Մեկնաբանություն

01.06.2014 14:27


Լայքերով ու ամպհովանի պահելով արվեստ ու գրականություն չի ստեղծվում

Լայքերով ու ամպհովանի պահելով արվեստ ու գրականություն չի ստեղծվում

Մեր օրերում ազգուտակի, «ախպերության» կասկածելի ճաշակի տեր եւ ինտելեկտից ու գիտելիքից մղոններով հեռու քվեարկողների շնորհիվ կարող են տարվա գրող ու գիտնական, կոմպոզիտոր ու գեղանկարիչ, դերասան ու ռեժիսոր հռչակվել ... պարզ է, չէ՞, թե ինչ կարգի «արվեստագետներ»:

Իրենց լուրջ «.am»-ներ համարող կայքեր ժամանակ առ ժամանակ նման քվեարկություններ են կազմակերպում:

Օրերս աչքովս ընկավ այդ կայքերից մեկում մայիսի 26-ից սկսված «Տարվա մարդիկ 2013» մրցանակաբաշխությունը:

Մի թեթեւ ուսումնասիրելուց հետո պարզեցի, որ չորս օրերի ընթացքում ամենաշատ ձայներ ստացել են ամենաապաշնորհ, բայց ամենաամբիցիոզ մարդիկ, որոնց ստեղծածը միջին մակարդակից ցածր մի բան է:

Ինչ-որ գիտնական այնքան շատ ձայներ է հավաքել, որ էն լուսահոգի Վիկտոր Համբարձումյանը եթե կենդանի լիներ, ապա նորից կմեռներ:

Գրողական կասկածելի ձիրքի տեր մեկն այնքան շատ ձայներ է հավաքել, որ եթե Հրանտ Մաթեւոսյանը կենդանի լիներ՝ նորից կմեռներ:

Ինչ-որ մի քանդակագործ, որի անճոռնի-անտաշ բոլշեւիկյան ոճի «նստած» քանդակները ջարդում էին երեւանի փողոցներում, ու ստիպված դրանց մի մասը հավաքեցին տարան «ուտիլ»՝ այս քանդակագործն իր հավաքած ձայներով եռակի գերազանցում է տաղանդավոր Ռոբերտ Էլիբեկյանին:

Մի անհայտ կոմպոզիտոր էլ ահագին առաջ է անցել Տիգրան Մանսուրյանից...

Մի սուտ, նարցիս կինոռեժիսոր էլ, որ նայում է հայելու մեջ ու իրեն Քրիստոս է տեսնում՝ ձայների թվով գերազանցել է շնորհալի մրցակիցներին:

Իսկ երբ տեսնում ես ամենաշատ ձայներ հավաքած «տարվա մեդիա դեմքին»՝ մեդիայից սիրտդ խառնում է:

Լավ, էս ծիծաղելի «մրցանակաբաշխություններով» ի՞նչու են փորձում միջակություններին ու գորշություններին, որոնք ոչ մի արժեքավոր բան չեն ստեղծել՝ հռչակել իբրեւ «Տարվա մարդ»:

Սրանք շատ-շատ կարող են լինել իրենց տան մարդը...Մի քիչ էլ՝ հարեւանների ու ընկեր-ծանոթների...

Ի դեպ, մայիսի 28-ին էլ՝ Հանրապետության օրվա առիթով մի 60 մարդու պարգեւատրեցին...

Երբ հաշվում ես, թե անցած տարիներին քանի-քանիսն են պետական պարգեւներ ստացել, չես կարող զարմանքդ թաքցնել ու չհարցնել. ախր, եթե հարյուր հազարավոր մարդիկ, յուրաքանչյուրն իր բնագավառում այնպես է գործել, որ արժանի է պարգեւատրման եւ պարգեւատրվել է՝ ինչո՞ւ է երկիրը հայտնվել ու շարունակում մնալ, մեղմ ասած, այսքան աննախանձելի վիճակում:

Ինչեւէ, ամպհովանի պահողների հերթը մեծանում է, բայց կհասցնե՞ն պահել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը