Կարծիք

01.06.2014 14:15


Էդվարդ Անտինյան.

Էդվարդ Անտինյան.

ԵԱՏՄ-Ի հետ կնքելու ենք Արցախից տարաանջատվելու անհատական համաձայնագիր

Երեկ Սերժ Սարգսյանը պարզաբանեց Աստանայում կատավածն ու իր դիրքորոշումը ներկայացրեց. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»:

Այո՛, Ղազախստանի նախագահի հստակեցումը տհաճ էր գործող նախագահի համար այն պարզ պատճառով, որ դրանով ցանկացան ի ցույց դնել, որ Ս.Սարգսյանը գիտի, թե ինչ պայմանով է ցանկանում Հայստանը մտցնել Եվրասիական տնտեսական միություն՝ առաց Ղարաբաղի, որ հետո չասի, թե սահմանների հարց չի քննարկվել ու դա ընդգրկված չէ համաձայնագրում: Այսինքն, լավ իմանալով Սարգսյանի վերջին պահին թռնելու բնավորությունը, կամ էլ չքմեղանալը, թե չգիտեր՝ ինչի տակ է ստորագրել, քանի որ ի սկզբանե սահմանների մասին նախապայման չի եղել, ԵԱՏՄ հիմնադիրները զրկեցին գործող նախագահին մանևրելու հնարավորությունից:
Նրանք, ովքեր պնդում են, թե Եվրասիական տնտեսական միություն մտնելով սահմանների հարց չի լուծվում, քանի որ սա տնտեսական միություն է, ուզում եմ փաստել, որ նման կերպ մտածողները տգետ են, ու ինձ համար ամենևին նշանակություն չունի՝ շարքային, թե մեգատգետ:

ԵԱՏՄ ստեղծելու համաձայնագիրն, ըստ էության, այլ կերպ կարելի է կոչել՝ Համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներքին և արտաքին սահմանների մասին: Ու սա չնկատել նույնն է թե. «Իմ իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է քո իրավունքը» անկյունաքարային հիմնադրույթի հարցում ասեն, թե որտե՞ղ եք այստեղ սահմաններ տեսնում՝ մի բառ կա՞ այդ մասին: Այս հիմնադրույթն իր ողջ էությամբ ու տրամաբանությամբ իրավունքի սահմանների մասին է, ու ես ոչ միայն դա եմ տեսնում, այլ նաև՝ այդ սահմանները կանոնակարգող օրենսդրությունն ու անգամ սահմանապահին:
Աբսուրդ է կարծել, թե ԵԱՏՄ արտաքին սահմանների մի հատվածը պահելու են միության կողմից չճանաչված Արցախի դիրքապահները՝ Ադրբեջանից ու Իրանից: Պատահական չնշեցի միայն Արցախը, քանի որ ՀՀ-ից գնացածներն էլ մինչև «արցախցի» չեն դառնում՝ չեն անցնում ծառայության այնտեղ: Նրանց կողքին, անգամ ցանկության դեպքում, չեն կարող կանգնել ՌԴ սահմանապահները, այն պարզ պատճառով, որ սահմաններ գոյություն չունեն, այլ՝ դիրքեր: Երբ դեռ երկու երկրները՝ Արցախն ու Ադրբեջանը, փոխադարձաբար չեն ճանաչել իրար, ու սահմանների դեմարկացիա տեղի չի ունեցել, ի՞նչ սահմանապահի մասին կարող է խոսք գնալ:
Ուստի չէինք կարող լինել ԵԱՏՄ հիմնադիր անդամ, քանի որ մեզ հետ կնքվելու է անհատական համաձայնագիր, որն այլ կերպ կարելի է կոչել՝ Հայաստանի կողմից Ղարաբաղից տարանջատվելու պայմանագիր: Պետք է փաստենք, որ ՀՀ-ն, եթե անգամ հունիսի 15-ին միանա Եվրասիական տնտեսական միությանը, ապա դրանով համաձայնություն է տալիս մինչև 2015-ի հունվարի մեկը ԵԱՏՄ արտաքին սահմանների իր հատվածը տարանջատել «արտաքին աշխարհից», տվյալ դեպքում նաև ԼՂՀ-ից:

Ու եթե Ս.Սարգսյանն ու իր «սազանդարները» փորձում են համոզել, թե Հայաստանը երբեք չի անի այնպիսի քայլ, որով կվնասի Ղարաբաղի շահերին, դրանով միայն փաստում են, որ Սարգսյանից պրծնելու համար Ղարաբաղն անգամ պատրաստ է հրաժարվել Հայաստանից, ու դա իրոք բխում է իր շահերից: Ինչպես ասում են՝ չմեռանք սրան էլ հասկանք, ու սա զինադադարից 20 տարի հետո:
Իրավիճակի ողջ վտանգավորությունն այն է, որ եթե ՀՀ-ն հրաժարվի ԵԱՏՄ մտնելուց, ապա կործանարար ճնշումների տակ է հայտնվելու ու Աստված գիտի, թե դա ինչով կավարտվի ու ինչ ժամկետում: Եթե Ս.Սարգսյանը ստորագրի համաձայնագիրը, ապա ստացվում է, որ բավարարել է Ալիևի պահանջները, որոնք շարադրված էին ԵԱՏՄ հիմնադիր պետությունների ղեկավարներին ուղղված նամակում։
Սիրելի՛ հայրենակիցներ, վտանգված է Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, հանցագործի ինքնությունն էլ բացահայտված, ուստի մեր երկրներին վրա հասած այս պատուհասից՝ Սերժ Սարգսյանից, օր առաջ պետք է ազատվել: Ու անգամ գործը կարող է սահմանադրական հանրաքվեին չհասնել, որպեսզի այդ օրը դարձնենք ռեժիմից ազատվելու վերջնաժամկետ, քանի որ դեպքերն ավելի արագ են զարգանում:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202302982718473

Այս խորագրի վերջին նյութերը