Կարծիք

30.05.2014 12:55


«Սերժ Սարգսյանը դեռ մի բան էլ հանդգնում է Սահմանադրություն փոխել»

«Սերժ Սարգսյանը դեռ մի բան էլ հանդգնում է Սահմանադրություն փոխել»

Կարծում եմ, որ բացի ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի «վկաներից»՝ բոլորն արդեն հասկացան, թե ինչ եղավ երեկ, և թե ինչ ֆունդամենտալ ապտակ ստացավ Հայաստանը Նազարբաևի հայտարարությունից:
Ակնհայտ է, որ Հայաստանին ճնշում են և ստիպում հողեր հանձնել, բայց այդ ճնշումների պատճառը գտնվում է ոչ թե Աստանայում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, և ոչ էլ նույնիսկ Անկարայում կամ Բաքվում: Այդ ճնշումների պատճառը գտնվում է Երևանում, իսկ ավելի կոնկրետ` Բաղրամյան 26-ում:
Մեր երկրի բոլոր խնդիրները, արտաքին և ներքին քաղաքականությունում գրանցած ձախողումները կապված են անձամբ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետ:
Սերժ Սարգսյանը բառիս բուն իմաստով փլատակների վերածեց մեր երկիրը, ռուսների համար մեզ դարձրեց խիստ անվստահելի գործընկեր, Արևմուտքի համար մենք ընդհանրապես գոյություն չունենք, այդ ֆոնին էլ Ադրբեջանը շարունակում է հզորացնել իր ռազմական մեքենան, և այդ ամենի արդյունքում պարզ է, որ մեզ նաև պետք է ճնշեին և ստիպեին հողեր հանձնել:
Իսկ այս ամենի մեջ ամենազզվելին, նողկալին ու անընդունելին այն է, որ այս բոլոր ձախողումներից հետո Սերժ Սարգսյանը դեռ մի բան էլ հանդգնում է Սահմանադրություն փոխել և հիմքեր ստեղծել սեփական հավերժ վերարտադրությունն ապահովելու համար:
Մեր հասարակությունը վերջապես պետք է զարթնի և Սերժ Սարգսյանին հեռացնի իշխանությունից, քանզի այլ պարագայում մենք ուղղակի կդադարենք գոյություն ունենալ որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններ:
Քաղաքական ուժերն էլ արդեն արժե, որ մի կողմ դնեն բոլոր ձևականությունները և լուրջ գործընթաց ձեռնարկեն երկրում իշխանությունը փոխելու համար: Այլ պարագայում ուղղակի կարող է ուշ լինել, և մենք մինչև 2017թ. ուղղակի չենք ձգի:

Արմինե Ամիրյան

Այս խորագրի վերջին նյութերը