Կարծիք

29.05.2014 11:49


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

Ինչի՞ն է հանգեցրել Սարգսյանի նախաձեռնողականությունը

Երևի թե դժվար հիշեմ պատմության մեջ մի այնպիսի փուլ (բացառությամբ նախորդ դարի առաջին տասնամյակների, չնայած այն ժամանակ գրեթե պետություն էլ չէինք. մի տեղ հասկանալի է), երբ Հայաստան պետությունը միջազգային ասպարեզում ունենար այնքան ցածր վարկանիշ ու վարկաբեկված լիներ, որքան հիմա է։
Եկեք խոստովանենք, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն Ադրբեջանի սիրուն աչքերի համար չշնորհավորեց մայիսի 28-ը։ Հասկանալի է, որ 2013 թվականի ամռանը՝ Հայաստան–ԵՄ «բուռն սիրախաղից» հետո, Ռուսաստանը հետևություններ արեց։ Ու պետք չէ լաչառ կնիկների պես փրփուրը բերանին մեղադրել Ռուսաստանին նրա նման պահվածքի համար։ Ամեն պետություն իր շահերից ելնելով է գործում, այդ մեզ մոտ է, որ ազգային շահը մեկ անձի անվերջ իշխելու շահով է պայմանավորված։
Ճիշտ է, մեզ էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն է շնորհավորել, անգամ այցելել է Սարդարապատ, բայց «կակոյ–տո տամ» դեսպանի շնորհավորանքն ի՞նչ է ՌԴ ղեկավարի շնորհավորանքի առաջ, որը ստացավ Ադրբեջանը, բայց ոչ մենք։
Բացի այդ, Պուտինը նշել է նաև ռազմավարական ամուր գործընկերության մասին ՌԴ ու Ադրբեջանի միջև, որից Բաղրամյան 26-ի բնակիչը լավ կաներ՝ հետևություններ աներ։
Ռուսաստանի համար Հարավային Կովկասը ռազմավարական նշանակության տարածաշրջան է, ու նրա համար, մեծ հաշվով, տարբերությունն այնքան էլ մեծ չէ Հայաստանի ու Ադրբեջանի գործոնների միջև։ Ճիշտ է, քաղաքակրթական և մի շարք այլ հարթություններում մենք լավագույնն ենք նրա համար, բայց պետական շահը մնում է պետական շահ։ Հետևապես, մեղադրել որևէ մեկին մեզ «քցելու», «դավաճանելու» և այլնի մեջ անիմաստ է։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է. եթե մենք թույլ ենք տալիս մեր ռազմավարական դաշնակցին Ադրբեջանում հնարավորություններ փնտրել, ապա դրանում միմիայն մենք ենք մեղավոր։
Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականության մեջ տանուլ է տվել ամեն ինչ և ամեն բան։ Նա նաև տանուլ է տվել ներքաղաքական ոլորտում, որն ինչ–որ կերպ կոմպենսացնել անհնար է, Տալեյրանի արևը վկա։ Իսկ սահմանադրական փոփոխությունները կլինեն վերջին բոլշևիկի վերջին ակորդը։
Հ. Գ. Պատմությունից հետևություններ անել է պետք։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը