրսի» է իրական արժեքներից։ Նա վճռական է բացարձակ փոքրամասնությանը հեռացնելու հարցում, որովհետև իրականում այսպես այլևս հնարավոր չէ...

Բացարձակ մեծամասնությունը գիտի ու վճռական է... Բայց ... պարադոքս. իրավիճակը նույնն է։ Բավական չէ, որ նույնն է, դեռ մի հատ էլ գնալով վատանում է։ Իսկապես, պարադոքս։

Կանչե՛ք Մորֆեուսին, թող առաջարկի ի՛ր հաբերը։ Գուցե այն ժամանակ վերջապես կվերադառնաք իրականություն կամ էլ հավերժ կմնաք «կախված համակարգչի» կարգավիճակում։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը