Մեկնաբանություն

30.05.2014 11:57


Սերժ Սարգսյանին բերել իր բնական վիճակին

Սերժ Սարգսյանին բերել իր բնական վիճակին

Երեկ Սերժ Սարգսյանի վիճակը Աստանայում միանգամայն բնական էր։ Նա իրեն վստահ է զգում միայն Հանրապետականի համագումարին։

Հայաստանի գործող նախագահը անհարմար դրության մեջ է ընկնում նույնիսկ հեռավոր գյուղի բնակչի՝ իրեն անհաճո հարցադրումից։

Իհա՛րկե, ցավալի էր, իհա՛րկե զզվելու չափ տհաճ էր, երբ Հայաստանի առաջին դեմքը ներկայացողին էդ կարգի «տուպիկ» են մտցնում։ Այն էլ՝ ո՞վ։ Բայց կրկնում եմ՝ դա Սերժ Սարգսյանի բնական վիճակն է։

Նա կարող է խաղացողի դերում լինել միայն իրեն հարազատ միջավայրում՝ գաղջ տիրույթում։ Դրանից դուրս նրա «օդերը փակվում է»։ Բավական է ուժի դրսևորման մի փոքր նշույլ, ու ՀՀԿ առաջնորդը խառնվում է իրար։ Տեղում փուռն է տալիս իր սիրելի վարչապետին, հետ է ֆռռացնում նախապես ծրագրավորած «կուտակայինը», նույնիսկ վարչապետ նշանակելու հարցում չի կողմնորոշվում...

Ու պետք չի անիմաստ մեկնաբանել ու հայհոյել երեկվա տեղի ունեցածը։ Ամեն ինչ հստակ է՝ գաղջ մթնոլորտից դուրս՝ Սերժ Սարգսյանը բացարձակապես անկարող է։ Նրա զենքը գաղջությունն է։ Ու եթե դրսում դա անմիջապես դրսևորվում է, ուրեմն ներսում նույնը պետք է լինի։ Այլապես Հայաստանի վարկի աներկբա անկումը ունենալու է ... ինքներդ եք հասկանում՝ ինչ հետևանքներ։

Այնպես որ, պետք է հանել Սերժ Սարգսյանին գաղջության տիրույթից, բերել նրան իր բնական վիճակին ու փոխել այս անտանելի ու նվաստացնող իրավիճակը։ Հակառակ դեպքում մեր երկիրն է վերջնականապես հայտնվելու «տուպիկում»։

Վախթանգ Մարգարյան

Հ.Գ.։ Համացանցը «տժժում» է երեկ Աստանայում արված մի լուսանկարի վրա՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահներն են, իսկ նրանց հետևից քայլում է Սերժ Սարգսյանը՝ դեմքի անհասկանալի արտահայտությամբ։ Ինչի՞ վրա եք հռհռում, ո՞րն է դրա «կայֆը»։ Ի ցույց բոլորի՝ ասում եք՝ տեսեք, թե ով է Հայաստանի գործող նախագահն, ու ի՞նչ...

Դա՛ է հենց Սերժ Սարգսյանի ուզածը՝ գաղջությունը։

Այս խորագրի վերջին նյութերը